«Հարավային մշակույթներ» այգի
«Հարավային մշակույթներ» այգի (ռուս.՝ Парк «Южные культуры»), գտնվում է Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի Ադլերի շրջանում՝ Մզիմտա գետի ձախ ափից ոչ հեռու։ Կազմավորվել է 1910 թվականին այգեգործ-դեկորատոր Ա. Է. Ռեգելի նախագծով։
Տեսակ | պուրակ, Ռուսաստանի բնության հուշարձան և Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք |
---|---|
Երկիր | Ռուսաստան[1] |
Վարչատարածք | Ադլերի քաղաքային շրջան |
Պատմություն
խմբագրելԱյգին հիմնադրվել է գեներալ Դանիել Վասիլևիչ Դրաչևսկին իր «Случайное» կալվածքի 11 հեկտար տարածքում 1910-1911 թթ. տաղանդավոր լանդշաֆտային ճարտարապետ Ա. Ռեգեկի նախագծով։ Ճարտարապետը, կանոնավոր տարրեր ներառելով, օգտագործել է ընդարձակ զբոսայգու լանդշաֆտային ոճը, ինչը տարածված ուղղություն էր 19-20-րդ դդ. սկզբին լանդշաֆտային արվեստում։ Այգին տնկվում էր ոչ թե տան մոտ, այլ նրանից հեռու, զբոսայգու խորքում։
Այգու կոմպոզիցիոն կարևոր տարրերից մեկը ճանապարհների և ուղիների ցանցն է։ Այգու հիմնական մուտքի վերին մասում գրեթե ուղիղ ճանապարհ է, մյուսը սկսվում է բակային կողմից։ Երկուսն էլ միավորվում են կենտրոնական ճեմուղում՝ ուղղորդելով դեպի ներքևի մաս։ Ներքևում աստիճանները տանում են դեպի հիմնական ուղի, որը տանում է դեպի ծով և լճակը։
Փոքր ճանապարհներն այգին բաժանում են մեծ ու փոքր ծաղկաթմբերի։ Ծաղկաթմբերում կան տնկիների տարբեր կոմպոզիցիաներ։ Կան փշատերև ծառեր (եղևնի, մայրի, սոճի, նոճի, կրիպտոմերիա ճապոնական և այլն) և սաղարթավոր ծառեր (մագնոլիա, մրտավարդիներ, կամֆորայի ծառեր, ազնվական դափնիներ, սոսիներ և այլն)։
Բաց հրապարակները դարձել են արժեքավոր եզակի ծառեր և թփեր տնկելու վայր (կապույտ, մեքսիկական եղևնի, մայրի ատլասյան, գետնանոճի Լավսոնի, արևային նոճի, կամելիա և այլն)։ Այգում էկզոտիկ անկյուններ են ստեղծում բամբուկի, արմավենիների, պամպասյան թփերը։
Այգին ունի մի քանի կածաններ, այգու տնկարկների տեսքը համալրվում է դեկորատիվ ջրավազաններով։ Այգու հիմնական ծառուղու արևելյան մասում կա արհեստական լճակ՝ կղզիներով և կամուրջներով։ Այգու հիմնական պողոտայի աջ կողմում է գտնվում երկրորդ լճակը։
Ակնհայտ է, որ Ադլերում Դրաչևսկու այգին Ա. Ռիգելը ստեղծել է հեռակա կարգով։ Նրա փոխարեն գործերը ղեկավարել է այգեգործ Ռ. Սկրիվանեկը։ Նա Սոչիի բնակիչ էր, 20-րդ դարի սկզբին եղել է Սոչիի այգիների և գյուղատնտեսության կայանի պետի օգնական։
1920 թվականից այգին հանդիսանում էր «Պատահական» ֆերմերային տնտեսության մի մասը, 1929 թվականին պետական տնտեսությունը և այգին կոչվեցին «Հարավային մշակույթներ»։
1936 թվականից մինչև 1939 թվականն Արևելքի երկրներից պրոֆեսոր Դ. Արցիբաշևի կողմից բերվեցին դեկորատիվ բույսեր, որոնցից մեծ մասը տնկվեցին հարավային շրջաններում։ Արդյունքում, այստեղ կենտրոնացվեցին ԽՍՀՄ-ում դեկորատիվ բուսատեսակների ամենամեծ և եզակի հավաքածուն, ճապոնական բալենին, ճապոնական մատնաձև թխկին, ճապոնական կամելիան, հիբրիդային ալպյան վարդը, բռնչենին և այլ դեկորատիվ ծառատեսակներ։ Այս ծառատեսակները օգտագործվեցին սևծովյան ափամերձ տարածքների այգիների դեկորատիվ բուսական աշխարհի բազմազանությունը մեծացնելու համար։
