Բացել գլխավոր ցանկը

Ցրոնքի կռիվը տեղի է ունեցել 1899 թվականի ապրիլի 24-ին, երբ Գուրգենը մի փոքրիկ խմբով Սասունից իջել է Մշո դաշտ՝ Սասուն վառոդ և ռազմամթերք փոխադրելու գործով: Մշո դաշտում եղած ժամանակ Սասուն հատկապես սպիտակ վառոդ փոխադրելու նպատակով անցնում է Ցրոնք: Ցրոնքում հարկ եղած պատրաստությունները տեսնելուց և բեռները Սասուն ճամբելուց հետո որոշում է ևս մեկ օր մնալ Ցրոնքի մարագներում:

Օղունք գյուղացի Մկրտիչ Երամյանը, որը գաղտնի ոստիկան էր, հետևում է Գուրգենի խմբի շարժումներին և այդ մասին լուր տալիս Բիթլիսի կուսակալին: Ապրիլի 25-ին Ցրոնքը պաշարվում է Բիթլիսից և Մուշից եկած զինվորներով, որոնց թիվն հասնում էր 1000-ի: Կառավարական զորքերը Ցրոնք գյուղի նշանավոր այրերին պատանդ են վերցնում և սկսում են գյուղի խուզարկությունը: Գյուղացիներից մեկը, չդիմանալով ծեծին և չարչարանքներին, վկայում է, որ նախորդ օրվա երեկոյան տեսել է հայդուկային խմբին, որ դեպի գյուղի մարագներն էին շարժվում:

Զորքն անմիջապես շրջապատում է գյուղի մարագները: Մարագների ուղղությամբ արձակված ոստիկանական համազարկը մնում է անպատասխան, որից հետո թուրքերը հրդեհում են մարագները: Գուրգենն իր հայդուկային խմբին հրամայում է դուրս գալ մարագներից և կռվով ճամբա բացել: Հայդուկներից ոմանք զոհվում են հենց մարագներից դուրս գալուց, մյուս մասը՝ հետագա կռվի ընթացքում:

Գուրգենի խմբի կազմում էին մշեցի Տիգրանը, աղջանցի Ռուբենը, ղարաբաղցի Փարսադանը, դաշտեցի Մկրոն, Նշանը, սասունցի Կրպոն և Վարդանը: Ցրոնքի կռվում բոլոր ութ հայդուկներն էլ սպանվում են, իսկ թուրքական զորքը տալիս է 13 զոհ և 20-ից ավելի վիրավոր: Քրդերից սպանվում է 10 հոգի: Սպանվածների մեջ էր նաև Թալիպ էֆենդին, որը Մուշի քաղաքապետն էր:

Թուրքերը կտրում են Գուրգենի գլուխը, իսկ մյուս հայդուկների մարմինները սայլերի վրա փոխադրում են Մուշ և հանձնում Մուշի հայոց հոգևոր առաջնորդ Եղիշե եպիսկոպոս Չիլինկիրյանին: Վերջինս հայ ֆիդայիների մարմիններն ամփոփել է տալիս Մուշի սուրբ Մարինե թաղամասի Կողի հայկական գերեզմանատանը: Գուրգենի մահը մեծ հարված էր ընդհանուր ապստամբության ծրագրի իրականացման համար:

Ցրոնքի կռվից հետո թուրքական կառավարությունը ձերբակալում և Մշո բանտն է նետում բազմաթիվ հայ գյուղացիների:

ԳրականությունԽմբագրել

  • Բդէեան Սարգիս եւ Միսաք, Հարազատ պատմութիւն Տարօնոյ, Գահիրէ, 1962:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։