Փիրումաշենի եկեղեցի
Փիրումաշենի եկեղեցի, հայ Առաքելական Սուրբ եկեղեցի Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղից մոտ 2 կմ հյուսիս-արևմուտք[1]։
Փիրումաշենի եկեղեցի | |
---|---|
Փիրումաշենի եկեղեցի | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Եկեղեցի |
Երկիր | Արցախ |
Տեղագրություն | Ասկերանի շրջան, Արցախ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Արցախի թեմ |
Ներկա վիճակ | վերանորոգված |
Կառուցման սկիզբ | 17-րդ դար |
Առաջին հիշատակում | 12-ին դար |
Անուն
խմբագրելԵկեղեցու պատմական անունը հայտնի չէ։ Գտնվելով Փիրումաշեն կոչվող տեղամասում՝ այն սկսել է կոչվել այդ անունով։ Այդ տեղամասում ժամանակին եղել է գյուղ, որն ամայացել է թյուրքական արշավանքների պատճառով[1][2]։
Պատմություն
խմբագրելԿառուցման ժամանակագրություն
խմբագրելԸստ որոշ հիշատակումների՝ եկեղեցին կառուցվել է արդեն գոյություն չունեցող Փիրումաշեն գյուղի հիմնադրումից մոտ 2 դար հետո։ Համաձայն Նիկողայոս-Քևխոյանի՝ այն կառուցվել է 1554 թվականին[3], սակայն քանի որ եկեղեցու որմերին կառուցման թվականը պարունակող արձանագրություն չկա, որոշ ուսումնասիրողների կողմից կասկածելի է որակվել[1]։
Համաձայն Արցախի կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության կողմից կազմված Արցախի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկի՝ այն թվագրվում է 12-ից 13-րդ դարերի[4]։
Շինարարական արձանագրությունների բացակայության պայմաններում տեղում կատարված ուսումնասիրությունները ու վերլուծությունները որոշ տեղեկություններ են տալիս եկեղեցու կառուցման ժամանակի մասին[1]։ Ըստ այդ ուսումնասիրության՝ քանի որ եկեղեցու պատի մեջ են տեղադրված 1600-ական թվականներին թվագրվող խաչքարեր, որոնք նախկինում տեղադրված են եղել որպես գերեզմանաքարեր, ապա եկեղեցին ներկա տեսքով կառուցվել է նշված թվականից հետո[1]։
Համեմատելով Արցախի տարածքում գտնվող, 16-ից 17-րդ դարերում կառուցված այլ եկեղեցիների հետ՝ առկա են բազմաթիվ նմանություններ։ Ճարտարապետական կառուցվածքով Փիրումաշենի եկեղեցին նման է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի Մարխաթուն, Տող գյուղի Անապատ, Ասկերանի շրջանի Հարավ գյուղի Բովուրխանի վանքի, Քաշաթաղի շրջանի Բերքնի գյուղի եկեղեցիներին, Գարդմանքի (Հյուսիսային Արցախ, ներկայում՝ Ադրբեջանի Խանլարի շրջան) Միրզիկ գյուղի Քարհանի վանքի եկեղեցուն, Մարտունաշեն գյուղի Միջիվանքին և այլն։ Այս ամենը ուսումնասիրողներին հուշել է որ, Փիրումաշենի եկեղեցին իր ներկա տեսքով կառուցվել է 17-րդ դարում[1]։
Խորհրդային ժամանակաշրջան
խմբագրելԽորհրդային Միության իշխանության տարիներին, երբ նախկին Փիրումաշեն գյուղի տարածքը մտնում էր Խորհրդային Ադրբեջանի կազմում ներառված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կազմի մեջ, տեղանքը վերածվել է կաթի արտադրության ֆերմայի, իսկ եկեղեցին՝ պահեստի։ Այդ տարիներին եկեղեցու արևմտյան ճակատին փոքր արտադրամասի համար կառուցվել է կիսածածկ, որի գերանները տեղադրվել են եկեղեցու պատին բացված անցքերի մեջ։ Խորհրդային տարիներին եկեղեցու կիսաքանդ պատերը մասամբ վերանորոգվել են, իսկ տանիքը ծածկվել ազբոշիֆերով[1]։ Մինչև Արցախի Հանրապետության անկախությունը եկեղեցին գրեթե կիսաքանդ և ավերված վիճակում էր[1]։
Արցախի Հանրապետության ժամանակաշրջան
խմբագրելԽՍՀՄ փլուզումից և Արցախյան ազատամարտից հետո եկեղեցին դադարել է ծառայել որպես պահեստ։ 1990-ական թվականներին եկեղեցու ներսը և հարակից տարածքը մաքրվել են կուտակված հողից և աղբից[1]։
