Ֆրանսիան և Հայկական հարցը

Ֆրանսիայի քաղաքականությունը Արևմտյան Հայաստանի նկատմամբ և ամբողջությամբ հայկական հարցում կանխորոշվում էր Թուրքիայի գործերում ֆրանսիացի մոնոպոլիստների և դրամատերերի հատուկ շահագրգռվածությամբ։ Օսմանյան պարտքի մոտ 62%-ը, կայսրության ծխախոտի ձեռնարկությունների կապիտալի կեսը բաժին էին ընկնում Ֆրանսիային։ Այդ պատճառով էլ Ֆրանսիան շահագրգռված չէր Թուրքիայի անդամահատմամբ և թուրքական լծից Արևմտյան Հայաստանի ազատագրմամբ. նրան ավելի ձեռնտու էր Արևմտյան Հայաստանի՝ որպես Օսմանյան կայսրության անքակտելի մասի շահագործումը։ Հենց տնտեսական շահերով են բացատրվում ֆրանսիական դիվանագիտության այս կամ այն քայլը հայկական հարցի երևան գալուց ի վեր 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմից ու Բեռլինի կոնգրեսից մինչև 1923-ի Լոզանի պայմանագրի ստորագրումը։ Իր ստորագրությունը դնելով եվրոպական տերությունների՝ 1880-ի սեպտեմբերի 7-ի հեղհեղուկ հավաքական նոտայի տակ, որը Բարձր դոնից պահանջում էր իրագործել Արևմտյան Հայաստանի հայ բնակչության անվտանգությունն ապահովելու վերաբերյալ Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածը, Ֆրանսիան շարունակում էր սերտ հարաբերություններ պահպանել սուլթան Աբդուլ Համիդ ll-ի հետ՝ նույնիսկ 1894-96-ի հայկական ջարդերի ժամանակ։ Ֆրանսիական հասարակայնությունը, բողոքելով թուրքական գազանությունների դեմ, թուրքամետության համար իր արտաքին գործերի նախարար Գաբրիել Անոտոյին անվանեց «Անոտո փաշա», իսկ Աբդուլ Համիդին տվեց «կարմիր սուլթան» մականունը։ Մինչդեռ պաշտոնական Ֆրանսիան լռում էր։ Ֆրանսիայի շահերը Թուրքիայում, մասնավորապես Արևմտյան Հայաստանում ու Կիլիկիայում, հետապնդում էին նաև քաղաքական ու մշակութային նպատակներ։

Ֆրանսիան, որը հանդես էր գալիս որպես Արևելքի բոլոր կաթոլիկների «հովանավոր», իր ազդեցությունը տարածում էր բազմաթիվ դպրոցների և բարեգործական հաստատությունների միջոցով։ Թուրքիայի հանդեպ ֆրանսիական կառավարող շրջանների քաղաքականության մեջ որոշակի դեր էր խաղում կրոնական գործոնը, ունենալով գերազանցապես իսլամադավան բնակչությամբ գաղութներ՝ Ֆրանսիան հաճախ էր պաշտպանում սուլթանին՝ որպես բոլոր մուսուլմանների կրոնական ղեկավարի՝ խալիֆի։ Սակայն Աբդուլ Համիդ ll-ի տապալումից հետո էլ ֆրանս. կառավարող շրջանները վարում էին թուրքամետ քաղաքականություն։ Ի տարբերություն ֆրանսիացի սոցիալիստների ու առաջադեմ այլ ուժերի, որոնք պառլամենտում արդեն երիտթուրքերի օրոք հանդես էին գալիս Կիլիկիայի հայերի 1909 թ-ի ապրիլ-մայիսյան կոտորածների (Ադանայի կոտորած) դատապարտմամբ, պաշտոնական Ֆրանսիան կրկին լռում էր։ Նա ակտիվություն չդրսևորեց նաև 1Ց12-14-ին, երբ հայկական հարցը վերստին եվրոպական դիվանագիտության քննարկման առարկա դարձավ։

1914 թ-ի մարտի 9-ին Ֆրանսիան Թուրքիայի հետ կնքեց պայմանագիր, որով Արևմտյան Հայաստանում երկաթուղու և ճանապարհների կառուցման կոնցեսիաներ էր ստանալու։ Եվ չնայած Ֆրանսիան ու Թուրքիան առաջին համաշխարհային պատերազմում հանդես էին գալիս հակառակորդ դաշինքներում, Ֆրանսիան, փաստորեն, չպատերազմեց Թուրքիայի դեմ, և եթե նա մասնակցեց Օսմանյան կայսրության մեջ մտնող երկրների բաժանմանը, ապա միայն այն պատճառով, որ այդ բաժանումն այլևս անխուսափելի էր դարձել, և Ֆրանսիան, որպես գաղութատեր խոշոր տերություն, չէր կարող իր բաժինը չպահանջել։ Մասնավորապես, 1916-ի Սայքս-Պիկոյի համաձայնագրով Կիլիկիան մտցվեց Ֆրանսիայի ազդեցության գոտու մեջ. պատերազմից հետո ֆրանսիական զորքերը գրավեցին Կիլիկիան։ Ֆրանսիացիները ցեղասպանությունից ողջ մնացած հայերին կոչ արեցին վերադառնալ իրենց հայրենի տները։ Բայց Ֆրանսիայի նյութական շահերը կրկին վճռորոշ եղան, և ֆրանսիական դիվանագետները միջազգային կոնֆերանսներում սկսեցին անցկացնել իրենց ուրույն գիծը՝ անջատ համաձայնություններ ձեռք բերելով Թուրքիայի հետ։ Արդեն 1919 թ-ի դեկտ. (Անգլիայից գաղտնի) Սիրիայի և Կիլիկիայի ֆրանս. գերագույն կոմիսար Ժորժ Պիկոյի և Ա. Քեմալի բանակցությունների հետևանքով մշակվեց համաձայնագրի նախագիծ, որով Ֆրանսիան Թուրքիային էր վերադարձնում Կիլիկիան և երաշխավորում նրա անբաժանելիությունը (ի հակակշիռ Անգլիայի, Իտալիայի և Հունաստանի)։ Դաշնակից տերությունների Սան Ռեմոյի կոնֆերանսում (1920), որտեղ որոշվում էր Օսմանյան կայսրության մեջ մտնող տարածքների վերջնական բաժանման հարցը. Ֆրանսիայի ներկայացուցիչները ճամարտակում էին հայերի հանդեպ սոսկ «դաշնակիցների բարոյական պատասխանատվության» մասին։ Պրեմիեր մինիստր Ա. Միլյերանն ու արտգործնախարար Բերտելոն ժխտեցին Կիլիկիայի քրիստոնյաներին սպասվող ջարդերի մասին լուրերը։ Սակայն Կիլիկիայի հետագա իրադարձությունները հիրավի ողբերգական եղան հայերի համար։ Ֆրանսիայի հաջորդ քայլը, ի վնաս Կիլիկիայի հայերի անվտանգության, Անկարայի կառավարության հետ 1920 թ-ի մայիսի 28-ի զինադադարի ստորագրումն էր, որը Մ. Քեմալը գնահատեց որպես ֆրանսիացիների՝ Ադանայի նահանգից հեռանալու պատրաստականություն։ Ֆրանսիայի այդ նոր զիջումը խրախուսեց թուրք, ազգայնական ուժերին՝ վերսկսելու թշնամական գործողությունները Կիլիկիայի հայ բնակչության դեմ։

