Այնզիդելնի աբբայություն

Այնզիդելնի աբբայություն (գերմ.՝ Kloster Einsiedeln), արական բենեդիկտյան վանք Շվեյցարիայի Շվից կանտոնի Այնզիդելն համայնքում։ Շվեյցարիայի տարածքում ամենամեծ ուխտագնացության կենտրոնն է։ Աշխարհականների հոգևոր սպասարկմամբ զբաղվում է Այնզիդելնի տարածքային աբբայությունը։ Վանահոր իրավասության ներքո է գտնվում նաև Ֆարի աբբայությունը, որը Ցյուրիխի մոտ գտնվող 12-րդ դարի առաջին երրորդում հիմնադրված կանանց բենեդիկտյան վանք է։

Վանք

Քարտեզ
Քարտեզ

Աբբայությունը նվիրված է Ճգնավորների Տիրամորը, տիտղոսը բխում է դրա հիմնադրման հանգամանքներից, քանի որ տարածաշրջանի առաջին բնակիչը եղել է ճգնավոր Սուրբ Մեյնրադը։ Այն տարածքային աբբայություն է և, հետևաբար, թեմի մաս չէ, ենթակա է եպիսկոպոսին։ Այն դարեր շարունակ եղել է Սուրբ Հակոբոսի ճանապարհի գլխավոր հանգստավայրը։

Պիոս XI պապը 1934 թվականի մարտի 21-ին իր հարգված Մարիական կերպարին տվել է կանոնական թագադրման հրամանագիր։ Թագադրման արարողությունը կատարել է Միլանի արքեպիսկոպոս, կարդինալ Ալֆրեդո Իլդեֆոնսո Շուստերը։

Պատմություն խմբագրել

 
 

Աբբայության ակունքներում կանգնած է եղել գերմանացի վանական Սուրբ Մեյնրադը (ըստ լեգենդի՝ Հոհենցոլերնների ընտանիքից), ով մենակեցության որոնումների նպատակով[1] նոր վայր է եկել Ռայխենաուի աբբայությունից։ Մեյնրադն իր հետ բերել է Մադոննայի հրաշագործ արձանը, որը սկսել է գրավել ուխտավորներին ճգնավորի ողջ կյանքի ընթացքում։ 10-րդ դարում Մեյնարդի իրավահաջորդներից մեկը՝ Ստրասբուրգցի Էբերհարդը, սրբավայրի շրջակայքում վանք է հիմնել։

Հրաշագործ Մադոննայի արձանն այրվել է 1465 թվականին, հրդեհի ժամանակ, իսկ 1466 թվականին այն փոխարինվել է Ցյուրիխի մայրապետ Հիլդեգարդի կողմից նվիրված մեկ այլ արձանով (որը պահպանվել է մինչ օրս)։ 17-րդ դարից սկսած այս արձանը հայտնի է դարձել որպես «Մարիամ Այնզիդելնցի» կամ «սև մադոննա»[2]։ Սև Մադոննան տեղադրվել է մութ «ապաշխարանքի մատուռի» ներսում (գերմ.՝ Gnadenkapelle)՝ անմիջապես տաճարում։

Ըստ ավանդույթի, Այնզիդելնի մայր տաճարը «խորհրդանշական կերպով օծվել է» 938 թվականին հենց Քրիստոսի և չորս ավետարանիչների կողմից։ 1274 թվականից մինչև Ֆրանսիական հեղափոխությունը կայսերական աբբայությունը կառավարվել է որպես ինքնիշխան իշխանապետություն Սրբազան Հռոմեական կայսրության կազմում։ Միջնադարի վանական շինությունները չեն պահպանվել (այրվել են 1029, 1465, 1509, 1577 թվականներին)։ Գոյություն ունեցող բարոկկո ճարտարապետական անսամբլը կառուցվել է 1674-1735 թվականներին՝ (ճարտարապետներ՝ Կասպար և Յոհան Մուսբրյուգերներ), տաճարի ինտերիերը շքեղ ձևավորվել է ռոկոկո ոճով։ Երբ ֆրանսիացիները 1798 թվականին մտել են Այնզիդելն, նրանք ավերել են մատուռը, սակայն վանականներին հաջողվել է փրկել մասունքները։ Նույն թվականի սեպտեմբերի 17-ին վանքը հայտարարվել է պետական սեփականություն։ 1803 թվականի, այսպես կոչված, միջնորդական ակտի համաձայն, վանքը վերադարձվել է եկեղեցուն և վանականները վերադարձել են վանք։

Ժամանակի ընթացքում Այնզիդելնի աբբայության շուրջ առաջացել է Այնզիդելն քաղաքը, որը 17-րդ դարում դարձել է գերմանալեզու աշխարհի ամենամեծ ուխտագնացության կենտրոնը։ Տարեկան Այնզիդելն է այցելում 150-200 հազար ուխտավոր։ Պարացելսը վանական հողերի բնիկ էր։ Հայտնի ազատատենչ Կազանովան եկել է Այնզիդելն՝ աղոթելու իր անխոհեմ կյանքի փոփոխության համար։ Ուխտավորներից Նապոլեոն III1865 թվականին Մադոննային թանկարժեք ոսկե թագ է նվիրել։ Գերմանական դասական «Սիմպլիցիսիմուս» վեպի էջերում մեկ անգամ չէ, որ հիշատակվում են ուխտագնացությունները դեպի Այնզիդելն։

Աբբայությունն ունի վանական դպրոց (Stiftsschule, ամենահներից մեկը Շվեյցարիայում), Գրիգորյան երգեցողության դպրոց (Choralschule) և գրադարան, որը պարունակում է (ի թիվս այլոց) 1230 հնամյա ձեռագրեր, 1040 սկզբնատիպ գրքեր և պալեոտիպեր։ Ամենաարժեքավոր ձեռագրերից են 10-րդ դարի երգեցողությունները (նոտավորված եկեղեցական երգերով), ինչպես նաև նույն դարի մի ձեռագիր, որը պարունակում է 94 տողանոց բանաստեղծություն շախմատի մասին, որն էլ համարվում է շախմատի մասին առաջին հիշատակումը եվրոպական գրականության մեջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Այստեղից էլ առաջացել է Einsiedelei անվանումը (մեկուսացված կացարան, մենաստան)։
  2. Աստվածածնի և մանկան գլխի սև գույնը պայմանավորված է մոմերով ու ճրագներից առաջացած մրերով, որոնք դարեր շարունակ վառվել են նրանց դիմաց։ 1803 թվականին իրականացված վերականգնման ժամանակ արհեստավորները քանդակը վերադարձրել են բնական «մաշկի» գույնը։ Սակայն այս իրողությունը հարուցել է քաղաքաբնակների և ուխտավորների դժգոհությունը, որից հետո Մադոննան ներկվել է սև (ինչպես «հին արծաթը»)։ Այս մասին տես վանքի ուխտագնացության կայքում։

Գրականություն խմբագրել

  • Moreau (Odile et Richard): D'Einsiedeln à la Salette au fil des siècles : avec les pėlerins comtois sur les pas de la Vierge Marie. L'Harmattan, Paris, 2012.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այնզիդելնի աբբայություն» հոդվածին։