Փոքր Էրմիտաժ (ռուս.՝ Малый Эрмитаж), պետական Էրմիտաժի թանգարանային համալիրի կազմում ընդգրկված ճարտարապետական հուշարձան, որը 1764-1775 թվականներին կառուցել են ճարտարապետներ Ժան Բատիստ Միշել Վալեն Դելամոտը և Յուրի Ֆելտենը։ Թանգարանի մասնաշենքերը, որոնք նայում են Պալատական առափնյային և Միլիոննայա փողոցին և կապող օղակ են հանդիսանում բարոկկո ոճով կառուցված Ձմեռային պալատի և կլասիցիզմի հուշարձաններ՝ Մեծ և Նոր Էրմիտաժների միջև։ Եկատերինա II-ը սովորություն ուներ այդտեղ կազմակերպել ներկայացումներ և ժամանցային երեկոներ՝ փոքրիկ էրմիտաժներ, որի շնորհիվ էլ ճարտարապետական հուշարձանը ստացավ այդ անվանումը։

Տեսարժանություն

Small Hermitage SPB 01.jpg

Շինարարության պատմությունԽմբագրել

 
Յուրի Ֆելտեն։ Փոքր Էրմիտաժի երկայնական հատվածը: 1767 թվական

1762 թվականին հրաման է տրվել ապամոնտաժել Նիկոլայ Գոլովինի և Կոռնելիուս Կրուիսի խարխուլ տները, իսկ նրանց փոխարեն կառուցել ախոռներ վարձկան ձիերի համար, կառասրահներ՝ կառքերի համար և փայտյա բակ։ Սակայն Վարֆոլոմեյ Ռաստրելլիի նախագծով Ձմեռային պալատը պետք է լայն տեսադաշտ ունենար, այդ թվում՝ արևելյան կողմից։ Ճարտարապետը, այնուամենայնիվ, ներկայացրել էր իր նոր կառույցների նախագիծը[1], սակայն դրա իրականացումը հետաձգվել էր։ Ապագա Փոքր Էրմիտաժի շենքի, ինչպես նաև ախոռների և ձիավարժարանին զուգահեռ շենքերի կառուցումը սկսվել է միայն 1764 թվականին Յուրի Ֆելտենի ղեկավարությամբ։ Կոմպոզիցիայի առանցքը պետք է լիներ «Ջերմոցային տուն»-ը` պալատական առափնյային նայող տաղավար, այնտեղից դեպի հարավ տարածվող կախովի այգին։ Այնուամենայնիվ, առաջինը կառուցվել է Կախովի այգու հարավային հատվածը, որի տաղավարը նայել է Միլիոննայա փողոցին («Հարավային տաղավար»)։ 1769 թվականին ավարտվել է նաև Հյուսիսային տաղավարը (նախագիծը մշակել է Ժան Բատիստ Միշել Վալեն Դելամոտը), ընդ որում տաղավարում տեղադրվել է բարձրացնովի սեղան և ստեղծվել են հատուկ սրահներ «Էրմիտաժների» (ֆր.՝ ermitage - մեկուսանալու վայր) կազմակերպման համար։ Շինարարական և հարդարման աշխատանքներն ավարտվել են 1775 թվականին՝ եզրային պատկերասրահների կառուցմամբ։

Հյուսիսային տաղավարԽմբագրել

 
Տեսարան Պալատական առափնյա տարածքից

Փոքր Էրմիտաժի ստեղծման պատմությունը սկսվել է այսպես կոչված «Ջերմոցային տան» գաղափարից, որի ներսում պետք է լիներ ձմեռային այգի՝ էկզոտիկ բույսերով, որտեղ կբնակվեին թռչուններ և փոքր գազաններ։ Սակայն այդ տաղավարի նախագիծը երկար ժամանակ չի հաստատվել, ուստի նախ սկսվել է Կախովի այգու հարավային հատվածի շինարարությունը։ Միայն 1768 թվականի մարտին «քարե ջերմոցի» փայտե մոդելն ուղարկվել է Մոսկվա, որտեղ այն ժամանակ գտնվել է Եկատերինա II-ը, փորձարկման և դիտողություններով վերադարձվել է ճարտարապետ Յուրի Ֆելտենին[2]։

