«Հայ գիրք» շտեմարան, Հայաստանի ազգային գրադարանի էլեկտրոնային համահավաք շտեմարան։ Ստեղծվել է 2012 թվականին։ Նպատակ ունի ամբողջական թվային ձևաչափով ներկայացնելու հայ գրքի պատմությունը, գրքերի բովանդակությունը հանրահասանելի դարձնելու՝ այսպիսով նպաստելու հայատառ տպագիր ժառանգության, տպագիր արտադրանքի պահպանմանն ու հարստացմանը։

«Հայ գիրք» շտեմարան
Изображение логотипа
haygirk.nla.am
ԵրկիրՀայաստան
Շտաբ կայանԵրևան
Լեզուհայերեն
ՍեփականատերՀայաստանի ազգային գրադարան
Բացված2012

Տպագիր հավաքածուի թվային փոխակերպումը՝ ՀԱԳ-ի առաքելություն խմբագրել

Հայաստանի ազգային գրադարանի առաքելություններից մեկը ազգային մշակութային ժառանգության պահպանությունն ու հանրահռչակումն է, ազգային մշակութային ժառանգության հանրահասանելիության ապահովումը ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Գրադարանի ռազմավարական կարևորագույն թիրախներից մեկը տպագիր հավաքածուի թվային փոխակերպումն է՝ ազգային տպագիր ժառանգության թվայնացումը, մշակումը, թվանշայնացումը, թվային պատճենների արխիվացումը, համապատասխան շտեմարաններում դրանց տեղադրումը և հանրությանը հասանելիության ապահովումը։ Ազգային  տպագիր ժառանգության ամենածավալուն հավաքածուները հայ գրքի և հայ մամուլի շտեմարաններն են, և դրանց ամենամեծ քանակները պահպանվում են Հայաստանի ազգային գրադարանում։

ՀՀ փաստագրական ժառանգության պահպանության կարևորությունն ու  առաջնահերթությունը նկատի առնելով՝ Կառավարությունը 2014 թ. գերակա խնդիրների ցանկում ներառել է Հայկական ժառանգության էլեկտրոնային համահավաք «Հայ պարբերական մամուլ» և «Հայ գիրք» շտեմարանների ձևավորումը[1][2]։

Հայ գրքի ստեղծում խմբագրել

Հայերեն առաջին գիրքը՝ «Ուրբաթագիրք»-ը,  տպագրվել 1512 թ. Վենետիկում։ 16-րդ դարում հրատարակվել է 17 հայերեն գիրք. Վենետիկում՝ 8 գիրք, Կ.Պոլսում՝ 6 գիրք, Հռոմում՝ 3 գիրք, նույն հարյուրամյակում հրատարակվել է հայերեն հատվածներ պարունակող 16 այլալեզու գիրք։

17-րդ դարում հայ գրատպության աշխարհագրությունը ընդլայնվել է,  որակական նոր փուլ է մտել գրատպության արվեստը։ Սկսվում է հայ գրքի տպագրության չընդհատվող, շարունակական ժամանակաշրջանը։ 17-րդ դարում տպագրվել է 165 անուն հայերեն գիրք։ Հայ գրքի տպագրության կենտրոններ են դարձել Հռոմը, Վենետիկը, Ամստերդամը, Լվովը, Փարիզը, Մարսելը, Նոր Ջուղան, Կ. ՊոլիսըԼիվոռնոն, Զմյուռնիան, Լայպցիգը, Սուչավան, Պադուան և այլ քաղաքներ։ Ի տարբերություն նախորդ նախորդող ժամանակաշրջանի` 17-րդ դարը աչքի է ընկնում տպագրված գրքերի առատությամբ և տպագրության բարձր որակով։

