Ամազոնյան վիկտորիա

բույսերի տեսակ
Ամազոնյան վիկտորիա
Ամազոնյան վիկտորիա
Ամազոնյան վիկտորիա
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Nymphaeales
Ընտանիք Հարսնամատազգիներ (Nymphaeaceae)
Ցեղ Վիկտորիա (Victoria)
Տեսակ Ամազոնյան վիկտորիա (V. amazonica)
Միջազգային անվանում
Victoria amazonica

Ամազոնյան վիկտորիան (լատին․՝ Victoria amazonica) մեծ, ջրային տրոպիկական խոտաբույս է[1][2]։ Հանդիպում է աշխարհի ամենաջրառատ գետի՝ Ամազոնի ծանծաղուտներում։ Այն բավականին տարօրինակ և զարմանահրաշ բույս է, որը բաղկացած է ջրի մակերեսին լողացող 1,5-ից մինչև 2,0 մետր տրամագիծ ունեցող 1-2 հսկայական տերևներից, մինչև 2 մետր երկարությամբ տերևակոթունից և հսկայական ծաղիկներից։

Հայտնագործում խմբագրել

 
Ամազոնյան վիկտորիայի ծաղիկը 1851 թվական
 
Ամազոնյան վիկտորիայի ծաղիկը 1851 թվական

Բույսը հայտնաբերել է անգլիացի ճանապարհորդ Ռիչարդ Շոմբբուրգը[3] 1837 թվականին և ի պատիվ Անգլիայի թագուհու այն անվանել է վիկտորիա։ Հետագայում այն անվանվել է արքայական կամ ամազոնյան վիկտորիա։

Բնութագիր խմբագրել

 
Ամազոնյան վիկտորիայի տերևները

Վիկտորիայի կլոր և տաշտականման տերևները ներքևից ծածկված են ուժեղ զարգացած ջլերի ցանցով[1]։ Այն տերևին մեծ ամրություն է տալիս և ունի օդով լցված ամուր հյուսվածքներ, որոնց շնորհիվ տերևը ոչ միայն մնում է ջրի մակերեսին, այլև հեշտությամբ կարող է պահել մինչև 50 կիլոգրամ ծանրություն[4]։ Այսինքն՝ նա իր վրա հեշտությամբ կարող է պահել 14-15 տարեկան երեխա։ Ինչպես պատմում են ճանապարհորդները վիկտորիայի վրա հավաքված ջրում, ինչպես տարրայում, լողանում են զանազան թռչուններ։ Զարմանահրաշ են նրա հսկայական ծաղիկները, դրանց տրամագիծը անցնում է 25-40 սանտիմետրից[2]։ Ծաղկումը տևում է ուղիղ 2 ցերեկ և 2 գիշեր։ Ծաղիկները խիստ բուրումնավետ են, երեկոյան փակվում են և առավոտյան բացվում։ Սպիտակ են՝ կարմրավարդագույն միջնամասով, սակայն ծաղկման հաջորդ օրը բազմազան գունավորում են ստանում՝ մոռագույն կարմիրից մինչև մուգ բոսորագույն։ Երբ միջատների միջոցով տեղի է ունենում ծաղիկների փոշոտումը, դրանք անմիջապես խոնարհվում են, սուզվում ջրի մեջ և այստեղ կազմավորում պտուղը՝ ոլոռի մեծությամբ սև[4], չափազանց համեղ սերմերով։ Այս հրաշալի բույսի տերևակոթունները, տերևների ներքին մակերեսը, ծաղկակիր ցողունները և ծաղկի բաժակաթերթիկները ծածկված են սուր և խիտ փշերով, որպեսզի գետում վխտացող ագահ, բուսակեր ձկները չհոշոտեն դրանք[4]։ Արքայական վիկտորիան խիստ քմահաճ բույս է։ Նա աճում է միայն այնպիսի ջրերում, որոնց ջերմաստիճանը 25-ից չի իջնում 30-ից չի բարձրանում։ Ահա թե ինչու մեր պայմաններում հնարավոր է այս հրաշալի բույսն աճեցնել միայն հատուկ ջերմատներում, որտեղ ջրի ջերմաստիճանը մշտապես պահպանվում է այդ սահմաններում։ Սերմերի հասունացումը տևում է մինչև երկու ամիս։ Վայրի բնության պայմաններում բույսը կարող է ապրել մինչև հինգ տարի[4]։

Տարածում խմբագրել

Ամազոնյան վիկտորիան հանդիպում է Ամազոն գետի ափում, Բրազիլիայում և Բոլիվիայում, ինչպես նաև Գայանա գետում, որը թափվում է Կարիբյան ծովը։ Պարոն Վիլիամ Ջեքսոն Հուկերը կարծում էր, Հարավային Ամերիկայի խաղաղօվկիանոսյան գետի առափնյա շրջանները չեն համապատասխանում բույսի բնական աճման համար, որի պատճառը գետի փոքր-ինչ արագ հոսքն է։

Այլ տեսակ խմբագրել

Հայտնի է վիկտորիայի մեկ այլ տեսակ՝ խաչանման վիկտորիան (Victoria cruciana), որը տարածված է նույնպես Հարավային Ամերիկայում՝ Պարանա գետի ծանծաղուտներում։ Վիկտորիայի այս տեսակը, իհարկե, իր չափերով և շքեղությամբ զիջում է արքայական վիկտորիային։ Այնուամենայնիվ, սա ևս համարվում է բուսական աշխարհի հրաշալիքներից մեկը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Victoria regia
  2. 2,0 2,1 Victoria regia (виктория королевская или виктория амазонская)
  3. Հարությունյան, Լ.Վ՚ (2003). Հետաքրքրաշարժ բուսաբանություն. Երևան: Երևանի Հայբուսակ հրատարակչություն. էջ 45.
  4. 4,0 4,1 4,2 4,3 (չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում) Виктория амазонская или кувшинка Виктория регия (лат. Victoria amazonica) (չաշխատող հղում)(Ստուգված է 8 փետրվարի 2013)(չաշխատող հղում)