Նևային նայող տեսարանով տեղակայված է եղել սրահ, իսկ կողքերից երկու առանձնասենյակներ։ Մասնավորապես, արևելյան կողմում գտնվել է բարձրացնովի սեղան, որը սպասարկվել է շենքի ստորին հարկում և բարձրացնող մեխանիզմի միջոցով հայտնվել է սրահում (ինչպես Ցարսկոյե Սելոյի Էրմիտաժում պահպանված մեխանիզմը)։ Ավելի ուշ «Էրմիտաժ» անվանումը հաստատվել է հենց այս շենքի համար (ֆր.՝ ermitage - մենության վայր)։ Այստեղ, օրվա հոգսերից հետո, մի քանի մտերիմ մարդկանց շրջապատում (15 հոգուց ոչ ավելի) կայսրուհին սիրել է առանձնանալ, զբաղվել թղթախաղով, ճաշել։ Սակայն Էրմիտաժի ամենամեծ գանձերը դարձել են Եկատերինա II-ի ձեռք բերած նկարներն ու քանդակները, որոնք հիմք են հանդիսացել ապագա թանգարանի հավաքածուի համար։ Բոլոր սենյակների պատերը զարդարված են եղել մի քանի շարք նկարներով։

Տաղավարի հարավային մասում, որտեղ այժմ հատակը զարդարված է անտիկ խճանկարի պատճենով, գտնվել է ձմեռային այգին, որի կենտրոնում արձան է եղել տեղադրված։ Այգու վերին հարկի ճաղավանդակի վրա տեղադրված դեկորատիվ լայնաբերան մեծ տակառների մեջ աճեցրել են թուրինջի և մրտենու ծառեր։ Ձմեռային այգու առկայությամբ էլ պայմանավորված է եղել տաղավարի նախնական անվանումը՝ «Ջերմոց», ինչպես նշված է արխիվային փաստաթղթերում։ Ինտերիերի ձևավորումը լրացնում են բյուրեղյա ջահերը։ Ճարտարապետ Ժան Բատիստ Միշել Վալեն Դելամոտի կողմից նախագծված շենքի ճակատային մասն առանձնացել է վաղ դասականության ճարտարապետական ձևերի հարստությամբ և նրբագեղությամբ։ Երկու վերին հարկերը զարդարված են վեց կորնթյան սյուներից բաղկացած սյունասրահով և երկու քանդակով՝ Ֆլորայի և Պոմոնայի արձաններով։ Քանդակագործ Ա. Պանովը 19-րդ դարի կեսերին փայտե արձանների փոխարեն ստեղծել է մարմարե արձաններ։

Շենքն ամբողջացնում է ձեղնահարկը՝ գեղեցիկ քանդակագործական խմբով։ Փոքր Էրմիտաժի հյուսիսային տաղավարում է գտնվում Տաղավարային սրահը, որը 1850-ականներին ստեղծել է Անդրեյ Շտակենշնեյդերը։ Այնտեղ է գտնվում նաև հանրահայտ «Պավլին» ժամացույցը։

Հանրահայտ բնակիչներԽմբագրել

Տաղավարային սրահի տակ կային ծառայողական բնակարաններ, որոնք տարբեր ժամանակներում զբաղեցրել են՝

  • Պալատի պահակախմբի ղեկավարը, այսպես կոչված, «դարպասների մայորը», մշտապես բնակվել է առաջին հարկում,
  • 19-րդ դարի առաջին քառորդ – օբեր-հոֆմարշալ Կիրիլ Նարիշկինը,
  • Մինչև 1850 թվականը՝ Ֆրանց Լաբենսկին՝ Էրմիտաժի հավաքածուների պահապանը,
  • 1859-1873 թվականներին՝ օբեր-հոֆմարշալ Անդրեյ Շուվալովը։ Առաջին հարկում է գտնվել ընդունարանը, աշխատասենյակը, հյուրասենյակը, ննջասենյակը և գրասենյակային տարածքը, միջնահարկում՝ ճաշասենյակը, հյուրասենյակը, կնոջ աշխատասենյակը, ննջասենյակը, սպասուհու սենյակները, նկուղում՝ ծառայողների, սպասավորի, մատուցողի սենյակներ և այլն[3],
  • 1899 - 1909 թվականներին - Իվան Վսևոլոժսկին, կայսերական Էրմիտաժի տնօրենը,
  • 1910 - 1918 թվականներին՝ Կայսերական Էրմիտաժի տնօրեն Դմիտրի Տոլստոյը[4]։

