Ականաբերդի մելիքական ապարանք

Ականաբերդի մելիքական ավերակներ, գտնվում են Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Ականաբերդ (նախկինում Ումուդլու) գյուղի հյուսիսային մասում՝ Բալի կոչվող լեռան ստորոտում տեղակայված Ականա բերդավանի պարսպափակ միջնաբերդի կենտրոնական մասում[1]։

Ապարանք
Ականաբերդի մելիքական ավերակներ
ԵրկիրԼՂՀ Մարտակետի շրջան
ԵրկիրԱրցախ
Շինության տեսակԱպարանք

Պատմություն խմբագրել

Ականաբերդը (նաև՝ Ականա քաղաք, ավան, Ականակերտ), որպես Արցախի Մեծկվենք գավառի քաղաք, հիշվում է դեռևս վաղ միջնադարից[2], սակայն առավելապես հայտնի է 13-15-րդ դդ. աղբյուրներից, որպես Վերին Խաչենի նշանավոր բերդավան։ Գեղարդավանքի մի արձանագրության մեջ ասվում է, որ Զաքարյան եղբայրները մի շարք բերդերի թվում սելջուկ- թուրքերից ազատագրել են նաև Ականան[3], որն ըստ ուսումնասիրողների տեղի է ունեցել 1206 թվականին[4]։ Այս շրջանում Ականաբերդը Հաթերքի Վախտանգյան իշխանների տիրույթում և հավանաբար նաև նրանց երկրորդ նստավայրը ոչ հեռու գտնվող Հաթերքից հետո։ 1214 թվականին Վախտանգ Բ-ի մահով տոհմաճյուղը սպառվել է Ականան Հաթերք գավառի մի մասի հետ անցել է Իվանե Զաքարյանին ենթակա Ծարի տերերին[5]։ 13-րդ-դարի 40-ական թվականներին Ականան հիշվում է այն բերդերի թվում, որոնք Ներքին Խաչենի Հասան-Ջալալ իշխանը ետ է ստացել Բաթու խանից և մինչև այդ խլված է եղել նրանից վրացիների և թուրքերի կողմից։ Այս առիթով Բ.Ուլուբաբյանը նշել է․ «Ականան պատկանում եր Վերին Խաչենի ճյուղին և այստեղ Հասան Ջալալը պարզապես ներկայացված է որպես ամբողջ Խաչենի գահերեց իշխան»[6]։

Այնուհետև Ականան կրկին նշվում է Ծարի Դոփյանների տիրույթում. ըստ 1289 թվականի մի վիմագրի՝ այն պատկանում էր Դոփյան Գրիգոր Բ իշխանին, 1430 թվականի մեկ այլ խաչքարի արձանագրության մեջ Դոփյան Շանշեի (Շահանշե) որդի Սայտին ներկայանում է Ականայի, Հաթերքի և այլ «տեղեացս տեր և պարոն»։ Ականաբերդի հետագա ճակատագիրը կապված է Դոփյան իշխանատոհմի ճյուղավորման և Ծար-Վերին Խաչենի միասնական իշխանության տրոհման հետ։ Բազմաթիվ տարակարծությունների տեղիք տված այս խնդրի վերջին ուսումնասիրողները համարում են, որ Դոփյան իշխանական տունը 15-րդ դարում բաժանվել է Շահանշենց (կամ Ուլուբեկանց), Աղբուղենց (կամ Այտինեցոնց) և Ջահանշենց միջև, որոնք, իրենց հերթին, հաջորդ դարում մասնատվել ու ճյուղավորվել են, տեր մնալով սակայն երկրամասում նոր ձևավորվող մանրգավառապետական կազմավորումնորում մելիքություններում։

Հետևելով պատմական իրադարձությունների այս ընթացքին, տրամաբանական է ենթադրել, որ վերջին Ականաբերդը ևս, ինչպես Ծարը, Սողքը, Մեծ Մազրան, դարձել է այդ տոհմաճյուղերից մեկի մելիքական աթոռանիստը և որպես այդպիսի մնացել մինչև 16-րդ դարի կեսը, երբ ողջ երկրամասը գրեթե հիմնովին ավերվել ու ամայացել է պարսկա-թուրքական պատերազմների հետևանքով։ Այս պատճառով է, որ հետագայում` հայ մելիքությունները բուռն վերելքի դարաշրջանում Ականաբերդը սակավադեպ է հիշվում, չնայած գտնվում էր Ջրաբերդի հզոր մելիքության տիրույթում։

Այսպիսով կարծում ենք բոլոր հիմքերը կան եզրակացնելու, որ Ականաբերդի ապարանքը 15-րդ կամ 16-րդ դարի առաջին կեսում կառուցել են Դոփյան իշխանական տնից սերված մելիքական տոհմերից մեկի ժառանգորդները՝ որպես իրենց գավառատիրույթի նստոց-կենտրոն։

