1946-1948թթ. Խորհրդային Միությունը կազմակերպեց և իրականացրեց արտասահմանում ապրող շուրջ 90 000 սփյուռքահայերի տեղափոխությունը Խորհրդային Հայաստան։ Այս երևույթը ստացավ «Մեծ Հայրենադարձություն» անվանումը։

Հայերի հայրենադարձությունը թույլ տալու մասին ԽՍՀՄ ԺողԿոմԽորհի որոշումը(հայերեն թարգմանությունը՝ ստորև)։ Ի նշանավորումն Հայաստանում սովետակն իշխանության հաստատման 25 ամյակի, ՍՍՀ Միության Ժողովրդական Կոմիսարների խորհուրդը ՈՐՈՇՈՒՄ Է 1. Նկատի առնելով արտասահմանում ապրող հայերի՝ հայրենիք՝ Սովետական Հայաստան վերդառնալու թույլտվության մասին դիմումները և Հայկական ԽՍՀ ղեկավարող մարմինների միջնորդությունը, թույլատրել Հայկական ԽՍՀ Ժողովրդական Կոմիսարների Խորհրդին կազմակերպել արտասահմանյան երկրներում ապրող, ցանկություն հայտնող հայերի վերադարձը։
2. Ընդունել Հայկական ԽՍՀ կառավարության՝ ՀԽՍՀ ԺողԿոմԽորհին կից ներգաղթող հայերի ընդուման և տեղավորման Կոմիտեի ստեղծման մասին առաջարկը։
3. Հայկական ԽՍՀ Ժողովրդական Կոմիսարների Խորհրդին հանձնարարել ապահովել հայրենիք վերադարձող հայերին անհատական բնակարանշինության համար պետական վարկով՝ բնակելի տան արժեքի 50 %-ի չափով։
4. Արտասահմանից ԽՍՀՄ վերադարձող հայ քաղաքացիներին բնակության նոր վայր իրենց պատկանող ունեցվածքը բերելու համար մաքսատուրքից ազատել։
Ստորագրում են՝ 
ԽՍՀՄ ԺողԿոմԽորհի նախագահ                                              Ի. Ստալին
За управляющего делами Совета НК СССР                               Մ. Սմյիրտյուկով

Հայրենադարձությունը, ի պատասխան ՀԽՍՀ ղեկավարության դիմումների, թույլատրվեց ԽՍՀՄ կառավարության (Ժողկոմխորհի) նախագահ Ստալինի 1945թվականի նոյեմբերի 21-ի որոշումով, որում ասվում էր. «Ուշադրության առնելով արտասահմանում ապրող հայերի դիմումները նրանց հայրենիք՝ Սովետական Հայաստան վերադառնալու թույլտվության մասին և ՀԽՍՀ ղեկավար մարմինների միջնորդությունը, թույլատրել ՀԽՍՀ Ժողկոմխորհին կազմակերպել արտասահմանյան երկրներում ապրող հայերի վերադարձը, որոնք այդ մասին ցանկություն են հայտնել»[1]։ Համաձայն այդ փաստաթղթի, ներգաղթի կազմակերպման հիմնական պատճառը հենց իսկ արտասահմանի հայերի ցանկությունն էր վերադառնալ հայրենիք՝ Խորհրդային Հայաստան։

Նախապատմություն խմբագրել

Սփյուռքահայության զանգվածային ներգաղթի կազմակերպման ծրագիրը սերտորեն առնչվում էր Թուրքիայից հայկական տարածքների ազատագրման իրական թվացող հեռանկարի հետ։