Հարավային տաղավարԽմբագրել

Դեպի Միլիոննայա փողոց դուրս եկող Հարավային տաղավարը Ֆելտենը որոշել է միացնել անցյալում հայտնված բարոկկո և նոր ձևավորվող կլասիցիզմի ոճերի համադրմամբ։ Առաջին հարկի հարդարանքը կրկնել է Ձմեռային պալատի ճակատային մասի գեղազարդման մոտիվները։ Ճարտարապետը հաջորդ երկու հարկերը բաժանել է սյուներով և զարդարել հարթաքանդակներով։ 1840-1843 թվականներին Վասիլի Ստասովը կառուցել է չորրորդ հարկը։ Հարավային տաղավարում տեղակայվել են բնակարաններ։ Այսպիսով, 1858 թվականից Վարվառա Նելիդովան բնակվել է առաջին հարկի բաց վերնասրահում[5]։

Կախովի այգինԽմբագրել

 
Կախովի այգին

Դեռևս մինչև 1763 թվականին կայսրուհի Եկատերինա II-ի Մոսկվայից վերադարձը, ցուցում է տրվել նոր պալատում կառուցել Կախովի այգի։ 1764 թվականին շտապ կարգով սկսվել են այդ եզակի կառույցի շինարարության աշխատանքները, և արդեն 1766 թվականին կառուցված հարավային հատվածում տնկվել են ծառեր և թփեր։ 1769 թվականից սկսած այգու կողային հատվածներում սկսել են կառուցել պատկերասրահներ։ Այգու հատակագծումը կատարվել է շինության ստորին մասում ընկած տարածքների՝ վառելափայտ պահելու համար նախատեսված ցախանոցների փոխդասավորության հիման վրա։ 1841 թվականին այդ ցախանոցները և այգին վերակառուցել է Վասիլի Ստասովը։

Ձիամարզարան և ախոռներԽմբագրել

1840-ական թվականներին Փոքր Էրմիտաժի վերակառուցման ժամանակ ճարտարապետ Վասիլի Ստասովը վերակառուցել է նաև Կախովի այգու տակ գտնվող տարածքը։ Այստեղ հարավային և հյուսիսային տաղավարների արանքում կառուցվել են ձիամարզարանը, ախոռները և կառքերի կայանատեղը։ Հզոր սյուների վրա քարե կամարներ են կառուցել, բարեկարգել են սրահների առաստաղի կամարները։ Ձիամարզարանում հզոր սյուների վրա հենվում են մեծ բացվածքով կամարները, ձեղնահարկի մակարդակի վրա պարագծի երկայնքով կառուցվել է պատկերասրահ։ Ախոռներում կամարները հենված են գրանիտե սյուների վրա։ Նոր կառուցված նկուղներում տեղադրված է պրոգրեսիվ ջեռուցման համակարգ՝ Արմմոսովյան վառարաններ։ Տաք օդը մտնում է նաև ամրաշինական կամարների մեջ, որոնք նախագծված են առաջին հարկի կամարների և Կախովի այգու միջև։ Կառուցվել է յուրահատուկ կոյուղու համակարգ, որը կատարելագործվել է Անդրեյ Շտակենշնեյդերի կողմից 1870-ականներին։ Ախոռներում ձիերի համար տեղադրվել են գրանիտե խմոցներ, ստեղծվել է ջրամատակարարման համակարգ։

 
Ձիամարզարանի և ախոռների վերակառուցման նախագիծ։ 1940

1931 թվականին Էրմիտաժի վարչակազմը, փորձելով լուծել ֆինանսական դժվարությունները, ախոռներն ու ձիամարզարանը վարձով է տվել Օսոավիախիմի հեծելազորային դպրոցին։ 1938-1940-ական թվականներին Էրմիտաժի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Սիվկովը կատարել է ձիամարզարանի և ախոռների վերակառուցում ցուցասրահների համար։ Այս սրահների հատակը պատրաստված է եղել լցնովի խճանկարով։ Ապամոնտաժվել են ախոռի դարպասները, մասամբ փոխվել են նաև առաջին հարկի բացվածքները։ Պատերազմից հետո՝ մինչև 1958 թվականը, նախկին ախոռներում ցուցադրվել է Պերգամոնի զոհասեղանի եզրազարդը, որը բերվել է Բեռլինից[6]։ Մարմարե բարձրաքանդակները մոնտաժվել են սրահի պարագծի երկայնքով և դասավորվել հատուկ պատվանդանի վրա։

