Վրաստանի արտաքին քաղաքականություն
Վրաստանի արտաքին քաղաքականություն, անկախացումից հետո Վրաստանը միտված է ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելուն։ Վրաստանը նաև տարանցիկ երկրի դեր է խաղում Հայաստանի և Ռուսաստանի, Ադրբեջանի և Եվրոպայի միջև։ 2013 թվականի դրությամբ Վրաստանի առաջատար առևտրային գործընկերներն են Թուրքիան և Ադրբեջանը։ Ռուսաստանի հետ հարաբերությունները 2008 թվականին խզվել են և լարված են մնում։ Վրաստանը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ Դոնբասի ճգնաժամի հետ կապված։
Ընդհանուր բնութագիր
խմբագրելՎրաստանի արտաքին քաղաքական նշանակությունը մեծապես պայմանավորված է տարանցիկ երկրի շահեկան դիրքով։ Հենց Վրաստանի տարածքով է անցնում ադրբեջանական ածխաջրածինների տարանցումը Թուրքիա և ԵՄ։ Հայաստանը Ադրբեջանի հետ հակամարտության պատճառով ստիպված է նաև իր արտաքին առևտուրը վարել Ռուսաստանի և Եվրոպայի հետ Վրաստանի միջոցով։ Վերջապես, Վրաստանի տարածքով անցնում է ԵՄ-ից դեպի Չինաստան ապրանքների տարանցումը՝ շրջանցելով Ռուսաստանը։ Վրաստանի արտաքին քաղաքականության վրա մեծապես ազդում է Ռուսաստանի հետ նրա լարված հարաբերությունները՝ կապված Մոսկվայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման խնդրի հետ։ Այդ պատճառով Վրաստանը ջերմ հարաբերություններ է պահպանում Ուկրաինայի, ինչպես նաև Ադրբեջանի հետ, որոնք կողմ են սահմանների պահպանմանը։ Նրանց հետ Վրաստանը մտնում է ՎՈւԱՄ տարածաշրջանային դաշինքի մեջ։ Վրացական իշխանությունները նաև խզում են դիվանագիտական հարաբերությունները բոլոր այն երկրների հետ, ովքեր ճանաչում են Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։ Վրաստանը մտնում Է ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի մեջ։ Վրաստանը միակ պետությունն է, որը դուրս է եկել ԱՊՀ-ի կազմից։
Հայաստանի հետ հարաբերություններ
խմբագրելՀայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հուլիսի 17-ին։ Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանի և Հայաստանի միջև կնքված են ավելի քան 80 պայմանագրեր, այդուհանդերձ երկրների միջև հարաբերությունները միանշանակ չեն։ Հայաստանն անդամակցում է ԵԱՏՄ-ին և ունի լարված հարաբերություններ Ադրբեջանի հետ։ Վրաստանը ունի լարված հարաբերություններ Ռուսաստանի հետ և սերտ համագործակցում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ։
Վրաստանում բնակվում են մոտ 250 000 հայեր, ովքեր հիմնականում բնակվում են հայկական պատմական Ջավախքում։ Եվ Հայաստանում, և Վրաստանում պետական բյուջեի հաշվին տպագրվում է «Վրաստան» թերթը։ Թերթում տպագրվում են հասարակական- քաղաքական բնույթի իրադարձություններ։ «Վրաստան» թերթը նախատեսված է ինչպես Վրաստանում բնակվող հայերի, այնպես էլ Հայաստանում բնակվող վրացիների համար։
Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ
խմբագրել2013 թվականի արդյունքներով Թուրքիան և Ադրբեջանը համապատասխանաբար զբաղեցրել են առաջին և երկրորդ տեղերը Վրաստանի արտաքին առևտրային շրջանառության մեջ։ Թուրքիայի համար Վրաստանը սպառման շուկա է (2007 թվականին համաձայնագիր Է ստորագրվել երկու երկրների միջև ազատ առևտրի մասին)։ 2013 թվականին թուրքական արտահանումը Վրաստան կազմել է 1,34 միիարդ դոլար, իսկ վրացական արտահանումը Թուրքիա ընդամենը 182,8 միլիոն դոլար[1]։ Անկարան նաև Վրաստանը դիտարկում է որպես տարանցիկ տարածք, առաջին հերթին ադրբեջանական ածխաջրածինների համար։ Արդեն 1994 թվականին պայմանագիր է կնքվել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղու կառուցման համար (գործարկվել է 2006 թվականին), 1999 թվականին գործարկվել Է Բաքու-Սուպսա գազատարը, 2007 թվականին բացվել Է Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարը, նույն 2007 թվականին սկսվել Է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը[2]։ Ադրբեջանի հետ Վրաստանի առևտուրն առանձնանում է ավելի մեծ հավասարակշռությամբ և երկկողմ ապրանքաշրջանառության յուրաքանչյուր կողմի մոտավորապես հավասար մասնաբաժիններով։ 2013 թվականին Ադրբեջանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 1,34 միլիարդ դոլար՝ Վրաստանից Ադրբեջան արտահանումը կազմել է 710,3 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը՝ 638,1 միլիոն դոլար[3]։
Ռուսաստանի հետ հարաբերություններ
խմբագրելՌուսաստանի հետ հարաբերությունները լարված են Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդրի պատճառով։ 2008 թվականին, հնգօրյա պատերազմից անմիջապես հետո, Մոսկվան ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։ Ի պատասխան՝ Վրաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ և դուրս եկել ԱՊՀ-ից[4]։ Արտաքին տնտեսական առումով Ռուսաստանը Վրաստանի անկախության առաջին տարիներին առաջատար դիրք էր զբաղեցնում վրացական արտաքին առևտրում՝ հանդիսանալով խոշոր գնորդ, մասնավորապես վրացական գինիներ և հանքային ջուր։ Սակայն 2006 թվականին «Ռոսպոտրեբնադզորն» արգելել է Վրաստանից գինի և գինենյութերի ներկրումը Ռուսաստան։ Արգելքի տակ են հայտնվել նաև «Բորժոմի» և «Նաբեղլավի» հանքային ջրի մատակարարումները՝ որպես որակի ռուսական պահանջներին չհամապատասխանող։ Ի պատասխան՝ Վրաստանի պատվիրակությունն արգելափակել է ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության շուրջ բանակցությունների շարունակումը։ Վրացական հատուկ ծառայությունները նաև ձերբակալել են Անդրկովկասում ռուսական զորքերի խմբում ծառայություն անցնող մի քանի ռուս զինծառայողների՝ լրտեսական գործունեության կասկածանքով (շուտով նրանք ազատ են արձակվել)։ Աստիճանաբար նվազել է նաև Վրաստանի կախվածությունը ռուսական էներգակիրների մատակարարումներից։ Մինչև 2006 թվականը Ռուսաստանը եղել է Վրաստան բնական գազի միակ մատակարարը, սակայն Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի շահագործումը փոխել է այդ իրավիճակը։ 2006 թվականին Ինգուրի ՀԷԿ-ում վերանորոգման և վերակառուցման աշխատանքների ավարտի կապակցությամբ հնարավոր եղավ դադարեցնել Ռուսաստանից էլեկտրաէներգիայի ներկրումը ամռանը։ Երկկողմ համագործակցության թուլացմանը նպաստել է Բաթումից և Ախալքալաքից ռուսական ռազմակայանների դուրսբերումը։ 2010 թվականից վրաց-ռուսական հարաբերությունները սկսել են բարելավվել։ 2010 թվականի հոկտեմբերի 11-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հրամանագիր է ստորագրել, որով Չեչնիայում, Ինգուշեթիայում, Հյուսիսային Օսիայում, Դաղստանում, Կաբարդինո-Բալկարիայում, Կարաչաևո-Չերկեսիայում և Ադիգեայում գրանցված Ռուսաստանի քաղաքացիների սահմանը հատելիս գործի կդրվի 90-օրյա անայցագիր ռեժիմ[5]։ Ռուսաստանի ԱԳՆ-ն Հյուսիսային Կովկասում բնակվող ՌԴ քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ սահմանելու մասին Վրաստանի իշխանությունների որոշումը որակել է որպես սադրանք[6]։ 2014 թվականին հարաբերությունները կրկին վատացել են, քանի որ Վրաստանը միացել է հակառուսական պատժամիջոցներին։
ԱՄՆ-ի հետ հարաբերություններ
խմբագրելԱՄՆ-ն 1992 թվականին առաջիններից մեկն է ճանաչել Վրաստանի անկախությունը։ 1999 թվականին ԱՄՆ Կոնգրեսը հավանություն տվեց «Մետաքսի ճանապարհի ռազմավարություն» օրինագծին։ ԱՄՆ-ն Վրաստանում բազմաթիվ ծրագրեր է իրականացնում, որոնք ուղղված են տնտեսական, ռազմական, պետական ոլորտներում տարածաշրջանին օգնելուն։ Դեռևս Վրաստանից ռուս սահմանապահների հեռանալուց առաջ ԱՄՆ-ն սկսեց օգնություն ցուցաբերել գործունակ սահմանապահ պահպանության ստեղծման գործում, մշակվեց վրացական սահմանապահ զորքերի տեխնիկական հագեցվածության հատուկ ծրագիր։ Ընդամենը 1998-2001 թվականներին Վրաստանի սահմանների պահպանության ապահովման համար ԱՄՆ-ն տրամադրել է 72 միլիոն դոլար։ Դա զգալի գումար է, եթե համեմատենք այն, օրինակ, Վրաստանի ռազմական բյուջեի հետ, որը 1998 թվականին կազմել է մոտ 41 միլիոն դոլար, իսկ 1999 թվականին՝ 24 միլիոն դոլար։
Վրաստան և Նիկարագուա