Ճարտարապետություն խմբագրել

Պարսպափակ ապարանքի ամբողջությունը հատակագծում արևելքից արևմուտք ձգված ուղղանկյուն է (արտաքուստ 13,0 x 24,0), բաղկացած հյուսիսային կողմի չորս իրար կից ու միաշարք, կիսագետնափոր դահլիճից և դրանց հարավային ճակատի երկայնքով ձգվող նախասրահ-միջանցքից (ներքուստ՝ 3,6 x 22,4 մ)։ Միակ արտաքին մուտքը նախասրահի արևմտյան կողմից է, դահլիճներինը՝ ճակատային պատերի եզրամասերում։ Դահլիճներից միջին երկուսը միաչափ են ու ավելի ընդարձակ (ներքուստ՝ 6,3 x 7,0 մ), մուտքերով կապված են միմյանց և արևմտյան դահլիճի հետ, իսկ եզրայինները համեմատաբար նեղ են ու ձգված (ներքուստ՝ 3,7 x 7,0 մ)։ Ապարանքի հարավային պատն ամրացված է երկու եզրային և երկու միջին կիսագլանաձև. բրգանման, փոքր ու հոծ ելուստներով, որոնց միջև նկատելի են ճեղքաձև պատուհանների հետքեր։ Պատերը շարված են կոպտատաշ որձաքարով (հաստությունը՝ 0,8 մ) և ներքուստ սվաղված են եղել կրաշաղախով։ Նրանք մեծ մասամբ պահպանվել են 0,5-2,0մ բարձությամբ, հիմնովին վերված է միայն հյուսիս-արևելյան հատվածը։ Դահլիճների հյուսիսային պատերի կենտրոնական մասերում կան մեկական փոքր որմնախորշեր, որոնց եզրաշարվածքից կարելի է կռահել, որ մուտքային բացվքածքներից այժմ բացակայող եզրամասերը ևս կոպտատաշ են եղել։

Ապարանքի դահլիճների ծածկերը չեն պահպանվել :Սակայն ավերակների հակիրճ նկարագրուտյան մեջ Ս.Բարխուդարյանը նշում է, որ «դրանք թաղածածկ են , ...լուսավորությունն ստացվել է ծածկի կենտրոնից»։ Անվանի վիմագրագետի այս կարևոր տեղեկությունը, անշուշտ, փաստական հիմք ունի և վկայում է, որ ապարանքը ունեցել է քարաշեն ծածկեր։ Ասվածից պարզ է նաև, որ թաղակապ է եղել եզրային դահլիճների ծածկը (հավանաբար նաև` նախասրահը), իսկ կենտրոնական, քառակուսի հիմքով դահլիճներն ունեցել են երդիկվող պսակվող քարակերտ, բրգաձև կամ գմբեթաձև ծածկ։ Վերջիններիս հավանական լուծման մասին կարելի է դատել, Արցախ-Սյունիքի ուշ միջնադարյան աշխարհիկ կառույցներում լայնորեն տարածված] քարաշեն ծածկաձևերից, որոնք քառակուսի հիմքի դեպքում հիմնականում լուծված էին կամ քառանիստ-բրգաձև՝ գոցվող թաղի ձևով, կամ ունեին անկյունային տրոմպների վրա բարձացող ութանիստ- բրգաձև և կիսագնդային-գմբեթաձև տեսք։ Թե այս տարբերակներից որն է կիրառվել Ականաբերդի ապարանքում, դժվար է ասել։ Կարևորն այն է, որ ապարանքի համաչափ ու կուռ հատակաձևով թելադրված ողջ ծավալատարածական հորինվածքի արդյունքում ստեղծվել է պալատական կառույցի թեկուզև պարզ ու հասարակ, բայց և՝ չափազանց ուշագրավ մի տիպ, որն իր սեղմ ու ամրոցակերպ ձևերում կրում է դարաշրջանի անհանգիստ ու տագնապալի քաղաքական իրավիճակի կնիքը։

Ականաբերդի ապարանքը 15-16-րդ դարերից մեզ հասած սակավաթիվ հուշարձաններից է, և դրանով իսկ ուշագրավ, իսկ որպես ուշ միջնադարյան մելիքական ապարանքների նախատիպ։ Իր կայուն ու ամբողջական հատակագծային պահպանվածությամբ, քարակերտ-գմբեթավոր գլխատուն-դահլիճներով ու պաշտպանական կառույցի բնորոշ գծերով ապարանքը կարևոր տեղ ունի Արցախ-Սյունիքի միջնադարյան պալատաշինության պատմության մեջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ս.Ջալալենց, հտ, Բ, էջ 233, Մ. Բարխուտքրեանց, Արցախ, էջ 212, Մ.Յովհաննէսեան, Հայաստանի բերդերը, Վենետիկ, 1970, էջ 450, «Դիվան հայ վիմագրության» , 5, էջ
  2. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան , հտ, 1. Էջ
  3. Գ.Հովսեփյան. Խաղբակյանք կամ Պռոշյանք, մասն Գ .էջ 1։
  4. Մ.Յովհաննէսեան. Հայաստանի բերդերը. Էջ 451 . հմմտ. Ստ.Օրբելյան,Էջ 44
  5. Գ.Հովսեփյան, Խաղբակյանք կամ Պռոշյանք, մասն Ա , Էջ 192 , Բ. Ուլուբայան, Խաչենի իշխանությունը , էջ 790,215,333։
  6. Գ.Հովսեփյան, Խաղբակյանք կամ Պռոշյանք, մասն Ա , Էջ 192, Բ. Ուլուբայան, Խաչենի իշխանությունը, էջ 790,215,333։

Արտաքին հղումներ խմբագրել