Օրուխո (իսպ.՝ Orujo, աստուրերեն՝ Oruxu, հաճախ` աուգարդիենտե դե օրուխո), ալկոհոլային խմիչք, որ ավանդաբար գործածում են Իսպանիայի հյուսիս-արևմուտքում։ Պատրաստվում է գինի պատրաստելուց հետո խաղողից մնացած հումքից։ Ալկոհոլի պարունակությունը կազմում է 30-60 %։ Խմիչքի որոշ տեսակներ կարող են պահպանվել մի քանի տարի շարունակ։ Կան տեսակներ, որ պատրաստվում են խոտաբույսերի, մեղրի, համեմունքների կամ սուրճի հատիկների հավելումով։

Օրուխո
Ենթատեսակaguardiente? և pomace brandy?
Ծագման երկիր Իսպանիա

Աշխարհագրություն և արտադրության պատմություն խմբագրել

 
Պոտես քաղաքի գլխավոր հրապարակը, որտեղ անցկացվում է Օրուխոյի տոնը

Պատմականորեն օրուխո պատրաստում են Իսպանիայի հյուսիսարևմտյան շրջաններում` Կանտաբրիայում, Գալիսիայում, Աստուրիայում, Կաստիլիա և Լեոնում, սակայն վերջին տասնամյակներում օրուխո պատրաստում են այլ շրջաններում ևս։ Օրուխո բառը նշանակում է խաղողի քամուք, խմիչքը հաճախ անվանում են նաև աուգարդիենտե դե օրուխո (իսպ.՝ aguardiente de orujo), բառացի` խաղողի քամուքից ստացված տաք ջուր (ագուարդիենտեն իսպանական թունդ ալկոհոլային խմիչքների տեսակ է, որ պատրաստվում է մրգային հումքից)[1][2][3]։

Հայտնի է, որ միջնադարում օրուխո պատրաստում էին Կանտաբրիայի կաթոլիկ եկեղեցիներում, հատկապես` Լիեբենայում։ Այս տեղանքը 21-րդ դարում շարունակում է մնալ օրուխոյի պատրաստման հիմնական վայրերից մեկը, ընդ որում նրա մի մասը նախկինի պես դարձյալ պատրաստվում է եկեղեցիներում։ 17-րդ դարում օրուխոյի արտադրությունը լայն տարածում է գտել Գալիսիայում. այնտեղ այն պատրաստել են գյուղացիական տնտեսությունները տնային պայմաններում[2][3]։

Ե'վ Կանտաբրիայում, և' Գալիսիայում օրուխոն էթնոմշակութային կարևոր նշանակություն է ձեռք բերել։ Տարբեր շրջանների բնակիչներ մրցակցել են օրուխո պատրաստելու գործում` մշակելով տարբեր բաղադրատոմսեր։ Համանման մրցություններ հաճախ տեղի են ունեցել տոնակատարությունների ժամանակ։ Այսպես` Պոտես քաղաքում մինչ օրս նոյեմբերին նշվում է Օրուխոյի տոնը (իսպ.՝ Fiesta del Orujo), որի գլխավոր իրադարձությունը խմիչք արտադրողների մրցապայքարն է. հաղթողները որոշվում են խմիչքի ընդհանուր համտեսման արդյունքում[2][3]։

Խմիչքի հեղինակության աճի հետ նրա պատրաստումը վիճարկել են այլ շրջանների բնակիչներ։ 20-րդ դարի երկրորդ կեսին Իսպանիայի տարածքի զգալի մասում օրուխո են պատրաստել, սակայն, միևնույն է, նրա հիմնական մատակարարը Գալիսիան էր, ինչը հիմք է տվել տեղի բնակիչներին հայտարարել, որ օրուխոն գալիսիական խմիչք է։ 1989 թվականին գալիսիական արտադրողները ստեղծել են հատուկ կարգավորող հանձնաժողով (իսպ.՝ La Denominación Específica Orujo de Galicia), որ սահմանում է խմիչքի պատրաստման տեխնոլոգիան և նրա աշխարհագրական պատկանելությունը։ Հանձնաժողովի պահանջների համապատասխան` օրուխո կարող է համարվել Գալիսիայի տարածքում արտադրված խմիչքը[1]։ Ամեն դեպքում, օրուխոն իր ավանդական անվամբ շարունակում են արտադրել Իսպանիայի այլ շրջաններում ևս[3]։

