Տալվորիկի կռիվներ
Տալվորիկի կռիվներ (1893, 1904), Տալվորիկի հայերի ինքնապաշտպանական մարտերը թուրքական և քրդական ուժերի դեմ։ 1893 թվականի հունիսի 1-ին քրդական ուժերը շրջապատել են Տալվորիկը, որը ռազմավարական կարևոր նշանակություն ուներ ամբողջ Սասունի համար։ Տալվորիկցիները դիմել են ինքնապաշտպանության, կռվողների թիվը կազմել է շուրջ 400 հոգի՝ Սպաղանաց Մակարի, Խչեի Գասպարի, Չուրոյի Պետրոսի, Մգրեի, Համզեի, Տեր Գաբրիելի ղեկավարությամբ։
Քուրդ մեծաթիվ զինական ուժերը երկու շաբաթ շարունակ հարձակվել են Տալվորիկի վրա, սակայն հայերը հետ են մղել բոլոր գրոհները։ Տղամարդկանց օգնել են կանայք և երեխաները։ Քրդերը, անընդհատ համալրելով իրենց ուժերը, շարունակել են հարձակումները։ Ծանր դրության մեջ հայտնված պաշտպաններին օգնության են հասել Գելիեգուզանից, Շենիկից, Սեմալից և Սասունի այլ գյուղերից, Անդոկից՝ Հրայրի խումբը, և քրդերը հետ են շպրտվել։ Հունիսի 17-ին Տալվորիկը ենթարկվել է թուրք-քրդական նոր հարձակման, որն ուղեկցվել է հայկական դիրքերի ռմբակոծությամբ։ Սակայն սակավաթիվ հայ պաշտպանները հանկարծակի հակագրոհով պարտության են մատնել հակառակորդին։ Կռիվների ընթացքում հայերը տվել են 200 զոհ, թուրքերն ու քրդերը 1000 սպանված։
1904-ի գարնանը Սասունի վրա նոր հարձակման ժամանակ թուրք-քրդական ուժերը շրջապատել են Տալվորիկը։ Ինքնապաշտպանությունը գլխավորել է Գևորգ Չաուշը, նրան օգնել են Անդրանիկի և Վահանի ֆիդայիները։ Երկարատև համառ, անհավասար մարտերի ընթացքում վերջացել է հայ պաշտպանների ռազմամթերքը, և թշնամին հրետանային ռմբակոծությունից հետո ի վերջո գրավել է Տալվորիկը։ Թուրք և քուրդ հրոսակները Տալվորիկի և Սասունի մյուս գյուղերի բնակիչներին սրի են քաշել՝ գործադրելով անմարդկային դաժանություն։
Թուրք-քրդական հարձակումները Տալվորիկի վրա և նրանց գործելակերպը վկայում են, որ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին թուրք, կառավարությունը վարել է հայահալած քաղաքականություն, իրականացրել հայկական կոտորածներ՝ նպատակ ունենալով ոչնչացնել հայ ժողովրդին։
Տալվորիկի պաշտպանությունը 1893 և 1904 թվականներին հայ ժողովրդի ագգազատագրական պայքարի հերոսական էջերից է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |