Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ցել (այլ կիրառումներ)

Ցել, ցելադաշտ, գյուղատնտեսական հողատեսք, ցանքաշրջանառության դաշտ, վարած հող, որն ամբողջ վեգետացիայի (կամ դրա մի մասի) ընթացքում չի զբաղեցվում ցանքերով։ Համարվում է Հողի բերրիության բարձրացման, խոնավության և սննդանյութերի կուտակման, մոլախոտերի ոչնչացման բերքատվության բարձրացման արդյունավետ ագրոտեխնիկական միջոցառում։ Ցելի շրջափուլի սևահողերում կարող են կուտակվել մինչև 400–500 մգ նիտրատներ (NO3, 1 կգ-ում) և մեկ հեկտարի (2 մ շերտում) հաշվով՝ մինչև 600 տ ջուր։

Ցել արված հողակտոր
Վարելահող Ֆինլանդիայում
Երեսվար տրակտորի միջոցով

Ցելը ստորաբաժանվում է մաքուր, որի տեսակներից է սև ցելը (դրա մշակումը սկսում են ամռանը կամ աշնանը նախորդող կուլտուրայի բերքահավաքից հետո), վաղ ցելում (հողը վարում են հաջորդ տարվա գարնանը), կուլիսային ցել (եգիպտացորենի, արևածաղիկի, մանանեխի և այլ բարձրացողուն բույսերի շարքերից ստեղծվում են կուլիսներ ցելում՝ ձյան կուտակման նպատակով) և զբաղված ցելի՝ ցելադաշտում մշակվում են կարճ վեգետացիայի շրջան ունեցող բույսեր։ Դրա տեսակներից է կանաչ պարարտացման ցելը (սիդերալ), որտեղ աճեցնում են սիդերատներ (լուպին, հլածուկ, իշառվույտ, շամբալա, մաշ, վիկ, շաբդար և այլն)։

  • Մաքուր ցելերը լավագույն նախորդ են հասկավոր հացաբույսերի համար։ Մաքուր ցելում, եթե ցանվում են աշնանացան կուլտուրաներ, աշնանը կատարվում է ցրտահերկ և վարից առաջ այն պարարտացվում, իսկ վաղ գարնանը հողի մակերեսի կեղևավորած շերտը փխրեցնելու, հողից ջրի գոլորշիացումը կանխելու և մոլախոտերի ծիլերը ոչնչացնելու նպատակով դաշտը փոցխվում է։ Ամռանը հողը փխրեցնում են 3-4 անգամ տարբեր խորությամբ։ Գարնանացան կուլտուրաների համար ցելադաշտի մշակությունը սկսվում է վաղ գարնանային երեսվարից, ամռանը մի քանի անգամ այն կրկնվում է մոլախոտերը ոչնչացնելու և խոնավություն կուտակելու նպատակով (կարելի է 1-2 կուլտիվացում փոխարինել հերբիցիդների սրսկմամբ), որից հետո ամռան վերջում կատարվում է հիմնական վար։

Սևահող ցել վարում են գարնանը, իսկ ամռանը մշակում են նույն կերպ, ինչ սև ցելը։

  • Կուլիսային ցելում կուլիսների ուղղությունը պետք է լինի ուղղահայաց փչող քամիներին։ Կուլիսային կուլտուրաների ցանքը կատարվում է գարնանը՝ ամառային շրջանում ցելերի կուլտիվացման ժամանակ։ Հետագա մշակությունը այնպես է կատարվում, որ կուլիսային բույսերը չվնասվեն։ Աշնանացանների ցանքը այդ ցելերում կատարվում է կուլիսները հատող ուղղությամբ։ Մինչև կայուն ցրտերը, այդ բույսերը հզորանում են և ձմռանը նպաստում են ձյան կուտակմանն ու լավագույն պայմաններ ստեղծում աշնանացանի ձմեռման համար։

Զբաղված ցելերը կիրառվում են խոնավությամբ լավ ապահովված շրջաններում։ Ցելադաշտում վեգետացիայի սկզբից աճեցնում են վաղահաս պարենային կամ կերային կուլտուրաներ, որոնց բերքահավաքը կատարվում է աշնանացանների ցանքից 3-4 շաբաթ առաջ։ Զբաղված ցելի հիմնական մշակությունը (եթե ունի հզոր վարելաշերտ) կատարվում է խորը՝ 25-27 սմ, իսկ սակավազոր հողերի վարը՝ պակաս խորությամբ։ Պարարտացվում, է օրգանական և հանքային պարարտանյութերով, զբաղեցնող կուլտուրաների ցանքերում կատարվում է սնուցում, միջշարքային կուլտիվացումներ, պայքար մոլախոտերի դեմ։ Բերքահավաքից հետո դաշտը նախապատրաստվում է աշնանացանի համար։ Կանաչ պարարտացման ցելերում աճեցվող կուլտուրաները պետք է ցանել վաղ ժամկետներում առաջնությունը տալով աշնանացաններին։ Սիդերատների վարածածկումը կատարվում է ծաղկման կամ կանաչ ունդերի փուլում։ 3 շաբաթ անց դաշտը սկավառակվում է, իսկ աշնանացանի ցանքից 3-4 շաբաթ առաջ դաշտը կրկնավարում են։ Եթե սիդերատը լրիվ չի քայքայվել, ապա կրկնավարը փոխարինվում է խորը փխրեցմամբ։ Նախացանքային կուլտիվացումից հետո կատարվում է ցանքը։

Հնագույն ժամանակներից եղել է հողի բերրիության պահպանման, հացահատիկային բույսերի բերքատվության որոշակի մակարդակի ապահովման առավել մատչելի եղանակներից և հիշատակվել է անտիկ հեղինակների (Կատոն, Վառոն, Կոլոմելա, Պլինիոս)՝ գյուղատնտեսությանը վերաբերող աշխատություններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։