Տրիստան Կորբյեր
Տրիստան Կորբյեր (ֆր.՝ Tristan Corbière, Էդուարդ Ժոակեն Կորբյեր, իսկական անունը՝ Էդուար Ժոաշեն, հուլիսի 18, 1845[1][2][3][…], Morlaix[4] - մարտի 1, 1875[1][3][5][…], Morlaix, Ֆինիստեր, Ֆրանսիա), ֆրանսիացի սիմվոլիստ բանաստեղծ, «անիծված բանաստեղծներ» խմբի ներկայացուցիչ։
Տրիստան Կորբյեր ֆր.՝ Tristan Corbière | |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ Édouard-Joachim Corbière |
Ծնվել է | հուլիսի 18, 1845[1][2][3][…] |
Ծննդավայր | Morlaix[4] |
Վախճանվել է | մարտի 1, 1875[1][3][5][…] (29 տարեկան) |
Վախճանի վայր | Morlaix, Ֆինիստեր, Ֆրանսիա |
Գերեզման | Morlaix |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Ժորժ Կլեմեսոյի լիցեյ |
Գրական ուղղություններ | սիմվոլիզմ |
Ազգականներ | Jules E. Chenantais? |
Tristan Corbière Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԷդուար-Ժոակեն Կորբյերը ծնվել է 1845 թվականի հուլիսի 18-ին, Բրետանի ծովափնյա փոքրիկ Մորլե քաղաքում։ Նրա հայրը Ժան Անտուան Էդուար Կորբյեր-ավագը «ծովային գայլ» էր, հեռահար լողի կապիտան։ Նա ինքնուրույն և անվախ մարդ էր, ռոմանտիկ և վոլտերական։ Նա շատ է ճանապարհորդել և այդ մասին գրել է իր գրառումներում, որոնք տպագրվել են ֆրանսիական տարբեր ամսագրերում, հաճախ ընկել է տարբեր տհաճ պատմությունների մեջ, բանտարկվել է, իսկ հետո երկար ճանապարհորդություններից հոգնելով՝ հաստատվել է Մարլո փոքրիկ քաղաքում, որտեղ ամուսնացել է Տրիստանի ապագա մոր՝ Անժելիկա Կորբյեր Պյուիոյի հետ, որը 33 տարով փոքր էր ամուսնուց։ Ընտանիքում եղել է երեք երեխա, որոնցից ավագը եղել է Տրիստանը[6]։
Էդուարդ-Ժոակենն իր մանկությունը անցկացրել է Լոնեյ կալվածքում, որը հեռու չէր Մորլեից։ Երբ լրացել է նրա 14 տարին, նրա ծնողները որոշել են ուղարկել տղային Սեն-Բրիոյի կայսերական պանսիոնատ։ Բայց շուտով Կորբյերի հաջող ուսումը ընդհատվել է հոդացավի պատճառով, որը հետագայում դարձել է պարանոցի թոքախտ[7], այդ պատճառով նա ի վիճակի չէր շարունակել ուսումը և ստիպված էր ապրել իր բժիշկ հորեղբոր մոտ, որը տուն ուներ Նանտում։ Այնտեղ նա հաճախել է տեղական դպրոց, բայց երկու տարի անց հիվանդության պատճառով ստիպված էր կրկին դադարեցնել դասերը։
Տառապանքը ինչ-որ կերպ թեթևացնելու համար Կորբյերը ճամփորդել է տաք ծովերով։ Բայց դա որևէ նկատելի առաջընթացի չի հանգեցրել։ Հուսահատվելով նա որոշել է բնակություն հաստատել օվկիանոսի ափին գտնվող Ռոսկոֆ քաղաքում, որտեղ նրա հայրը փոքր տուն է ունեցել։ Այստեղ նա հաճախ ծով է գնացել իր հոր փոքր «Ստրուկի նավ» զբոսանավով (իր հոր ամենահայտնի վեպի անունով), նկարել և սկսել է գրել իր առաջին բանաստեղծությունները։ Տեղացիները նրան բրետոներեն անվանել են «Ան Անկու», որը բառացիորեն նշանակել է «Մահվան ուրվական»։ Նա ինքը խոստովանել է, որ եղել է տգեղ և ինչ-որ առումով նույնիսկ վախենալու՝ նիհար մարմնով, բարձրահասակ, ցցված մազերով։ Նա իրեն համարել է անարժեք, կյանքին չհարմարված մարդ, մեծ ժամանակ է հատկացրել կարդալուն և արվեստին։ Հուսահատությունից նա ընկերակցել է որոշ ֆրանսիացի բանաստեղծների հետ, որոնք հաճախ էին գալիս հանգստանալու Ռոսկոֆում։ Նրանցից մեկի հետ նա երկար ճանապարհորդության է մեկնել դեպի Իտալիա։ Այնտեղ նա ծանոթացել է կոմս Ռոդոլֆո դե Բատտիի և նրա սիրուհու՝ իտալացի դերասանուհի Արմիդա-Ժոզեֆինա Կուչիանիի հետ, որը հանդես է եկել բեմական Էրմինի կեղծանունով, բայց որին Կորբյերը միշտ անվանել է Մարսելա[8]։