Մինչև 2014 թվականը թանգարանի պահոցը գտնվել է նախկին ձիամարզարանում և ախոռներում, 2014 թվականի դեկտեմբերին սրահներն ընդունել են առաջին այցելուներին, իսկ պահեստը տեղափոխվել է Ստարայա Դերևնյա։ 2016 թվականից Շուվալովսկի անցումի կողմից կառուցվել է լրացուցիչ մուտք դեպի թանգարան՝ ինտերնետ տոմսերով այցելուների համար[7]։

Սիվկովսկի անցումԽմբագրել

Շենքի կենտրոնում առաջին հարկի վերնասրահի մակարդակում կառուցվել է միջանցք, որը հնարավորություն է տվել միացնել Ձմեռային պալատի առաջին հարկերը (Հին Եգիպտոսի դահլիճի միջով) և Նոր Էրմիտաժը։ Շենքերի միջև անցումները երկու կողմից ապակեպատ են և ունեին բավականին շքեղազարդ դասական տեսք։ Աստիճանները, հատակը և պատերը զարդարված են կարարայի մարմարով, որն այստեղ է բերվել Ձմեռային պալատի կայսր Նիկոլայ II-ի նախկին բաղնիքից[8]։ Շենքի մութ պատկերասրահ-անցումը ձևավորված է խիստ լակոնիկ։ Անցումի հատակը երկգույն ցեմենտի սալիկներից է, հարթ պատերի թեթև քիվերի վրա հենվում են կամարները, որոնք պատված էին կարմիր կարմին երանգով։ Դռները պատրաստված են կարմիր փայտից, որոնք տանում են դեպի պատշգամբներ, որտեղից էլ տեսարան է բացվում դեպի նոր կահավորված սրահներ։

ԳրականությունԽմբագրել

  • В. М. Глинка, Ю. М. Денисов, М. В. Иогансен и др.; Под общ. ред. Б. Б. Пиотровского  / Эрмитаж. История строительства и архитектура зданий. — Л.: Стройиздат, Ленинградское отделение, 1989. — С. 313. — 560 с. — ISBN 5-274-00375-3
  • А. Н. Петров, Е. А. Борисова, А. П. Науменко и др.; Гл. ред. Г. Н. Булдаков  4-е изд. / Памятники архитектуры Ленинграда. — Л.: Стройиздат, Ленинградское отделение, 1976. — С. 62. — 574 с.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Б. Ф. Растрелли. Генплан Зимнего дворца 1762 г. (Национальная библиотека в Варшаве)
  2. РГИА, ф. 467, оп. 2 (73/187), д. 111, л. 94-97
  3. Светлана Фёдоровна Янченко А. В. Сивков. Дворцы Эрмитажа в советский период.. — СПб.: Гос. Эрмитажа, 2018. — С. 142. — 550 с. — ISBN 978-5-93572-788-8
  4. Архив ОИРПА Государственный Эрмитаж. Ф. 2. Оп. 2. Д. 19. Л. 1
  5. РГИА, ф. 469, оп. 11, д. 169, л. 77-78; д. 189, л. 1; Ф. 485, оп. 2, д. 315, л. 2.
  6. «Ведущая программы "Путешествие в Эрмитаж" Анна Всемирнова рассказывает об истории Пергамского алтаря»։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-24-ին։ Վերցված է 2021-12-12 
  7. Отдельный вход в Главный музейный комплекс через Шуваловский проезд открыт для посетителей с интернет-билетами или подарочными картами, членов творческих союзов художников, архитекторов, дизайнеров РФ, членов ICOM
  8. С. Ф. Янченко А. В. Сивков. Дворцы Эрмитажа в советский период.. — СПб.: Гос. Эрмитажа, 2018. — С. 235. — 550 с. — ISBN 978-5-93572-788-8

Արտաքին հղումներԽմբագրել