Lichess (արտասանվում է «լիչես», Լսել /liː-tʃes/[3]), համացանցային շախմատային սերվեր (lichess.org կայք), որը ստեղծել է ֆրանսիացի ծրագրավորող Տիբո Դյուպլեսին (ֆր.՝ Thibault Duplessis)։ Սերվերում օգտագործվող ծրագրային ապահովումը բաց աղբյուր է և տարածվում է AGPL ազատ լիցենզիայով[4]։

Lichess
Изображение логотипа
lichess.org(անգլ.)
Տեսակկայք, համակարգչային շախմատ, ազատ ծրագրային ապահովում, առցանց շախմատ խաղալու կայք և առցանց համայնք
Գրանցումոչ պարտադիր,
անվճար
Լեզու80[1]
ՍեփականատերՏիբո Դյուպլեսի
ՀեղինակՏիբո Դյուպլեսի
Բացվածհունիս 2010[2]
Ընթացիկ կարգավիճակգործող և զարգացող
Եկամուտչկա
 Lichess Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Կայքի հիմնական գործառույթը առցանց կամ նամակագրությամբ այլ խաղացողների դեմ տարբեր ժամակարգերով շախմատ խաղալն է[5][6]։ Կայքն ամբողջովին անվճար է և չի պարունակում որևէ գովազդ։ Գրանցված օգտվողների խաղացած բոլոր պարտիաները պահվում են սերվերում` տրամադրելով վիճակագրական տեղեկություններ և դրանց մեջ որոնելու հնարավորություն։ Պարտիաները կարող են ինչպես չազդել խաղացողի վարկանիշի վրա, այնպես էլ լինել վարկանիշային (ընտրվում է օգտագործողի կողմից)։ Վերջիններն օգտագործվում են խաղացողի վարկանիշը հաշվարկելու համար՝ հաշվի առնելով պարտիային հատկացվող խաղաժամանակը (բուլլիտ, կայծակնային, արագ, դասական շախմատ, անսահմանափակ ժամանակ)։ Բոլոր պարտիաները վերլուծելու համար հնարավոր է օգտագործվել Stockfish շախմատային շարժիչը[7]։ Բացի իրական մարդկանց հետ պարտիաներից, օգտվողները կարող են խաղալ նաև համակարգչի դեմ (այդ թվում՝ որևէ դիրքից սկսած)։

Lichess-ը լայն հնարավորություններ է ընձեռում բարելավելու խաղի մարտավարական բաղադրիչը (մատով ավարտվող շախմատային խնդիրների լուծում, լավագույն քայլի որոշում), ամրապնդելու շախմատային նշագրության իմացությունը և մարզելու սկզբնախաղային գիտելիքները[8][9]։ Ստանդարտ շախմատի տարբեր ժամանակների ընտրությունից բացի, կայքը նաև հնարավորություն է տալիս խաղալու շախմատի հետևյալ տարատեսակները[10][11].

  • Շախմատ-960 (Ֆիշերի շախմատ),
  • Արքան կենտրոնում (Լեռան արքա, King of the Hill)[12],
  • Շախմատային զիջախաղ (հակաշախմատ),
  • Ատոմային շախմատ,
  • Crazyhouse,
  • Երեք շախ (Three-check chess),
  • Հորդային շախմատ («հորդա» բառից)՝ Դանսենիի շախմատի տարատեսակ (Dunsany’s chess)։ Այս դեպքում Lichess-ի առաջարկած տարբերակը ստանդարտ հորդային շախմատից փոքր-ինչ տարբերվում է, և այլն։

Lichess-ը թույլ է տալիս անցկացնել միաժամանակյա խաղաշարեր, խաղալ «կույր» շախմատ, դիտել այլ խաղացողների պարտիաներ՝ LichessTV-ով (օգտագործելով հենց Lichess-ի ինտերֆեյսը կամ այն խաղացողների տեսաալիքները, որոնք հեռարձակում և մեկնաբանում են իրենց պարտիաները twitch-ով կամ youtube-ով)։ Կայքում կան ֆորում, տեսադարան, տախտակի խմբագրիչ։ Կայքի ֆորումում կարելի է ստեղծել թիմեր ըստ հետաքրքրությունների։

