Քնար հայկական (ընկերություն)

ընկերություն

«Քնար հայկական», առաջին հայկական երաժշտական ընկերությունը։ Հիմնադրվել է Կ. Պոլսում 1862 թվականի[1] մարտին՝ կոմպոզիտոր Գաբրիել Երանյանի նախաձեռնությամբ։

Քնար հայկական
Տեսակկազմակերպություն
Երկիր Թուրքիա
Հիմնադրված1862 թվական
Լուծարված1863 թվական
Նպատակներժողովրդի մեջ արթնացնել երաժշտական ոգին
Գլխադասային գրասենյակԿոստանդնուպոլիս

Ընկերությանն անդամակցել են երաժիշտներ Գաբրիել Երանյանը, Տիգրան Չուխաճյանը, Եղիա Տնտեսյանը, Նիկողոս Թաշչյանը, Հ. Չերչյանը, Գ. Խանջյանը, Գրիգոր Սինանյանը, Ռ. Փափազյանը և ուրիշներ, գրողներ, գրականագետներ, թատերական ու քաղաքական գործիչներ Մկրտիչ Պեշիկթաշլյանը, Գրիգոր Օտյանը, Նահապետ Ռուսինյանը, Հարություն Սվաճյանը, Գրիգոր Աղաթոնը, Սրապիոն Հեքիմյանը և ուրիշներ։

«Քնար հայկական» ընկերության հիմնական նպատակը եղել է ժողովրդի մեջ երաժշտական ոգին արթնացնելը՝ «Քնար հայկական» հանդեսի, անվճար դասախոսությունների, եվրոպական նոտագրություն և նոր հայկական ձայնագրություն սովորեցնելու և այլնի միջոցով։

Հիմնադրել են 35-հոգանոց սիմֆոնիկ նվագախումբ (դիրիժոր՝ Գրիգոր Սինանյան), հանդես եկել համերգներով. երկացանկում ընդգրկված են եղել հիմնականում եվրոպացի դասական կոմպոզիտորների գործերից։ Ստեղծել ու տարածել են նաև ազգային-հայրենասիրական երգեր, պարերգեր, թատերական երաժշտություն։ Գաբրիել Երանյանը և Տիգրան Չուխաճյանը գրել են նոր ազգային-հայրենասիրական երգեր («Կիլիկիա», «Եղբայր եմք մեք», «Ոհ, ինչ անուշ» և այլն)։

Ընկերությունը նպաստել է ազգային ինքնագիտակցության զարթոնքին, ժողովրդի հասարակական-քաղաքական, գեղագիտական դաստիարակությանը։

1863 թվականին ավարտել է իր գործունեությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։