Ազատամտականություն, գաղափա­րական, քաղաքական հոսանք է, որը միավորում է խորհրդարանական կարգի և մարդու ազատությունների կողմնակիցներին։ «Ազատամտականություն» հասկացությունը շրջանա­ռության մեջ է մտել 19-րդ դարի սկզբին արևմտաեվրոպական մի շարք երկրներում (Մեծ Բրիտանիա. Ֆրանսիա և այլն). երբ երևան եկան «ազատական» կուսակ­ցությունները։ Ազատամտականության ակունքները սկիզբ են առնում 17-18-րդ դարերում։ Տնտեսական ազատամտականության գաղափարները հետևողականորեն արտահայտվել են անգլիական դասական քաղաքատնտեսության մեջ։ Ազատամտականությունը, որպես կանոն, մի շարք հիմնարար սկզբունքնե­րի և դրույթների ամբողջություն է, որը դարձել է ինչպես «ազատական» կուսակցությանների ծրագիր, այնպես էլ՝ որոշ պետությունների ռազմավարական գարգացման հիմք։ Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ ազատամտականության գաղափարներն առանձին դեպքերում դառնում են աշխարհընկալում, մտածելակերպ։

Մանուշակը ազատամտականության ծաղկային խորհրդանիշ

Ազատամտականության հիմնական դրույթներն են՝ անձի արժևորումը և նրա պատասխանատվությունն իր գործողությունների նկատմամբ, մասնավոր սեփականության և ազատ շուկայի կարևորումը (ազատ մրցակցություն, ձեռներեցություն և այլն), բո­լոր մարդկանց հնարավորությունների հավասարությունը, իշխանությունների տարանջատման սկզբունքը, իրավական պետության գադափարը, փոքրամասնության իրավունքների պաշտպանության երաշխավորումը և այլն։ 20-րդ դարի կեսին ձևավորվում է նորազատամտականությունը, որն ավանդական ար­ժեքներին գումարում է պետության միջամտության անհրաժեշտության գաղափարը, որը կոչված է այդ արժեքների իրագործման համար ստեղծել բարեն­պաստ պայմաններ։ Նորազատամտականաթյունը կարևորում է նաև մարդու իրավունքները, հակաամբողջատիրությունը և այլն։ Նրա ջատագովների քաղաքական ծրագրերի հիմքում ընկած են կառավա­րողների և կառավարվողների փոխհա­մաձայնության, կառավարման որոշում­ների ընդունման ընթացակարգերի ժողովրդավարացումը և այլն։

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։