2-րդ աշխարհամարտից հետո հաղթանակած Խորհրդային Միությունն ուզում էր իր ազդեցության գոտիներն ընդլայնել ոչ միայն Արևելյան Եվրոպայում, այլև՝ Թուրքիայում և Իրանում։ Սևծովյան նեղուցներ դուրս գալու ծրագրում կար նաև Կարս-Արդահանի նահանգները Հայաստանին և Վրաստանին միացնելու հարցը։ Պահանջն ավելի համոզիչ դարձնելու համար որոշվել էր օգտագործել հայկական խաղաքարտը։ Դաշնակից տերություններին՝ Մեծ Բրիտանիային և Ամերիկայի Միացյալ Նահանգներին, պետք էր բացատրել, որ Թուրքիայի նկատմամբ եղած հողային պահանջը ոչ թե ագրեսիա է, այլ՝ 1-ին աշխարհամարտի հետևանքով հայերի կորցրած իրավունքների վերականգնում։ Դաշնակից տերությունները Պոտսդամի կոնֆերանսում բնականաբար չընդունեցին Խորհրդային Միության ծրագիրը։ Շատ չանցած՝ Միացյալ Նահանգներն ատոմային ռմբահարման ենթարկեց Ճապոնիայի Հիրոսիմա և Նագասակի քաղաքները, ինչն աշխարհում արմատապես փոխեց ռազմաքաղաքական հավասարակշռությունը։ Իսկ 1947-ին ԱՄՆ նախագահ Հարրի Թրումենի դոկտրինի հրապարակումով պարզ դարձավ, որ Թուրքիան ունի հզոր հովանավորներ և Կրեմլը պետք է համակերպվի խորհրդա-թուրքական սահմանի անփոփոխելիության հետ։ Այս ամենին զուգահեռ՝ 1945-ի գարնանից, երբ պատերազմը դեռ չէր ավարտվել, բայց ԽՍՀՄ հաղթանակն ակներև էր, սկսվել էր «Մեծ Հայրենադարձության» նախապատրաստությունը։ Հայաստանի ղեկավարները՝ ոգևորված նոր և ավելի զանգվածային ներգաղթ ձեռնարկելու հնարավորությունից, ջանում էին համոզել Ստալինին և նրա շրջապատին, որպեսզի օր առաջ սկսվի հայերի հայրենադարձությունը։

Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը այդ հարցը անուղղակիորեն կենտրոնական իշխանությունների առաջ բարձրացրեց 1945թ. ապրիլ ամսին, երբ ՀԽՍՀ Ժողկոմխորհը և ՀԿ(բ)Կ Կենտկոմը հարց բարձրացրին ՀամԿ(բ)Կ Կենտկոմ՝ Ստալինի և արտաքին գործերի նախարար Մոլոտովի առաջ՝ ՀԽՍՀ ժողկոմխորհի ներկայացուցիչներ ուղարկել Իրան, Սիրիա-Լիբանան, Ռումինիա և Բուլղարիա «այդ երկրներում հայերի վիճակը, մասնավորապես, խորհրդային քաղաքացիություն ընդունելու, Հայաստան տեղափոխվելու նրանց ձգտումների հետ կապված հարցերը ուսումնասիրելու» համար։ Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը զանգվածային հայրենադարձություն կազմակերպելու հիմնախնդիրը իր ամբողջությամբ կենտրոնական իշխանություններին՝ հանձին Ստալինի, ներկայացրեց 1945թ. մայիսի 15-ին՝ ՀԽՍՀ Ժողկոմխորհի նախագահ Ա. Սարգսյանի և ՀԿ(բ)կ կենտկոմի քարտուղար Գր. Հարությունյանի ստորագրած գրությամբ։ Ստալինին ուղարկած գրությունն ավարտվում է հետևյալ առաջարկություններով.

«Հաշվի առնելով այդ բոլորը և հնարավորությունների առկայությունը արտասահմանյան հայերի մի մասին ընդունել նույնիսկ ընթացիկ տարում, ՀԿ(բ)Կ կենտկոմը և ՀԽՍՀ Ժողկոմխորհը դրական են վերաբերվում հայրենիք Խորհրդային Հայաստան արտասահմանյան հայերի վերադարձի հարցին և խնդրում են Ձեր թույլտվությունը.

1. Հայաստանի Ժողկոմխորհին կազմակերպել ռուս-թուրքական պատերազմների և թուրքական կառավարության կողմից հայերի կոտորածների ընթացքում արտասահմանյան երկրներ փախած հայերի վերադարձը:

2. Կազմակերպել ՀԽՍՀ Ժողկոմխորհին կից ներգաղթող հայերի ընդունման և տեղավորման գծով կոմիտե:

3. Հայկական գաղթօջախներում առաջադիմական, հայրենասիրական և բարեգործական ընկերությունների ներկայացուցիչներից ստեղծել հայերի հայրենիք վերադարձի գծով կոմիտեներ:

4. Հավանություն տալ արտասահմանյան հայերի նախաձեռնությանը հայության շրջանում միջոցների հավաքման և Խորհրդային Հայաստան վերադարձի ու տեղավորման հիմնադրամ ստեղծելու համար, այդ նպատակով ներգրավելով արտասահմանի բարեգործական ու այլ ընկերությունների հիմնադրամները:

5. ՀԽՍՀ Ժողկոմխորհի տրամադրությանը հատկացնել հինգ միլիոն ռուբլի ընթացիկ տարում հայ-ներգաղթողների ընդունման կազմակերպման ծախսերի համար:

6. Թույլատրել ՀԽՍՀ Ժողկոմխորհին 1945թ. կազմակերպել 30-40-ական հայերի վերադարձը, առաջին հերթին Ռումինիայից և Բուլղարիայից, աշխատանքի տեղավորելով նրանց Հայկ. ԽՍՀ խորհրդային տնտեսություններում և շահագործման հանձնվող արդյունաբերական ձեռնարկություններում»[2]։

Հայաստանի ղեկավարության մայիսի 15-ի գրությունը Ստալինը թողեց անպատասխան։ Հասկանալի է, որ առանց Միութենական կառավարության որոշման Խորհրդային Հայաստանի կառավարությունը ոչինչ չէր կարող ձեռնարկել։ Իսկ արտասահմանից ստացվում էին հազարավոր դիմումներ, մեկը մյուսից հուզական։ Հատկապես ծանր էր հայերի վիճակը Հունաստանում։ Այնտեղ բնակվող 25 հազար հայերից միայն 5 հազարն ուներ հունական քաղաքացիություն, իսկ մյուսները զրկված էին քաղաքացիական որևէ իրավունքից։ 1945թ. այնտեղ բռնկված քաղաքացիական պատերազմի պատճառով հայերը հալածվում էին որպես «խորհրդամետ և կոմունիստամետ» կողմնորոշում ունեցողներ։ Հյուսիսային Հունաստանից Մակեդոնիայից և Թրակիայից հալածանքներից փրկվելու համար շատ հայեր փախչում էին Բուլղարիա։ Որպես առիթ օգտագործելով Հունաստանի հայ բնակչության ծանր դրությունը, Հայաստանի ղեկավարությունը 1945թ. հուլիսի 4-ին կրկին դիմում է Միութեանական կառավարությանը, այս անգամ արտաքին գործերի նախարար Վ. Մոլոտովին։ Սակայն այս նամակը ևս մնում է անհետևանք։ Հայրենադարձության հարցը արտասահմանյան մամուլում դարձավ շահարկման առարկա։ Ստեղծված իրադրությունից ելք գտնելու համար Գր. Հարությունյանը որոշում է մեկնել Մոսկվա, տեսակցել Ստալինի և երկրի մյուս ղեկավարների հետ։ Գր. Հարությունյանը արտասահմանյան հայերի հայրենիք վերադառնալու վերաբերյալ Մոսկվայում երկու գրություն էր կազմել, մեկը Ստալինի, մյուսը Մալենկովի անուններով։ Ստալինին ուղղված գրությունում նշվում էր երեք հիմանակնա հանգամանք՝ Արտասահմանյան հայերից ստացվող անպատասխան դիմումներ, հայրենիք վերադառնալու թույլտվության մասին, հայկական գաղթօջախներում թշնամաբար տրամադրված խմբերիկողմից այդ հարցի շահարոկումը ի վնաս Խորհրդային Միության և արտասահմանյան երկրներում ապրող հայերի հայրենիք՝ Խորհրդային Հայաստան վերադառնալու թույլտվության մասին Խորհրդային Հայաստանի 25-ամյակի առթիվ Միութենական կառավարության հատուկ որոշման անհրաժեշտությումը։ Գրությանը կցված էր ԽՍՀՄ կառավարության որոշման նախագիծը։ Մի քանի օր անց, նոյեմբերի 21-ին ներկայացված նախագիծը առանց որևէ փոփոխման ԽՍՀՄ Ժողկոմխորհը Ստալինի ստորագրությամբ ընդունեց որպես որոշում «Արտասահմանյան հայերի Խորհրդային Հայաստան վերադառնալու կապակցությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին» վերնագրով։

