Օլգա Ալեքսանդրովնա Սուվորովա (հունիսի 1 (14), 1906, Վոլոգդա, Ռուսական կայսրություն - ոչ վաղ քան 1976), ղազախ խորհրդային գիտնական, քիմիկոս, գիտության կազմակերպիչ, քիմիական գիտությունների դոկտոր (1963), պրոֆեսոր (1970), ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1950):

Օլգա Սուվորովա
ռուս.՝ Ольга Александровна Суворова
Ծնվել էհունիսի 1 (14), 1906
Վոլոգդա, Ռուսական կայսրություն
Մահացել էոչ վաղ քան 1976
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Ղազախստանի ազգային մանկավարժական համալսարան
Ալմա մատերԳերցենի անվան ռուսական պետական մանկավարժական համալսարան
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր

Կենսագրություն խմբագրել

Օլգա Սուվորովան ծնվել է 1906 թվականի հունիսի 14-ին Վոլոգդայում։ 1933 թվականին ավարտել է Լենինգրադի Ա. Ի. Գերցենի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հիմնական դասընթացը։ Ասպիրանտուրան ավարտելուց հետո նույն բուհում խորհրդային առաջին քիմիկոս-մեթոդաբան Վադիմ Վերխովսկու ղեկավարությամբ պաշտպանել է ատենախոսություն քիմիայից։

1937-1969 թվականներին եղել է Ղազախստանի Աբայի անվան մանկավարժական ինստիտուտի քիմիայի ամբիոնի վարիչը։ Նրա ղեկավարությամբ ամբիոնը շուրջ երեսուն տարի ակտիվորեն զբաղվել է ինչպես քիմիայի դասավանդման ուսումնա մեթոդական հարցերի մշակմամբ, այնպես էլ գիտական աշխատանքներով։

Օլգա Ալեքսանդրովնա Սուվորովան հանդիսանում է մի շարք ուսումնա-մեթոդական ձեռնարկների հեղինակ (համահեղինակ)՝ «Քիմիայի դասավանդման կապը սոցիալիստական շինարարության պրակտիկայի և խնդիրների հետ» (1940), «Քիմիայի գծով խնդիրները և աշխատանքները» (1941), որոնցում շարադրված են քիմիական խնդիրների լուծման մեթոդներն ու եղանակները, նկարագրվում է ուսումնական պրոցեսում օգտագործվող գազանման և այլ նյութերի լաբորատոր փորձերի տեխնիկան և մեթոդիկան ինչպես նաև քիմիական գիտության նվաճումները ուսումնական պրոցեսում և արդյունաբերության մեջ օգտագործելու մեթոդները։ Օլգա Սուվորովայի ղեկավարությամբ Ղազախստանի մանկավարժական ինստիտուտի քիմիայի ամբիոնը դարձել է Ղազախստանում քիմիայի գծով հիմնական ուսումնա-մեթոդական կենտրոն, որի գործունեությունը հետագայում հաջողությամբ շարունակեցին նրա ուսանողները` Ի. Ն. Նուգումանովը, Ա. Ֆ. Սեյտժանովը, Ս. Ն. Մուսաբեկովը, Ա. Միրզաբաևը, Բ. Ն. Ալմաշևը, Կ. Ա. Նուրումբետովը և ուրիշներ։ Ուսումնա-մեթոդական հետազոտությունների թվում կարելի է առանձնացնել երկու հիմնական ուղղություն, միջառարկայական կապեր և քիմիայի դասավանդման դիդակտիկ հիմունքներ[1]։

1944 թվականից մինչև 1952 թվականը Ղազախստանի մանկավարժական ինստիտուտում աշխատելու հետ միաժամանակ, Օլգա Ալեքսանդրովնա Սուվորովան եղել է ԽՍՀՄ ԳԱ մետալուրգիայի ինստիտուտի ղազախական բաժամունքի գիտաշխատող։

Սուվորովայի գիտական աշխատանքների հիմնական ուղղությունը եղել է Ղազախստանի արդյունաբերության համար կարևոր գիտական հետազոտությունների մշակումները, մասնավորապես, էլեկտրաքիմիական եղանակով հազվագյուտ մետաղների ստացումը, առանձնապես ռենիումի էլեկտրաքիմիական ուսումնասիրությունները, ռենիումի վերականգնումը մետաղական ցինկի և երկաթի միջոցով, հեղուկ խառնուրդներից ռենիումի կորզման նպատակով։ Օլգա Ալեքսանդրովնան մշակեց և արտադրության մեջ ներդրեց գործարանային մետաղախարամներից ռենիումի ստացման տեխնոլոգիան։ Այդ աշխատանքի համար Օլգա Ալեքսանդրովնա Սուվորովան 1950 թվականին արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի։ Ջրային լուծույթներից ռենիումի էլեկտրանստեցման մեթոդի նյութերը հիմք են հանդիսացել Սուվորովայի դոկտորական ատենախոսության համար, որը նա պաշտպանել է 1963 թվականին։

1970 թվականին Սուվորովային շնորհվել է պրոֆեսորի կոչում։ Սուվորովայի ղեկավարությամբ էլեկտրաքիմիայի բնագավառում գիտական հետազոտություններ են կատարել Կ. Ա. Ախանբաևը, Վ. Ա. Բոբրովը, Բ. Ն. Ալմաշին, Կ. Ա. Նուրումբետովը, Յա. Ն. Սուշկովը։ Օլգա Սուվորովան ավելի քան 34 գիտական աշխատանքների և 4 հեղինակային իրավունքների վկայականների հեղինակ է։

1976 թվականից հետո Օլգա Ալեքսանդրովնա Սուվորովայի ճակատագիրն անհայտ է։ Նրա մահվան և թաղման վայրի մասին նույնպես տվյալներ չկան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ольга Александровна Суворова // Казахская советская энциклопедия - Қазақ Кеңес энциклопедиясы. - Алма-Ата: Қазақ энциклопедиясы, 1976. - Т. 10. - С. 435.

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Кафедра химии // Химия кафедрасы». Казахский национальный педагогический университет имени Абая. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին. (ղազախ.)
  • Александр Ляхов. «Казахстанский календарь». Lyakhov.KZ. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.