Արտադրության տեխնոլոգիա խմբագրել

 
Խոտաբույսերից պատրաստված օրուխոյով բաժակ

Օրուխոյի արտադրության համար կիրառվում է խաղողի տարբեր տեսակների մնացորդը` կորիզները, կեղևը, ցողունը։ Բաց անոթներում խմորումից հետո խաղողի մնացորդը տեղավորում են մետաղական խորանարդների` ալկիտարների մեջ, որոնք պատրաստվում են պղնձից։ Թորելու գործընթացը մեկանգամյա է. տևում է վեց ժամից ոչ պակաս։ Այդպիսով օրուխոն տեխնոլոգիապես և բաղադրությամբ շատ մոտ է այլ երկրներում խաղողից պատրաստվող ալկոհոլային խմիչքներին, օրինակ` գրապային, ճաճային, պիսկոյին[2][4]։

Թորման արդյունքում ստացված խմիչքն անգույն է, արտադրական պայմաններում ստեղծված խմիչքը` բացարձակ թափանցիկ։ Օրուխոյի որոշ տեսակներ կաղնեփայտե տակառներում պահվում են մի քանի տարի` ձեռք բերելով սաթի կամ ոսկու գույն[2]։ Բացի այդ` լայնորեն տարածված է բուրավետ խոտաբույսերից, մեղրից, համեմունքներից, սուրճի հատիկներից օրուխոյի պատրաստումը։ Այս դեպքում խմիչքը ձեռք է բերում կանաչի, դեղինի ու շագանակագույնի տարբեր երանգներ[2][3][4]։

Սպիրտի պարունակությունը օրուխոյում ավանդաբար կազմում է 35-50, երբեմն 60 %, սակայն վեչջին տասնամյակներին տարածում են գտել և ավելի թեթև տեսակները[2][3][5]։

2000-ական թվականներին իսպանական ու եվրոպական շուկաներում առավել տարածված են «Ագուարդենտեյրո» (իսպ.՝ Aguardenteiro), «Էլ Աֆիլադոր» (իսպ.՝ El Afilador), «Նավարես» (իսպ.՝ Navarres), «Ռուավիեխա» (իսպ.՝ Ruavieja) ապրանքանիշերի օրուխոները[3]։

Մատուցում և կիրառում խմբագրել

 
Կեյմադայի պատրաստում

Մաքուր ձևով օրուխոն կիրառվում է և' որպես հիմնական խմիչք ուտելիքի հետ, և' որպես դիժեստիվ` ուտելիքից հետո։ Օրուխոյի հիմքից պատրաստված տարբեր խմիչքները սովորաբար տրվում են որպես ապերատիվ` ուտելիքից առաջ[2][4]։

Օրուխոն օգտագործում են ինչպես սենյակային ջերմաստիճանի, այնպես էլ սառեցված։ Ավանդաբար այն մատուցում են փոքր բաժակներով, սակայն 20-րդ դարի կեսերին ռեստորաններում ու բառերում հաճախ մատուցում են մեծ, ներքևի հատվածում շրջանաձև, վերևի հատվածում փոքր-ինչ լայնացող բաժակներով, որն ընդունված է հատկապես իտալական գրապայի մատուցման պարագայում[1]։

 
Պատրաստի կեյմադայի լցնում

Բացի այդ` Գալիսիայում կա օրուխոյից կեյմադա պատրաստելու հին ավանդույթ[1][2]։ Կավե խոր թասի մեջ լցնում են կիտրոնի կեղև, շաքար և աղացած սուրճ, որի վրա օրուխո են լցնում, ինչից հետո ստացված խառնուրդն այրում են. կրակն աստիճանաբար ստանում է վառ կապույտ գույն։ Այրումից հետո ստացված խմիչքը պակաս թունդ է, քան օրուխոն։ Այն խմում են տաք վիճակում, սովորաբար կավե կամ ապակյա հատուկ բաժակներով[2][5]։

Համարվում է, որ կեյմադայի ավանդույթը գալիս է կելտիբերների ժամանակից, երբ նման խմիչքի պատրաստումը ծիսական բնույթ է կրել, այդ պատճառով օրուխոյի այրումն ուղեկցվում է ծիսական հատուկ տեքստի արտասանությամբ և երազանքների պահումով. նման ծիսակատարությունները նպաստում են զբոսաշրջիկների շրջանում կեյմադայի հանրահռչակմանը[5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Osunicos son Espirito Galego» (իսպաներեն). La Denominación Específica Orujo de Galicia — Сайт Регулирующего совета производителей орухо. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 23 сентября 2010-ին.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 «Orujo — Traditional Liqueur» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 23 сентября 2010-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Aguardiente de Orujo from Spain». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 23 сентября 2010-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Орухо (Orujo de Galicia)». Энциклопедия алкогольных напитков. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 23 сентября 2010-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Queimada Recipe - Fire Drink of Galicia» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 23 сентября 2010-ին.