Հայրենադարձության կազմակերպումը խմբագրել

1946թ. խմբագրել

Հայրենադարձության վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո սկսվել էր քարոզչական աշխատանք հատուկ կոմիտեների կողմից, որոնք պետք է բանակցեին տեղի իշխանությունների հետ և ամեն կերպ քարոզեին տեղի հայությանը տեղափոխվել Խորհրդային Հայաստան։ Բոլոր այն երկրներում, որտեղից պիտի հայրենադարձություն իրականացվեր, ստեղծվում են ներգաղթի կոմիտեներ և տարվում է քարոզչական աշխատանք։ Սկսվում է Հայաստան տեղափոխվել ցանկացողների ցուցակագրում։ Գրանցվողնրի թիվը աննախադեպ մեծ էր. արդեն 1946 թվականի փետրվարին ցանկություն էին հայտնել ՀԽՍՀ տեղափոխվել ավելի քան 130 հազ. մարդ, այդ թվում՝ Սիրիայից և Լիբանանից՝ 50 000, Հր. Ամերիկայից՝ 32 000, Իրանից՝ 21 000, Թուրքիայից՝ 19 000, Հունաստանից՝ 8 000 մարդ։

Արդեն Խորհրդային Հայաստանում հայրենադարձների ընդունման հետ կապված աշխատանքները համակարգելու համար Հայկական ՍՍՌ Ժողովրդական կոմիսարների խորհրդին կից ստեղծվում է «Արտասահմանից ներգաղթող հայերի ընդունման և տեղավորման կոմիտե», որի նախագահ է ընտրվում Բ. Աստվածատրյանը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ցանկացողների թիվը շատ մեծ է, որոշվում է 1946թ-ին ընդունել միայն 28 800 մարդ։

1946թ նախատեսվում էր ընդունել 28.800 մարդ (8930 ընտանիք) հետևյալ երկրներից.[3]
Երկիր Անձ Ընտանիք
Իրան 15.800 4.930
Սիրիա և Լիբանան 4.950 1.450
Հնդկաստան 1.900 600
Բուլղարիա 3.450 1.100
Ռումինիա 2.550 800
Այլ երկրներ 150 50
Նախատեսվում էր աշխատանքի տեղավորել հետևյալ ոլորտներում[3]
Ոլորտ Անձ Ընտանիք
Գյուղատնտեսություն 19.500 4.500
Շինարարություն 3.300 1.100
Արդյունաբերություն 7.200 2.400
Արհեստագործական ուսումնարաններում և ՖԶՈՒ-ներում սովորելու համար 2.000
Ինտելիգենցիայի ասպարեզ 1.800 600
Այլ բնագավառներ 1.000 330
 
«Տրանսիլվանիա» շոգենավը մտնում է Բաթում

Հայրենադարձների առաջին քարավանը «Տրանսիլվանիա» շոգենավով Բաթումի նավահանգիստ հասավ 1946 թ․ հունիսի 27-ին։ Հայրենիք էին վերադառնում հիմնականում Դամասկոսի և Բեյրութի հայերը, որոնց թիվը հասնում էր 1806-ի[3]։ Երկու օր անց հայրենադարձների գնացքը Բաթումից շարժվեց դեպի Խորհրդային Հայաստան։ Հայրենադարձների երկրորդ քարավանը Բաթումի հասավ հուլիսի 14-ին՝ բերելով 1830 հայրենադարձի։ Ներգաղթի առաջին քարավանին հետևեցին մյուսները։ 1946թ․ հուլիս-օգստոսին սկսվեց Ռումինիայի հայերի և բուլղարահայերի, ապա հունահայերի,  իրանահայերի տեղափոխումը ՀԽՍՀ։ Միայն 1946 թ. ընթացքում, մինչև հոկտեմբերի կեսերը Խորհրդային Հայաստան ներգաղթվեց  մոտ 11 000 ընտանիք կամ ավելի քան 50 000 մարդ, նախատեսված 25-30 հազարի փոխարեն։ Առաջ են գալիս մի շարք դժվարություններ։ Հոկտեմբերի 8-ին Ստալինին գրած զեկուցագրում Հայաստանի ԽՍՀի Կենտկոմի առաջին քարտուղար Գր. Հարությունյանը ներկայացնում է արդյունքները.