18-րդ, իսկ ավելի ուշ 19-րդ դարից գրատպության արվեստը մտել է ժողովրդի առօրյայի մեջ, դարձել պահանջված հասարակության տարբեր խավերի կողմից։ Զարգացման այս միտումը շարունակվել է նաև 20-րդ դարում` ընդգծելով գրքի արժեքը մեր իրականության մեջ։ 19-րդ դարում աշխարհի տարբեր ծագերում տպագրվել է մոտ 9200 հայերեն կամ հայերեն ելից տվյալներ պարունակող գիրք, 20-րդ դարում այդ թիվը հասել է շուրջ 80.000–ի։

Հայ գրքի մատենագիտության պատմություն խմբագրել

Հայ գրքի մատենագիտության պատմությունը 19-րդ դարում թևակոխել է նոր գիտական փուլ. մատենագիտական ցանկերը կազմվել են որոշակի վերլուծություններով։ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Իգնատիոս Փափազյանը կազմել է 1565–1800 թթ. տպագրված հայերեն գրքերի ցուցակ, որը մնացել է անտիպ, բայց անտիպ այս աշխատանքը դարձել է Գարեգին Զարբհանալյանի «Հայկական մատենագիտություն» գրքի հիմքը։ Այսպես սկզբնավորվել է հայ տպագիր գրքի մատենագիտության պատմությունը, որը հետագա տասնամյակներում հսկայական առաջընթաց է ունեցել։ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամները պարբերաբար տպագրել են մատենագիտական ցանկեր, որոնցում ներկայացրել են միաբանության գրքային հավաքածուները։

Հայ գրքի մատենագիտության պատմությունը որակական նոր փուլ է մտել 1940-ական թվականներին, երբ Ալ. Մյասնիկյանի անվան հանրապետական գրադարանում ձեռնամուխ են եղել հայ գրքի ամբողջական մատենագիտության կազմման աշխատանքներին[3]։ Այդ աշխատանքները պետական հոգածության ներքո էին։ 

1958 թ. գրադարանում բացվել է Հայ գրքի մատենագիտության բաժինը, գրադարանի գիտխորհրդին ներկայացվել են գրքի կազմման հայեցակարգը, ծրագիրը։ Լուրջ քննարկումների նյութ էին նախատեսվող մատենագիտության կառուցվածքի, գրքերի նկարագրության հարցերը։

1988 թ. լույս տեսավ Հայ գրքի ամբողջական մատենագիտության առաջին հատորը, որն ընդգրկում է 1512-1800 թթ[4]. աշխարհի տարբեր ծագերում հրատարակված գրքերի գրառումները։ Շարունակաբար լույս են տեսել հայ գրքի ընդհանրական մատենագիտության վեց հատորները, որոնց հիման վրա է ձևավորվել «Հայ գիրք» շտեմարանը։

Բովանդակություն խմբագրել

«Հայ գիրք» շտեմարանը ներառում է 1512 թվականից մինչև մեր օրերը աշխարհի տարբեր ծագերում տպագրված հայերեն, հայատառ, ինչպես նաև հայերեն ելից տվյալներ պարունակող հայկական բովանդակությամբ, և հայերեն ելից տվյալներ պարունակող ու հայ հեղինակների կողմից ստեղծված այլալեզու գրքերը։ Շտեմարանում տեղ են գտել նաև երկլեզվյան ու բազմալեզվյան այն հրատարակությունները, որոնց բնագրի լեզուներից մեկը հայերենն է /ատլաս, կատալոգ, պատկերագիրք, բառարան/, ինչպես նաև 1512-1800թթ. հրատարակված քարտեզները, հմայիլները, պարբերականները և հայատառ հատվածներ պարունակող այլալեզու հրատարակությունները։

