Փիրուզ, բաց երկնագույն կամ կանաչ գույնի գեղեցիկ միներալ, ալյումինիումի և պղնձի բյուրեղահիդրացված ֆոսֆատ - CuAl6[PO4]4(OH)8·5H2O, կառուցվածքը` տրիկլինային։ Համարվում է Արևելքի ամենասիրված քարը։ Մինչև վերջերս Հայաստանում դրա հանքավայրերը ընդհանրապես հայտնի չէին։ Փիրուզը այն հազվագյուտ կիսաթանկարժեք քարերից է, որին հազարամյակներ շարունակ աշխարհի տարբեր մասերում բազմաթիվ ժողովուրդներ երկրպագել են։ Փիրուզին նվիրել են գիտական հետազոտություններ, անթիվ լեգենդներ ու հավատալիքներ, հին և ժամանակակից բանաստեղծություններ։ Փիրուզը փառաբանվել է Պարսկաստանում և Չինաստանում, Եգիպտոսում և Մեքսիկայում։ Դեռևս հռոմեացի գիտնական Պլինիուս Ավագը (մ․թ․ 1-ին դար) նշել է, որ փիրուզը «կովկասյան լեռների բնակիչների մոտ կա»։ Բայց ոչ Հայաստանում, ոչ էլ հարևան շրջաններում Պլինիուսի ասածը հավանություն չի գտնում։ Նյութը հայտնի է մի շարք անուններով, բայց փիրուզ անվամբ հայտնի է 17-րդ դարից։ Հանքանյութը սկզբում Եվրոպա է բերվել Թուրքիայից[3]։

Փիրուզ (քար)
Ընդհանուր
Կատեգորիամիներալների տեսակ
Բանաձև
(կրկնվող միավորը)
CuAl₆(PO₄)₄(OH)₈·4H₂O
Նիկել-Շտրունցի դասակարգում8.DD.15[1]
Դանա դասակարգում42.9.3.1
Գույնturquoise?
Բյուրեղային համակարգտրիկլինային համակարգ[1]
Ենթակատեգորիաturquoise mineral group?[2] և phosphate mineral?
Փիրուզ
Պարսկական փիրուզ Իրանից

Կիրառություն խմբագրել

Միջնադարյան հայ ոսկերիչները բարձր էին գնահատում փիրուզը և այն համարում բոլոր քարերից ամենալավը։ Օգտագործելով Արևելյան Պարսկաստանի Նիշապուրի հանքերի փիրուզը՝ հայ ոսկերիչները ստեղծել են գլուխգործոցներ, որ հարյուրամյակներ են գոյատևել։ Դրանցից ամենահայտնին Ադամանդե գահն է, որ պատրաստել են Իսպանիայի հայերը 1659 թվականին Պետրոս Առաջինի հոր՝ Ալեքսեյ Միխայլովիչ ցարի համար։ Բացի 900 փոքր ու մեծ ադամանդներից և 1300 հակինթներից, գահը ծածկված էր անհամար ավելի քան 18000 փիրուզներով։ Դա, թերևս, ամենաթանկարժեք իրն է, որ պահպանվում է Մոսկվայի Կրեմլի զինապալատի թանգարանում։ Գահի ուրվագծի հեղինակին՝ հայ տաղանդավոր նկարիչ Բոգդան Սալթանովին, հետագայում հրավիրեցին Մոսկվա, որտեղ նա զարդարում է թագավորական պալատները։

Հնուց հայտնի է, որ փիրուզը սերտ կապված է պղնձահանքերի հետ։ Եգիպտական փարավոնները փիրուզից հալում էին այդ ժամանակ շատ թանկարժեք այդ մետաղը։ Քերովբե Պատկանյանի կարծիքով «փիրուզը դարձավ պղնձի գոյացուցիչ տարրը»։ Մինչև վերջերս երկրաբանության մեջ թագավորում էր մի տեսություն, որի համաձայն փիրուզն առաջանում է քարքարոտ շոգ անապատներում։ Սակայն այդ քարը դիմացկուն չէ բնության մեջ կարող է պահպանվել միայն չոր կլիմայի պայմաններում։ Փիրուզը, որ համարվում է հավիտենության խորհրդանշան, ապրում է ընդամենը մոտ 50 տարի։

Փիրուզ Հայաստանում խմբագրել

Պլինիոս Ավագից երկու հազար տարի հետո խորհրդային խոշոր երկրաբան Ալ. Ֆերսմանը նորից կանխագուշակեց Հայաստանում փիրուզի հայտնաբերումը։ Նա գրում է.

  Անդրկովկասի պղնձի շրջանները գունագեղ քարերով վաղուց ի վեր պետք է ուշադրություն գրավեին  

Այդ քարերի մեջ հիշատակվում է նաև փիրուզը։ 70-ական թվականների սկզբներին Հյուսիսային Հայաստանի լեռնային անտառներում գտնվեց մի գեղեցիկ երկնագույն միներալ։ Սկզբում կարծեցին, թե հարուստ պղնձահանք են հայտնաբերել, որ կարող է հումքային բազա դառնալ Ալավերդու կոմբինատի համար։ Բայց բազմակողմանի հետազոտությունները հաստատեցին, որ երկրաբանների ձեռքում հայկական փիրուզ է հայտնվել։ Փոխվեց գիտնականների տեսակետը փիրուզի առաջացման մասին։ Այժմ փիրուզ որոնում են ինչպես չորային շրջաններում, այնպես էլ խոնավ վայրերում։

Հայ երկրաբան Արթուր Օհանյանը առաջարկեց փիրուզը նմանակել փիրուզով, ավելի ճիշտ՝ փոշիով, որ ստացվում է մշակելու ժամանակ։ Մեծ ճնշման տակ պնդացած փոշին իր հատկություններով չի տարբերվում իսկական փիրուզից։ Հայկական փիրուզը ծնվում է ոչ միայն ընդերքում, այլև լաբորատորիաներում[4]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 mineralienatlas
  2. Back M. E., Mandarino J. A., Fleischer M. Fleischer’s Glossary of Mineral Species 2014 — 11 — Tucson: The Mineralogical Record, 2014.
  3. Turquoise. minerals.usgs.gov
  4. Ալեքսանդր Մելքումյան , Հայաստանի քարերի աշխարհում, Երևան, 1986
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիրուզ (քար)» հոդվածին։