1.  Բնակարանների պակասի պատճառով ժամանողներին հաճախ տեղավորում են բնակության համար ոչ պիտանի շինություններում, ինչը առաջ է բերում արդարացի դժգոհություն, իսկ բնակարանների կառուցումը դանդաղում է շինափայտի և ծածկի նյութերի պակասի պատճառով։

2.   Ժամանող բնակչության հիմնական զանգվածը արհեստավորներ են և նրանց տեղավորում են գյուղական վայրերում, նրանք դժգոհում են և ցանկանում բնակել քաղաքներում։

3.  Իրանից, Սիրիայից և Լիբանանից ժամանածները վատ են հագնված և մոտակա ձմռանը նրանք պատրաստ չեն։ Նրանց աշխատած գումարները բավարար չեն հագուստ և կոշիկ գնելու համար։

4.  Իրանից և Սիրիայից ժամանած հայրենադարձները համառորեն պահանջում են իրենց մատակարարել ամենօրյա թեյի շաքար, իսկ դա ավելին է, քան տեղաբնիկների սպառումը։

Մոտենում էր 1947 թվականը։

1947թ. խմբագրել

ԽՍՀՄ կառավարությանն է ներկայացվում հայրենադարձության հաջորդ փուլի որոշման նախագիծը։ Դրան զուգահեռ աճում էին դժվարություններն ու դժգոհությունները։ Հայրենադարձների կարիքներին ծանոթանալու համար ստեղծվում են հատուկ հանձնաժողովներ[2]։ Տնտեսական ծանր պայմանների պատճառներով սկսում են նկատվել արտագաղթի տրամադրություններ։ Սահմանը խախտելու փորձերը գնալով հաճախակիանում էին, այդ պատճառով ՀԿ(բ)Կ Կենտկոմի բյուրոյի 1947թ մայիսի 16-ի որոշմամբ սահմանամերձ շրջաններում բնակեցված հայրենադարձներին սկսում են տեղափոխել հանրապետության այլ տարածքներ։ Որոշ տվյալներով տեղափոխման է ենթարկվել 215 ընտանիք[2]։

1947թ հուլիսին վերսկսվում է 1946թ. վերջերին դադարեցված հայրենադարձությունը։ 1947թ նախատեսվում էր ընդունել 63 000 մարդ հետևյալ երկրներից[4].

Երկիր Անձ
Իրան 20 000
Սիրիա և Լիբանան 15 000
Հունաստան 15 000
Ֆրանսիա 7 000
Եգիպտոս 3 000
Հվ Ամերիկա 2 000
ԱՄՆ 1 000

Որոշում կայացվեց նաև 1947թ-ին հրաժարվել Թուրքիայից հայերի ընդունել՝ այդ երկրի հետ դիվանագիտական պայմանավորվածությունների բացակայության պատճառով։

Միայն Սիրիայից և Լիբանանից Խորհրդային Հայաստան եկավ ավելի քան 2 500 ընտանիք կամ մոտ 13 000 մարդ, Իրաքից՝ 177 ընտանիք կամ մոտ 900 մարդ։ Աստիճանաբար պարզ է դառնում, որ 1947թ հայրենադարձության ծրագրերը կատարել հնարավոր չէ։ 1947թ հայրենադարձների թիվը կազմեց ավելի քան 8 500 ընտանիք կամ ավելի քան 35 000  մարդ, նախատեսված 63 000-ի փոխարեն։

1948թ. խմբագրել

1947թ. դեկտեմբերի 10-ին ԽՍՀՄ Մինիստրների Խորհուրդը հաստատեց 1948թ. հայրենադարձության ծրագիրը։

1948թ նախատեսված էր ընդունել 10 000 հայրենադարձհետևյալ երկրներից[4].

Երկիր Անձ
Սիրիա և Լիբանան 3 500
Եգիպտոս 1 500
Ֆրանսիա 2 000
Բուլղարիա 1 000
Ռումինիա 1 000
ԱՄՆ 1 000