Lichess-ը կույր կամ թույլ տեսնող մարդկանց հնարավորություն է տալիս շախմատ խաղալ[13]։ Կայքում գրանցվելու համար ստանդարտ CAPTCHA-ի փոխարեն անհրաժեշտ է լուծել շախմատային պարզ խնդիր (որպես կանոն՝ մատ 1 քայլից)[14][15]։ 2015 թվականի փետրվարի 11-ին թողարկվել է «Անդրոիդ» սարքերի համար պաշտոնական բջջային հավելվածը[10]։ IOS-ի համար ծրագիրը թողարկվել է 2015 թվականի մարտի 4-ին[16]։

Lichess-ի առանձնահատկությունը գովազդից լիակատար ազատության քաղաքականությունն է (անվանման li- նախածանցը անգլերեն libre (ազատ), live (ուղիղ, կենդանի), light (թեթև), lila[17] (բաց ծրագրային կոդ) բառերից է)՝ ամսական, շաբաթական և նույնիսկ օրական պարբերականությամբ անընդմեջ շարունակվող նոր գործառույթների մշակմամբ և իրականացմամբ։ Ծախսերի ծածկումն ապահովվում է կամավոր նվիրատվությունների շնորհիվ և Lichess-ի ստեղծողի աշխատավարձից (առկա հինգ սերվերներից երեքը վճարվում են նվիրատվություններից, մնացած երկուսը` ստեղծող Տիբո Դյուպլեսիի սեփական միջոցներից)։ Lichess-ի մշակումն ու աջակցությունը հեղինակի հոբբին է (որը ՏՏ ոլորտում լավ վարձատրվող հիմնական աշխատանք ունի)։ Նա կտրականապես դեմ է կայքում վճարովի տարրեր ավելացնելուն, իսկ սեփական գրպանից ամսական ծախսերը (մոտ 170 ԱՄՆ դոլար) համարում է միանգամայն ընդունելի վճար հաճույք ստանալու դիմաց[18]։

2020 թվականի սեպտեմբերի 15-ի դրությամբ, lichess.org-ը Alexa-ի համաշխարհային վարկանիշում 1307-րդ տեղում էր։ Այցելուների մեծ մասը ԱՄՆ-ից, Հնդկաստանից և Գերմանիայից է[19]։ Նույն ամսվա դրությամբ Lichess-ն աշխարհում երկրորդ ամենահայտնի շախմատային կայքն է (chess.com-ից հետո)[20]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Contributing • lichess.org». lichess.org. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  2. How old is lichess?
  3. «How do you pronounce Lichess?». lichess.org. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 26-ին.
  4. Duplessis, Thibault. «LICENSE». GitHub. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
  5. Козлов, Алексей (2014 թ․ հուլիսի 21). «Сайт дня: Lichess.org — чёрное и белое онлайн». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 20-ին.
  6. Rini, Giorgio (2010 թ․ նոյեմբերի 30). «Giocare a scacchi su internet con Lichess». Nanopress. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 14-ին.
  7. Baweja, Tehseen (2010 թ․ նոյեմբերի 25). «Lichess: Play Online Chess Game Against Computer or Others». MakeUseOf. Վերցված է 2015 թ․ ապրիլի 25-ին.
  8. Clarke, James (2014 թ․ հունիսի 4). «How training puzzles are generated».
  9. Duplessis, Thibault (2015 թ․ հունվարի 12). «Atomic Chess! And more».
  10. 10,0 10,1 Duplessis, Thibault (2014 թ․ փետրվարի 11). «The Mobile App is ready!».
  11. Patkar, Mihir (31 July 2015). «10 Free Two Player Games You Can Play In Your Browser».
  12. «King of the Hill • Bring your King to the center to win the game. • lichess.org». lichess.org. Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
  13. Torres, JC (2014 թ․ հունիսի 23). «Lichess embraces blind players with new chess site features». Slashgear. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 14-ին.
  14. Leyden, John (2013 թ․ մարտի 14). «We shall CRUSH you, puny ROBOT... with CHESS». The Register. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.
  15. Carter, Grey (2013 թ․ մարտի 14). «Sick of Captchas? How About Chess Puzzles?». The Escapist. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.
  16. Duplessis, Thibault (2015 թ․ մարտի 4). «Mobile app: iOS edition». Վերցված է 2015 թ․ օգոստոսի 14-ին.
  17. «Frequently Asked Questions • lichess.org». lichess.org. Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
  18. Duplessis, Thibault (2014 թ․ հուլիսի 2). «Why is lichess free?». Վերցված է 2015 թ․ օգոստոսի 14-ին.
  19. «lichess.org Site Overview». Alexa Internet. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 15-ին.
  20. «Chess Links and Websites». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Lichess» հոդվածին։