Ալմաստ Զաքարյան

հայ գրականագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ալմաստ Գրիգորի Զաքարյան (հունվարի 22, 1923(1923-01-22), Փառակա - հուլիսի 28, 2013(2013-07-28), Երևան, Հայաստան)՝ հայ գրականագետ, գրաքննադատ, բնագրագետ, գրականության պատմաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1973 թվականից, ԽՄԿԿ անդամ 1953 թվականից։

Ալմաստ Զաքարյան
Ծնվել էհունվարի 22, 1923(1923-01-22)
Փառակա
Մահացել էհուլիսի 28, 2013(2013-07-28) (90 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունգրականագետ
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Ալմա մատերՀայկական պետական մանկավարժական համալսարան (1944)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինհայերեն
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն խմբագրել

Ալմաստ Զաքարյանը ծնվել է 1923 թվականի հունվարի 22-ին Նախիջևանի ԻԽՍՀ Օրդուբադի շրջանի Գողթն-Գողթան գավառի Փառակա գյուղում, հողագործ գյուղացու ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղի յոթնամյա դպրոցում, ապա 1937 թվականից այն շարունակել Երևանի մանկավարժական ուսումնարանում։ Այսպես կոչված՝ սպիտակ ֆինների դեմ մղված պատերազմի օրերին՝ 1939 թվականին, մոբիլիզացվել և որպես ուսուցիչ աշխատել է Բասարգեչարի (Վարդենիսի) շրջանի Կարմիր Վանք գյուղում։ 1940 թվականին ընդունվել և 1944 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը։ 1945 թվականի հունվարի 8-ին, իր դասախոսների երաշխավորությամբ, որպես լաբորանտ աշխատանքի է անցել ԳԱԱ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, որտեղ և աշխատում է որպես առաջատար գիտաշխատող։ 1951 թվականին «Սուրեն Սպանդարյանը և գրականության հարցերը» թեմայով պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել բանասիրության թեկնածուի աստիճան։ 1976 թվականին «20-րդ դարի սկզբի հայոց բանաստեղծությունը» թեմայով պաշտպանել է դոկտորական ատենախոսություն և արժանացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ Լայն ու տարողունակ է Ալմաստ Զաքարյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը՝ խորհրդահայ գրականության պատմության ու գրական քննադատության ակունքներից մինչև ժամանակակից գրականության տեսության հարցերը, 20-րդ դարասկզբի հայ գեղարվեստական գրականության զարգացման ընթացքից մինչև Դեմիրճյանի, Բակունցի, Չարենցի, նորագույն շրջանի հայ բանաստեղծների ու արձակագիրների ժառանգության քննությունը։ Այս հարցերին նա նվիրել է հարյուրավոր հոդվածներ, հրապարակումներ, գրախոսություններ, գրքեր[1][2]։ «Եղիշե Չարենց. կյանքը, գործը, ժամանակը» վերնագրով մենագրության երեք հատորներում (Երևան, 1997), (Երևան, 2003), (Երևան, 2008) փաստական-հուշագրական վկայակոչումներով և բանաստեղծական վերլուծությամբ ներկայացվում են Չարենցի կյանքը, գործն ու ժամանակը` ներառյալ 1927 թվականը[3]։

1970-ական թվականներին Զաքարյանը հրատարակել է «XX դարի սկզբի հայոց բանաստեղծությունը (ակունքները և զարգացման ուղիները)» (գ. 1, Երևան, 1973) և «XX դարի սկզբի հայոց բանաստեղծությունը (ակունքները և զարգացման ուղիները). Քնարերգություն» (գ. 2, Երևան, 1977) երկհատորյակը։ Աշխատության մեջ քննվում են XX դարասկզբի հայ բանաստեղծության զարգացման ընթացքը, գեղարվեստական առանձնահատկությունները, ցույց է տրվում, թե դարամուտի պոեզիան, մասնավորապես Հովհհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Միսաք Մեծարենցի, Վահան Տերյանի ստեղծագործությունները ինչ առնչություններ ունեն մեր տոհմիկ ավանդների և համաշխարհային գեղարվեստական մտայնությունների հետ, միաժամանակ բնութագրվում են նրանց որակական նոր կուտակումները, պոեզիայի առանձնահատկությունների քննության ընթացքում վերլուծության նյութ են ծառայում բանաստեղծական առավել բնորոշ երևույթներ[4]։

Երկեր խմբագրել

  • Սուրեն Սպանդարյանը և գրականության հարցերը, Ե., ՀԽՍՀ ԳԱ, 1956, 211 էջ։
  • Սովետահայ գրականության անցած ուղին, Ե., ՀԽՍՀ ԳԱ, 1957, 41 էջ։
  • XX դարի սկզբի հայոց բանաստեղծությունը, Ե., ՀԽՍՀ ԳԱ, 1973, 329 էջ։
  • XX դարի սկզբի հայոց բանաստեղծությունը, գիրք 2, Ե., ՀԽՍՀ ԳԱ, 1977, 440 էջ։
  • Ավանդների ուժը, ժողովածու, 1981։
  • Ազատասիրական գաղափարները հայ հրապարակախոսության մեջ, Երևան, 1820-1920, 1982։
  • Գրական արձագանքներ և հուշեր, Երևան, 1985։
  • Գրականության և պատմության ընթացքները, ժողովածու, Երևան, 1989
  • Եղիշե Չարենց. կյանքը, գործը, ժամանակը, Երևան 1997, 2003, 2008։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ալմաստ Զաքարյանի մասին avproduction.am կայքում(չաշխատող հղում)
  2. Ալմաստ Զաքարյան
  3. Գրական տեղեկատու, Երևան, Սովետական գրող, 1981, 544 էջ, էջ 131։
  4. «Ալմաստ Զաքարյանը հայ գրականության մեջ» (PDF).(չաշխատող հղում)