Սակայն 1948թ.  Հայաստանի Կոմունիստական Կուսակցության կենտկոմի օգոստոսի 24-ի որոշմամբ այդ թիվը կրճատվեց։ Նախատեսվում էր «հայրենադարձների» ընդունել Ռումինիայից (1000 մարդ), Եգիպտոսից(1900 մարդ), Բուլղարիայից(1000 մարդ) և ԱՄՆ-ից(750 մարդ)։ Բացի այդ որոշում կայացվեց նաև 1949թ. դադարեցնել զանգվածային հայրենադարձությունը։ Մինչև Սեպտեմբեր Հայաստան հասան Ռումինիայից և Եգիպտոսից ներգաղթողները, Իսկ Բուլղարիայի հայերը այդպես էլ չկարողացա տեղափոխվել, քանի որ 1948թ. սեպտեմբերի 14-ին հայրենադարձությունը կասեցվեց։ Որոշումից հետո եղավ մեկ բացառություն, 1948թ. վերջին որոշվեց ընդունել 260 մարդ ԱՄՆ-ից, որոնք հրաժարվել էին իրենց քաղաքացիությունից և ընդունել ԽՍՀՄ քաղաքացիություն։ Այս խումբը Հայաստան հասավ 1949թ. փետրվարին։

Հայրենադարձության արդյունքները խմբագրել

Զանգվածային Հայրենադարձությունն ըստ երկրների (1946-1948/49թթ.)[5]
Երկիր 1946թ. 1947թ. 1948թ. 1949թ. Ընդամենը
ընտանիք մարդ ընտանիք մարդ ընտանիք մարդ ընտանիք մարդ ընտանիք մարդ
Սիրիա և Լիբանան 3795 19255 2525 12985 6320 32240
Բուլղարիա 1250 4385 1250 4385
Իրան 3870 20600 3870 20600
Ռումինիա 520 1740 310 1050 830 2790
Հունաստան 1375 4975 3475 13245 4850 18220
Ֆրանսիա 1520 5260 1520 5260
Եգիպտոս 485 1670 580 2025 1065 3965
Պաղեստին 240 1260 240 1260
Իրաք 180 860 180 860
ԱՄՆ 990 155 95 165 180 315
Չինաստան 5 15 10 25 15 40
Ընդամենը 10810 50955 8520 35450 900 3100 95 165 20325 89665

ՀԲԸՄ դերը հայրենադարձության նախապատրաստման գործում խմբագրել

ՀԲԸՄ-ն ստեղծման առաջին տարիներին աջակցում էր արևմտահայ գյուղացիությանը, դպրոցներ, վարժարաններ կառուցում։ 1915 թվականից սկսած հայ բարեգործական ընդհանուր միությունը հիմնականում զբաղվել է որբախնամ գործունեությամբ։ Արդեն Հայաստանի խորհրդայինացումից հետո կազմակերպված ներգաղթի ժամանակ, որը տևեց 1921-1936 թթ., տարբեր անհատներ և բարեգործական կազմակերպություններ իրենց ֆինանսական աջակցությունը բերեցին կազմակերպված գործին թե տեղափոխման և թե հայրենիքում հայրենադարձների կենսական պայմաննեի ապահովման հարցում։ Այն հայրենադարձները, որոնք ի վիճակի էին հոգալ իրենց տեղափոխման ծախսերը, իրենց միջոցներով էին տեղափոխվում, իսկ առավել ծանր իրավիճակում հայտնվածներին տեղափոխում էին ՀԲԸՄ-ի տրամադրած միջոցներով։ Ներգաղթի կազմակերպման աշխատանքները համակարգելու համար ստեղծվում է Հայաստանի օգնության կոմիտեն՝ ՀՕԿ-ը, որի նպատակն էր քարոզչական աշխատանքներ տանել սփյուռքահայերի շրջանում՝ կողմնորոշելով նրանց դեպի Խորհրդային Հայաստան[6]։