Եկեղեցու վերակառուցման նպատակով 2010 թվականին Արցախի կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պատվերով Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունը պատրաստել է եկեղեցու վերականգնման նախագիծ։ Արդեն 2014 թվականին եկեղեցու հիմնովին վերակառուցման աշխատանքներն ավարտվել են[1]։
Ճարտարապետական նկարագիր և կառուցվածք
խմբագրելԵկեղեցին առաջին անգամ չափագրել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը 1980-ական թվականներին[1][2]։
Փիրումաշենի եկեղեցին իր ճարտարապետական հորինվածքով միանավ բազիլիկ է։ Այն ունի երկթեք ծածկ, մեկ զույգ խոր որմնամույթ՝ 120-130 սմ։ Խորանին կից գտնվում է երկու ավանդատուն[1]։ Խոր մույթերի շնորհիվ երկայնական պատերին կից առաջացել են մույթերից դեպի արևմուտք և արևելք ձգվող չորս շուրջ 100 սմ խորությամբ որմնակամարներ։ Եկեղեցու աղոթասրահի գլանաձև թաղը հենված է որմնամույթերն իրար միացնող կամարին և իր հիմնամասում նստած է նշված որմնակամարների վրա։
Եկեղեցու շքամուտքի համեմատական վերլուծությունը հուշում է, որ այն բնորոշ է 17-ից 19-րդ դարերին։ Մուտքի ճակատային հորինվածքը նույնպես բնորոշ է ուշ ժամանակաշրջանին։ Շրջանակը սլացիկ կերպով վեր է ձգվում՝ մուտքի բացվածքը թողնելով ներքևում[1]։
Եկեղեցու առանձին ճարտարապետական առանձնահատկությունները բնորոշ են 16-ից 17-րդ դարերին։ Խորանի հյուսիսային խորշը զարդարող բարավորն ունի եռակամար հորինվածք։ Արևելյան պատուհանի պսակի քարը կրկնակամար է[1]։
Փիրումաշեն եկեղեցու ճարտարապետական հորինվածքի լուծումները որմնանկարներից վեր առաջացնում են մեծ ծավալներ։ Այդ հատվածներում կրաբետոնե լիցքի մեջ առկա են դատարկ տարածություններ եկեղեցու ամբողջ երկայնքով։ Այդպիսի լուծում տրվել է ծանրությունը թեթևացնելու նպատակով[1]։
Եկեղեցին հարավից չունի պատուհաններ։ Արևելյան կողմում ունի երկու, հարավային և արևմտյան կողմերում՝ մեկական պատուհան[1]։
Խաչքարեր
խմբագրելԵկեղեցու պատերի մեջ և շրջակայքում կան բազմաթիվ խաչքարեր։ Պատերի մեջ առկա խաչքարերից 9-ը արձանագիր են։ Դրանցից երկուսը տեղադրված են շքամուտքի հարավային և հյուսիսային կողմերում, որոնք ունեն համապատասխանաբար հետևյալ արձանագրությունները՝ «Խաչ|չս|․․․|ին» և «Սբ․ խաչ|ս (բ)արէ|աւս | Խաչ|․․․կ|ին»։ Արձանագիր խաչքարերից մյուս երկուսը տեղադրված են խորանի հարավային խորշերում և պարունակում են հետևյալ արձանագրությունները՝ «Խաչս | Էըային(՞)» և «Խաչս | Հումին»։ Արձանագիր հինգ խաչքար գտնվում են խորանի հյուսիսային խորշում և պարունակում են հետևյալ արձանագրությունները՝ «Խ|ան|ումին», «Խա|չս | ․․․ու․․․ա․․․ին», «․․․ին», «․․․քին» և «Թվ(ին) |ՌԿ|Դ» (1615թ․)[1]։ Մինչև եկեղեցու պատերի մեջ տեղադրվելը խաչքարերն ի սկզբանե ստեղծվել են որպես գերեզմանաքարեր, ինչը նշանակում է, որ տարածքում նախկինում եղել է գերեզմանոց[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 «Վարձք պարբերական թիվ 14, էջ 10-ից 17։» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 1-ին.
- ↑ 2,0 2,1 Մկրտչյան Շ․, ԼՂՀ պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985։
- ↑ Արցախեցի, Սարուշէն գիւղը, «Արաքս», 1893, գիրք Ա, էջ 44։
- ↑ Արցախի կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության կողմից կազմված «Արցախի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ»։