Կորբյերը սիրահարվել էր Կուչիանիին, և այդ սերը որոշիչ է եղել նրա հետագա արվեստի համար։ Չկարողանալով դիմանալ բաժանմանը՝ նա մեկնել է Փարիզ։ Բայց նրանց միջև հարաբերությունները չեն ստացվել, շուտով իտալացի դերասանուհին հեռացել է հիվանդ բանաստեղծից։ 1873 թվականին Կորբյերը հոր փողերով հրատարակել է իր միակ «Ծուռ սեր» գիրքը։ Այն Փարիզում մնացել է բացարձակապես աննկատ, և Տրիստանը վերադարձել է Բրետան։ Այստեղ նա կրկին փորձում է գրել բանաստեղծություններ, բայց ոչինչ չի ստացվել։ Էդուար-Ժոակեն Կորբյերը մահացել է 1875 թվականի մարտի 1-ին թոքախտից իր սեփական տանը։
Ստեղծագործություններ
խմբագրել«Ծուռ սերը» (ֆր.՝ «Les Amours jaunes») Կորբյերի միակ գիրքն է, որը լի է գրոտեսկային-հեգնական քնարերգությամբ։ Այս ժողովածուի անվանումը բաղկացած է ֆրանսիական «դեղին զայրույթ»՝ բուռն կատաղություն, ուժեղ դժգոհություն, և «դեղին ժպիտ»՝ ծուռ ժպիտ, հոգնած, տանջված իդիոմներից։ Այս գրքում ներառվել են բանաստեղծի գրեթե բոլոր պոեմները։ Այնտեղ չեն ներառվել որոշ պատանեկան բանաստեղծություններ և 12 բանաստեղծություններ, որոնք հայտնաբերվել և հրատարակվել են հետմահու։ Գիրքը նույն ձևով վերահրատարակվել է 1891 թվականին։
1883 թվականի օգոստոսին փարիզյան «Լյուտենցիա» գրական շաբաթաթերթում լույս է տեսել Պոլ Վեռլենի ակնարկը՝ նվիրված Կորբյերի ստեղծագործություններին։ Նրա մասին հոդվածները եղել են «Հոդվածներ Անիծված բանաստեղծների մասին» ժողովածուի մեջ առաջինը։
«Ծուռ սերը» խորը ազդեցություն է ունեցել Թոմաս Էլիոթի վրա։ Կորբյերի բանաստեղծությունները ռուսերեն են թարգմանել Ինոկենտի Աննենսկին, Իվան Տխորժևսկին, Սերգեյ Բոբրովը, Բենեդիկտ Լիվշիցը և այլք։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.lyceedenantes.fr/julien/corbiere-edouard-joachim-dit-tristan-corbiere/
- ↑ 5,0 5,1 5,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ «Валерий Коростов». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ Цитата по: Проклятые поэты. Пер. с фр. М.Яснова. — СПб.: «Азбука-классика», 2007;
- ↑ Цитата по: Martineau R. Tristan Corbière. Paris : Le Divan, 1925.
Գրականություն
խմբագրել- Martineau R. Tristan Corbière. Paris : Le Divan, 1925.
- Thomas H. Tristan le dépossédé. Paris: Gallimard, 1972
- Dansel M. Langage et modernité chez Tristan Corbière. Paris: Nizet, 1974.
- Burch F.F. Sur Tristan Corbière: lettres inédites adressées au poète et premières critiques le concernant. Paris: A.G. Nizet, 1975
- Lunn-Rockliffe K. Tristan Corbière and the poetics of irony. London: Clarendon Press; Oxford; New York: Oxford UP, 2006
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրիստան Կորբյեր» հոդվածին։ |