1946 թվականին Խորհրդային Հայաստանը, ձեռնարկելով նոր զանգվածային ներգաղթ,  ինչպես 1920-37թթ., դիմեց Հայ Բարեգործական Ընդհանուր Միությանը, որպես կազմակերպության, որն առանց նախապայմանների կարող էր իր հանգանակած միջոցներն ուղղել հայրենադարձության կազմակերպման գործին[7]։ Ընդունման և տեղավորման կոմիտեն հանդես է գալիս նամակով՝ ուղղված Հայ Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Արշակ Կարագյոզյանին[8]։ Այս գործի համար ձեռնարկվեց նոր հանգանակություն, որը մեծ մասամբ պետք է ապահովեր ամերիկահայությունը՝ մեկ միլիոն դոլարի չափով։ Դրամահավաքն իրականացվեց Հանգանակիչ Կենտրոնական Հանձնախմբի (Լևոն Կերտանի գլխավորությամբ) և Բրոպականտի Յանձնախումբի ջանքերով, իսկ գանձապահի պատասխանատվությունը ստանձնեց Միհրան Գարակյոզյանը[7]։ Այսպիսով՝ ներգաղթի մեկ միլիոնի հանգանակությունը 1947-ի հունիսին պսակվեց հաջողությամբ. ԱՄՆ-ում, Կանադայում և Հարավային Ամերիկայի երկրներում հանգանակության արդյունքն էր 1,073,810 դոլար, իսկ այլ երկրներում (Ֆրանսիա, Եգիպտոս, Հունաստան, Անգլիա, Իտալիս և այլն) 339,232 դոլար։ Հաջորդ հանգանակությունը, որ կատարվեց մինչև 1948 թ. ԱՄՆ-ում և Կանադայում հավաքվեց ևս 331.130 դոլար, որից 100.000-ը, 6 էքսկավատոր, սնունդ և հագուստ նույն տարում ուղարկվեց Հայաստան։ Բարեգործական ընդհանուր միության հանգանակած գումարները միաժամանակ ուղղվեցին մի շարք նպատակների։ Մի մասը տրամադրվեց ՀԽՍՀ-ին, 1945-ին 1.321 836 դոլար, իսկ 1946-ին 300.000 դոլար նախապատրաստական աշխատանքների համար[9]։ Իսկ Սիրիայի, Լիբանանի, Բուլղարիայի, Իրանի, Հունաստանի կոմիտեներին տրամադրվեց 225.000 դոլար, բացի 1 միլիոնի հանգանակությունը։ Մեծ հաշվով Բարեգործական Միության միջնորդության նպատակն էր ֆինանսավորել այն հայերի ներգաղթի ծախսերը, որոնք ի վիճակի չէին սեփական միջոցներով տեղափոխվել, ՀԽՍՀ-ին տրամադրված մասը ներգաղթողների համար նախատեսված բնակելի թաղամասերի կառուցման համար էր։ Հանգանակություններից տրամադրվում էր նաև հագուստ և կոշիկ գնելու համար։ Հետագա նամակագրություններից (տես հավելված 2) դժվար չէ հասկանալ, որ ոչ բոլոր հանգանակված միջոցներին էին, որ ծառայեցին իրենց նպատակին և ոչ բոլոր նախատեսված աշխատանքներն էին, որ հաջողվեց, ավելի կոնկրետ, Խորհրդային իշխանությունները նպատակահարմար համարեցին իրականցնել։ Աստիճանաբար նախապատվությունը սուղ ֆինանսական միջոցներ ունեցողներից անցավ բավարար միջոցներ ունեցող մարդկանց, ովքեր կարողանում էին հոգալ տեղափոխման ծախսերը և նաև հնարավորություն ունեին իրենց հետ բերել թե դրամական միջոցներ, թե արտադրական նշանակություն ունեցող սարքավորումներ։

Նշումներ խմբագրել

http://www.hayrenadardz.org/hy/

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՀԱԱ, ֆ.326, g.1, գ. 74, թ. 1
  2. 2,0 2,1 2,2 Վիրաբյան Ա. Ս., Հայաստանի Հասարակական-քաղաքական կյանքը հետպատերազմյան շրջանում (1945-1947թթ.), դոկտորական ատենախոսություն։
  3. 3,0 3,1 3,2 ՀԱԱ, ֆ․ 362, ց․ 2, գ․ 12
  4. 4,0 4,1 ՀԱԱ ֆ. 1, ց. 26, գ. 100
  5. Սարգսյան Հ., 1946-1948թթ. Հայրենադարձության աշխարհագրությունը և ժողովրդավարությունը.- Զեկուցումների ժողովածու, «1946-1948թթ. հայրենադարձությունը և դրա դասերը. հայրենադարձությունն այսօր» Համահայկական գիտաժողով, Երևան, 2009, էջ 48-60
  6. Ստեփանյան, Ա. (2010). 20-րդ դարի հայրենադարձությունը հայոց ինքնության համակարգում. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. 7,0 7,1 Մելքոնյան Է., Լ. (2005). Հայկական Բարեգործական ընդհանուր միության պատմություն. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  8. ՀԱԱ, ֆ. 362, ց. 2, գ. 30
  9. Ֆ․ 1, ց․ 27, գ․ 54
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 207