Ֆելիքս Տեր-Մարտիրոսով
Ֆելիքս Տեր-Մարտիրոսով կամ Տեր-Մարտիրոսյան (1939, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 28, 2014, Երևան, Հայաստան), հայ հնագետ, պատմաբան, Հին Հայաստանի արվեստի գիտակ[1]։
Ֆելիքս Տեր-Մարտիրոսով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1939 |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 28, 2014 |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
Մասնագիտություն | հնագետ |
Կենսագրություն Խմբագրել
Ֆելիքս Տեր-Մարտիրոսովը ծնվել է 1939 թվականին Թբիլիսիում, հայաշատ Սոլոլակ թաղամասում, որտեղ էլ հաճախել է միջնակարգ ռուսական դպրոց։ 14-15 տարեկան հասակում, նա ծանոթացել է վրացի հնագետ Ի․ Գզելիշվիլու հետ և ամառային արձակուրդներին մասնակցել է նրա ղեկավարած պեղումներին, որոնք էլ պատանու մեջ մեծ հետաքրքրություն են առաջացրել դեպի հնագիտությունը։ Գզելիշվիլին, նկատելով Ֆելիքսի ընդունակություններն ու հակումները, խորհուրդ է տվել ուսումը շարունակել Մոսկվայում։ 1958 թվականին ավարտելով դպրոցը՝ զորակոչվել է բանակ[2][1]։
1961-1966 թվականներին սովորել և գերազանց ավարտել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության բաժինը։ Ուսանողական տարիներին մասնակցել է մի շարք հնագիտական պեղումների։ Դիպլոմային աշխատանքը նվիրված է եղել Գառնու հեթանոսական տաճարին[1]։
1966 թվականին տեղափոխվել է Հայաստան և աշխատանքի անցել ՀԽՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող, հետագայում՝ 1985 թվականից ավագ, իսկ 1995 թվականից առաջատար գիտաշխատող։ 1966-1970 թվականներին Ֆելիքս Տեր-Մարտիրոսովը հնարավորություն է ունեցել մասնակցել Գառնիի հնագիտական արշավախմբի պեղումներին ակադեմիկոս Բաբկեն Առաքելյանի ղեկավարությամբ։ 1970-1975 թվականներին նա մասնակցել է նաև Ալեքսանդր Սահինյանի կողմից իրականացվող Գառնիի տաճարի վերականգման աշխատանքներին[2]։
Հնագետը ակտիվ մասնակցություն է ունեցել Արմավիրի և Արտաշատի, Ներքին Սասնաշենի, Դիտակի, Տաճարաբակի հնագիտական արշավախմբերին։ 1984 թվականին Տեր-Մարտիրոսովը պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ «Հելլենիստական Հայաստանի խեցեղենը որպես պատմական աղբյուր» թեմայով՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1985 թվականին Ֆելիքս Տեր-Մարտիրոսովը պեղումներ և ուսումնասիրություններ է կատարել վաղ միջնադարյան Երերույքի բազիլիկի տարածքում, իսկ 2005-2014 թվականներին ղեկավարել է Երվանդաշատի արշավախումբը[2][1]։
1983-2006 թվականներին դասավանդել է Հայաստանի Գեղարվեստի ակադեմիայում և արժանացել բուհի պատվավոր պրոֆեսորի կոչման։ 1997-2014 թվականներին եղել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայ արվեստի պատմության և տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի դոցենտ[1]։
Գիտնականը երեք մենագրությունների և շուրջ 100 գիտական հոդվածների հեղինակ է, մասնակցել է յոթ տասնյակից ավել հանրապետական և միջազգային գիտաժողովների։ Ֆելիքս Տեր-Մարտիրոսովը հրատարակել է «Գառնիի ամրոցի տաճարը՝ հերեոն, վկայարան» (1995), «Հայոց թագավորության կազմավորումը պատմական տվյալների և պատմական հիշողության համատեքստում» (1995) և «Արջուկը և հայկական դիցաբանության մյուս կերպարները» (1996) մենագրությունները։
Ֆելիքս Տեր-Մարտիրոսովը վախճանվել է 2014 թվականին Երևանում[2]։