Վերջին մասսայական տնկումներն այգում իրականացվեցին 1950 թվականին, երբ այստեղ ի հայտ եկան էվկալիպտային ծառուղիներ։ Հետխորհրդային ժամանակահատվածում այգին անխնամ էր թողնվել, որի պատճառով էլ այստեղ առաջացել էր էվկալիպտների ինքնացանքսի եզակի իրավիճակ։ 2-ից 3 տարեկան ծառատեսակները հազիվ են աճում մոշի մացառուտներում, իսկ էվկալիպտների միջավայրում դրանք ավելի նպաստավոր պայմաններում են գտնվում և նորմալ են աճում։
Երկար ժամանակ «Հարավային մշակույթի» այգին գտնվում էր անմխիթար վիճակում, խախտվել էր այգու կառուցվածքային ամբողջականությունը, ստորերկրյա ջրերի բարձր մակարդակը դանդաղեցնում էր էկզոտիկ բուսատեսակների աճը, դրանք ժամկետից շուտ ծերանում էին և շարքից դուրս գալիս։ «Հարավային մշակույթի» պուրակը մեծապես տուժել է տարերային աղետներից, նրա տարածքով 1980-ականների վերջին և 2000-ականների սկզբին անցած մրրկահողմերից[2]։ Չնայած նշանավոր պուրակի վիճակին 2008 թվականին այնտեղ այցելել են 10000 մարդ։
2008 թվականի նոյեմբերին սկսվեց «Հարավային մշակույթ» պուրակի վերակառուցումը, որի նախագիծը հաշվարկված էր 1.5 տարվա համար։ Կատարվեց արահետների և ծառուղիների մաքրում ընկած ծառերից ու ինքնացանքսի հետևանքներից, վերակառուցվեց տնկանյութի ջերմոցը, տեղադրվեցին նստարաններ։ Պուրակում տնկվեցին շուրջ 200 խոշոր մագնոլիաներ, նոճիներ, սոճիներ, դափնեվարդեր, 560 վարդի թփեր, ավելի քան 750-800 ամառնաբույսեր։ Վերակառուցումն իրականացվեց Ա. Ռեգելի նախագծին խստորեն համապատասխան[3]։
Սակայն նույնիսկ կատարված զգալի աշխատանքները չօգնեցին պուրակին գոյատևել և մի քանի տարի անց վիճակն ավելի վատացավ։ Երկու տարի աշխատողներին աշխատավարձ չվճարեցին, որի պատճառով էլ նրանք հացադուլ հայտարարեցին։ Սկանդալը հասավ մինչև Մոսկվա և միայն դրանից հետո «Հարավային մշակույթին» անհրաժեշտ ուշադրություն դարձվեց, մարվեցին բոլոր պարտքերը և տեղափոխեցին Սոչիի ազգային պուրակի տրամադրության ներքո։ 2016 թվականին պուրակը երկրորդ ծնունդը ապրեց, ոչ թե փաստաթղթով, այլ իրական կյանքում։ Այստեղ իրականացվեց իսկապես խոշորամասշտաբ վերակառուցում[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ Сочинский дендрарий и его рязанский основатель (парк Дендрарий, парк Ривьера, парк имени Фрунзе, парк Южные культуры)//История, культура и традиции Рязанского края
- ↑ «Анна Мартынова. В дендрологическом парке «Южные культуры» началась масштабная реконструкция//Новости Сочи». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Daily-sochi.ru Парк Южные Культуры в Сочи (Русский). — 2016.
Արտաքին հղումներ
խմբագրել- Официальный сайт парка Южные культуры Արխիվացված 2020-06-23 Wayback Machine
- виртуальный тур парка Южные культуры
- 9 жизней парка «Южные культуры» в Адлере
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել «Հարավային մշակույթներ» այգի կատեգորիայում։ |