Ֆարուխրու Պարսա (պարս.՝ فرخرو پارسای- Farokhroo Parsay, մարտի 22, 1922(1922-03-22), Ղոմ, Իրան - մայիսի 8, 1980(1980-05-08), Թեհրան, Իրան), իրանցի բժիշկ, մանկավարժ և պատգամավոր։ Եղել է Իրանի կրթության նախարար Փահլավիների հարստության ժամանակ։ Առաջին կին նախարարը իրանական կառավարությունում[1]։

Ֆարուխրու Պարսա
 
Կուսակցություն՝ Ռաստախիզ
Կրթություն՝ Թեհրանի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և բժիշկ
Ծննդյան օր մարտի 22, 1922(1922-03-22)
Ծննդավայր Ղոմ, Իրան
Վախճանի օր մայիսի 8, 1980(1980-05-08) (58 տարեկան)
Վախճանի վայր Թեհրան, Իրան
Թաղված Բեհեշտ-է Զահրա
Քաղաքացիություն  Իրան

Կենսագրություն խմբագրել

Պարսան ծնվել է 1922 թվականին Իրանի Ղոմ քաղաքում։ Նրա մայրը՝ Ֆախրե Աֆաղ Պարսան, կանանց ամասագրի խմբագիր էր և կանանց իրավահավասարության համար պայքարող հայտնի գործիչ։ Մոր հայացքների համար Պարսա ընտանիքը աքսորվում է Թեհրանից Կում և հայտնվում է տնային կալանքի տակ։ Հետագայում, Իրանի վարչապետ Հասան Մուստովֆի ալ֊Մամալիկի միջամտության շնորհիվ, Պարսա ընտանիքին թույլ է տրվում վերադառնալ Թեհրան։

Կրթությունը և քաղաքական գործունեությունը խմբագրել

Պարսան ավարտում է Թեհրանի համալսարանը և ձեռք է բերում բժշկի մասնագիտություն։ Նա դասավանդում է կենսաբանություն Թեհրանի Ժաննա դ'Արկի ավագ դպրոցում։ Պարսան դառնում է դպրոցի տնօրեն։ Աշխատանքից հետո նա այցելում է բանտեր ուսուցանելու այնտեղ կալանավորված կանանց։ 1963 թվականին Պարսան ընտրվում է Իրանի խորհրդարան՝ Մեջլիս։ Խորհրդարանում նա միջնորդություն է հղում Իրանի շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիին` պահանջելով նրանից ապահովել երկրում կանանց իրավունքների հավասարությունը։ Պարսան աշխատանքներ է տանում ընտանեկան օրենսդրությունում բարելավումներ կատարելու ուղղությամբ։ 1965 թվականին Պարսան նշանակվում է Իրանի կրթության նախարարի տեղակալ, իսկ 1968 թվականին դառնում է Իրանի կրթության նախարար ՝ Ամիր֊ Աբաս Հովեյդայի կառավարության կազմում։ Դա առաջին անգամն էր Իրանի պատմության մեջ, երբ կինը կառավարության կազմում պաշտոն էր ստանձնում։

Իսլամական հեղափոխություն խմբագրել

 
Ֆարուխրու Պարսան իսլամական դատարանում, 1979 թվական

1979 թվականին տեղի ունեցած Իսլամական Հեղափոխությունից հետո Իրանը չեղարկում է կանանց առնչվող բոլոր ազատությունները։ Երկրում ընդունվում են Շարիաթի օրենքները։ Հասարակական վայրերում հիջաբի կրումը դառնում է պարտադիր։ Ամուսնալուծությունից հետո երեխաների նկատմամբ խնամակալության իրավունքը ինքնաբերաբար անցնում էր տղամարդուն։ Կանանց արգելվում էր զբաղեցնել դատական և պետական պաշտոններ։ Պարսան և նրա գաղափարակիցները դուրս են գալիս փողոց՝ ընդդիմանալու օրենսդարական նոր փոփոխություններին։

Ցույցերից հետո Պարսային ձերբակալում են և նա հայտվում է հեղափոխական դատարանում։ Նրան դատում էր այաթոլլա Խալխալին։ Պարսային բացմաթիվ մեղադրանքներ են առաջադրվում։ Դրանց շարքում էր Պարսայի շորտեր հագնելու հայնտի հորդորը` ուղղված իրանցի կին մարզիկներին։ Բանտից Պարսան գրում է իր երեխաներին.

  Ես բժիշկ եմ, հետևաբար չեմ վախենում մահից։ Մահը ընդամենը մի ակնթարթ է, ուրիշ ոչինչ։ Ես պատրաստվում եմ դիմավորել մահը գրկաբաց, քան ապրեմ ամոթխած և ստիպված լինեմ քող կրել։ Ես ծնկի չեմ իջնի այն մարդկանց առջև, ովքեր ուզում են, որ ես մեղանչեմ կանանց իրավահավասարության համար տարվող իմ հիսունամյա պայքարի համար։ Ես պատրաստ չեմ չադրա կրել և մի քայլ ետ կատարեմ պատմական ասպարեզում..  

Այաթոլլա Խալխալին համոզված էր, որ կանաց քաղաքական նկրտումները հավասարազոր են մարմնավաճառությանը։ Այս և այլ մեղադրանքների հիման վրա Պարսային դատապարտում են։ 1980 թվականի մայիսի 8-ին նրան գնդակահարում են։ Պաշտոնական դատավճռի հայտարարությունում ասվում էր, որ Պարսան դատապարտվել է «Երկրի վրա արատների տարածման և Աստծու դեմ մարտնչելու համար»[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ֆարուխչու Պարսա, կանայք պատմության մեջ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
  2. Բոլոր ժամանակների կանայք, Ֆարուխրու Պարսա (1922 - 1980)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆարուխրու Պարսա» հոդվածին։