Նպատակ խմբագրել

«Հայ գիրք» շտեմարանը նպատակ ունի

  • ամբողջական ներկայացնելու հայ գրքի պատմությունը,
  • տեսանելի դարձնելու տպագրության պատմության հարցականները և օրինաչափ զարգացման պատկերը,
  • բացահայտելու մինչ այժմ անհայտ և համահավաք գրացուցակներում չըներառված հրատարակությունները,
  • հավաքելու աշխարհով մեկ սփռված հայերեն և հայերեն հատվածներ պարունակող հրատարակությունները,
  • քարտեզագրելու աշխարհասփյուռ գրքերի աշխարհագրական տարածքները` նշելով յուրաքանչյուր միավորի պահման վայրը, ֆիզիկական վիճակը,  
  • թվայնացնելու գրքերը՝ պահպանելով հեղինակային իրավունքի նորմերը,
  • հասանելի դարձնելու գրքերը և մամուլը՝ ընթերցողական լայն լսարան ունենալու համար,
  • իրականացնելու գրքերի երկարաժամկետ պահպանությունը և թվային պատճեններով դրանց սպասարկումը,
  • գրադարանը մոտեցնելու օգտվողին՝ շուրջօրյա ռեժիմով ապահովելով առցանց գրադարանների արագ և որակյալ սպասարկումը։

Կառուցվածք խմբագրել

Շտեմարանը կառուցված է հետևյալ սկզբունքով. մատենագիտական յուրաքանչյուր գրառմանը կցվում է թվային պատճենը՝ առցանց ընթերցելու, բեռնաթափելու համար։ Նկարագրված գրքի գրառումը հնարավորություն է տալիս ամփոփ տեղեկատվություն ստանալ գրքի ստեղծման, վայրի, տարեթվի, ստեղծողի, պատասխանատուների մասին։ Մատենագիտական գրառման մեջ կարևորվում են բոլոր այն լրացուցիչ տեղեկությունները, որոնք հնարավորինս կդյուրացնեն գիրքն ուսումնասիրելու և ընկալելու ընթերցողական պահանջները։


Գրքերի թվայնացման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի ազգային գրադարանում, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանում, աշխատանքներին մասնակցում են նաև համայնքային և մարզային գրադարանները, մշակութային, հոգևոր հաստատություններ՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Մատենադարանը, Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանության մատենադարանները, Խնկո–Ապոր անվան ազգային մանկական, Գիտատեխնիկական, Գիտաբժշկական գրադարանները, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը՝ Մատենադարանը, Գրականության և արվեստի թանգարանը, ԵՊՀ և մյուս բուհական գրադարանները, ինչպես նաև անհատներ Հայաստանից և արտերկրից։ Շտեմարանում թվային տարբերակները տեղադրվում են pdf ձևաչափով։

Հայ գիրք շտեմարանը հասանելի է այստեղ։ Շտեմարանի ստեղծման հեղինակային իրավունքը պատկանում է ՀԱԳ-ին և օգտագործելիս հղումը պարտադիր է։

Օգտագործված գրականության ցանկ խմբագրել

  • Դանիէլեան Ժիրայր։ Բանասիրութեան բաւիղներուն մէջ, Երևան, Մուղնի, 2011, 630 էջ
  • Զարգարյան Տ.,Ղազարյան Հ., Գրիգորյան Մ.,  Հայ տպագիր ժառանգությունը պատմության հոլովույթում, Կաճառ, 2017, թ. էջ 459-470
  • Տէր-Խաչատուրեան Ա.,Հայ մամուլի մատենագիտական գործեր, Պէյրութ, 2014. - 693 էջ
  • Տէր-Խաչատուրեան Ա.,Հայ գիրքի մատենագիտական գործեր, Պէյրութ, 2014, 420 էջ
  • Իշխանյան Ռ., Հայ գրքի պատմություն, Ե. 2012
  • Լևոնյան Գ., Հայ գիրքը և տպագրության արվեստը, Ե., 1958

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.e-gov.am/u_files/file/decrees/kar/2014/01/h210.pdf
  2. «ԻՐՏԵԿ - Իրավական տեղեկատվական կենտրոն». www.irtek.am. Վերցված է 2024 թ․ ապրիլի 3-ին.
  3. Կորկոտյան, Քնարիկ (1964). «Հայ տպագիր գիրքը Կոնստանդնուպոլսում (1567-1850թթ.)» (PDF).
  4. «Հայ գիրքը 1512-1800 թվականներին. Հայ հնատիպ գրքի մատենագիտություն». 1988.