Ամեն գնով Թուրքիայի հետ համաձայնության գալու քաղաքականությունը շարունակվեց նաև 1920-ի Սևրի հաշտության պայմանագրի ստորագրումից հետո, որի 88-րդ հոդվածով Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպես անկախ պետություն։ Սակայն դեռ թանաքը չչորացած՝ ֆրանս. պաշտոնական ներկայացուցիչները պահանջեցին Սևրի պայմանագրի՝ որպես «Ֆրանսիայի շահերին խիստ հակասող» փաստաթղթի վերանայում։ Հենց ֆրանս. դիվանագետների գործողությունները հանգեցրին նրան, որ Փարիզի դաշնակցային կոնֆերանսում (1921) որոշում ընդունվեց Սևրի պայմանագրի մասնակի փոփոխման և այդ կապակցությամբ միջազգային նոր կոնֆերանս հրավիրելու մասին։ 1921-ի Լոնդոնի կոնֆերանսում հայ ագգ. պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարը դիմեց Ֆրանսիայի ներկայացացչին՝ որպես «Կիլիկիայի պաշտոնական հովանավորի», խնդրելով չլքել հայ բնակչությանը և հասնել Կիլիկիայի համար խառը ոստիկանությամբ վարչական ինքնավարության հաստատման։ Ի պատասխան այդ խնդրանքի, Ֆ. Բերտելոն պատասխանեց, որ «Ֆրանսիան վճռել է անել ինչ որ կարող Է՝ ապահովելու համար լիակատար երաշխիք հայկական փոքրամասնությանը... Բոլոր դեպքերում Ֆրանսիան կպահի իր պարտավորությունները, ինչպիսին էլ որ լինեն նրա հարաբերությունները Թուրքիայի հետ»[1]։ Իրականում ֆրանս. դիվանագիտությունը առավելագույն ջանքեր էր գործադրում Անկարայի կառավարության հետ անջատ գործարք կնքելու համար, և 1921-ի մարտի 9-ին նրանց միջև կայացավ քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության համաձայնություն։ Ֆրանս-թուրքական համաձայնությունը (որը փաստորեն քեմալականների ձեռքն էր տալիս Կիլիկիայի հայության բախտը) մեծ տագնապ առաջ բերեց Կիլիկիայի քրիստոնյա բնակչության մեջ։ 1921-ի ապրիլի 5-ին Փարիզ ուղարկվեց Կիլիկիայի քրիստոնյա համայնքների ներկայացուցիչների բողոքի հեռագիրը։ Բայց բողոքները չխանգարեցին ֆրանս. դիվանագիտությանը՝ շարունակելու հետագա բանակցությունները Թուրքիայի հետ, որոնք ավարտվեցին 1921-ի թուրք-ֆրանսիական համաձայնագրի ստորագըրմամբ։ Քեմալականներն այդ համաձայնագիրը օգտագործեցին հայկական հարցը Անտանտի տերությունների հետ հետագա քննարկումից հանելու համար, իսկ տերություններն էլ իրենց հերթին սկսեցին ավելի ու ավելի քիչ զբաղվել դրանով։ 1922-ի փետր. Անգլիայի պրեմիեր մինիստր Ջ. Քերզոնին ուղղված նամակում ֆրանս. պրեմիեր մինիստր Պուանկարեն գրում էր. «Թուրքահայաստանի հարցի վերաբերյալ, ես կրկնում եմ, որ դժվար է պահպանել Սևրի պայմանները, բայց գտնում եմ, որ հայկական հարցի լուծումը չպետք է որոնել Կիլիկիայում, որտեղ, եթե կարելի է այդպես արտահատվել, այլևս հայ չկա» ("Documents on British Foreign Policy 1919-1939", v. XV, p. 601, 1Ց70)։ Այդպիսով, փաստորեն, ստեղծելով այնպիսի իրադրություն, որ հայերը ստիպված տարագրվեն այլ երկրներ. Ֆրանսիան իր պրեմիեր մինիստրի բերանով հայտարարում Էր. թե Կիլիկիայում չի գտնվի անկյուն հայերի համար։

Հայկական հարցում ֆրանսիական կառավարության երեսպաշտ քաղաքականությունն իր արտացոլումը գտավ նաև 1922-23-ի Լոգանի կոնֆերանսում, որն ավարտվեց մի պայմանագրի ստորագրմանբ, որտեղ հիշատակություն անգամ չկար Հայաստանի մասին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանը միջազգային դիվանագիտության և խորհրդային արտաքին քաղաքականության փաստաթղթերում» (1828-1923), էջ 703-704։

Գրականություն խմբագրել

  • Սահակյան Ռ. Գ., Հայկական հարցը և Ֆրանսիան, ՊԲՀ, 1994, N 1-2։
  • Армянский вопрос на Лозаннской конференции, Извлечение из протоколов, Тифлис, 1926։
  • Акопян С. М., Западная Армения в планах империалистических держав в период первой мировой войны, Е, 1986։
  • Documents Diphmahques Francais 18711914, 3-dme sdne, 1. V7-IX, P., 1933-36.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։