խմբագրելՎրաց-նիկարագուական հարաբերությունները հաստատվել են 1994 թվականիսեպտեմբերի 19-ին։ 2008 թվականի նոյեմբերի 29-ին Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդեց, որ դադարեցնում է դիվանագիտական հարաբերությունները Նիկարագուայի հետ՝ կապված այդ պետության կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչման հետ[7]։
Վրաստան և ՆԱՏՕ
խմբագրելՎրաստանը բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի հետ՝ հնարավոր անդամակցության շուրջ։ 1994 թվականից իրականացվում է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագիրը, որի շնորհիվ Վրաստանը մասնակցել է 120 միջոցառումների (հիմնականում՝ զորավարժություններին)։ 2008 թվականին հանրաքվեում Վրաստանի քաղաքացիների մեծամասնությունը քվեարկել է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության օգտին։ Այնուամենայնիվ, 2016 թվականի դրությամբ Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի անդամակցության կոնկրետ ժամկետների մասին խոսելը վաղ է, այդ թվում՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդրի չլուծված լինելու պատճառով։ 2008 թվականի օգոստոսի 20-ին Բելգիայի արտաքին գործերի դաշնային ծառայության ղեկավար Կարել դե Գյուխտը ՆԱՏՕ-ի և Վրաստանի հետագա համագործակցության վերաբերյալ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի անդամ ընդունել «մի երկիր, որը երբեմն իրեն դրսևորում է ոչ այնքան վերահսկելի գործողություններով, դա ինքնին ռիսկային է»[8]։
Վրաստան և Եվրոպական միություն
խմբագրելՎրաստանը վաղուց է ձգտում դառնալ ԵՄ անդամ։ 2014 թվականին Վրաստանի հետ կայունացման և Ասոցացման համաձայնագիր է կնքվել, նույն թվականին Վրաստանը դարձել է աերոնավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպության (Eurocontrol) 40-րդ անդամը[9]։
2017 թվականի մարտի 8-ին Վրաստանի և ԵՄ-ի միջև առանց վիզայի ռեժիմ է սահմանվել, որը Վրաստանի քաղաքացիներին թույլ է տալիս այցելել ԵՄ երկրներ, բացի Մեծ Բրիտանիայից և Իռլանդիայից, տուրիստական, գործարար և մշակութային նպատակներով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Бахтуридзе З. З. Внешняя политика Грузии в контексте развития международных отношений на постсоветском пространстве. Диссертация на соискание учёной степени доктора политических наук. — СПб., 2016. — С. 207. Режим доступа: https://disser.spbu.ru/disser/dissertatsii-dopushchennye-k-zashchite-i-svedeniya-o-zashchite/details/12/791.html Արխիվացված 2016-04-16 Wayback Machine
- ↑ Бахтуридзе З. З. Внешняя политика Грузии в контексте развития международных отношений на постсоветском пространстве. Диссертация на соискание учёной степени доктора политических наук. — СПб., 2016. — С. 205—206. Режим доступа: https://disser.spbu.ru/disser/dissertatsii-dopushchennye-k-zashchite-i-svedeniya-o-zashchite/details/12/791.html Արխիվացված 2016-04-16 Wayback Machine
- ↑ Бахтуридзе З. З. Внешняя политика Грузии в контексте развития международных отношений на постсоветском пространстве. Диссертация на соискание учёной степени доктора политических наук. — СПб., 2016. — С. 211. Режим доступа: https://disser.spbu.ru/disser/dissertatsii-dopushchennye-k-zashchite-i-svedeniya-o-zashchite/details/12/791.html Արխիվացված 2016-04-16 Wayback Machine
- ↑ «18 августа завершается формальный процесс выхода Грузии из СНГ». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Грузия устанавливает безвизовый режим жителям северокавказских республик // Civil Georgia, Тбилиси / 11 окт. 2008». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «МИД России считает отмену Грузией виз для жителей Северного Кавказа провокацией». Новости. Интернет-СМИ «Кавказский Узел». 2010 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Грузия прекратила дипломатические отношения с Никарагуа». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Принимать в НАТО страну, которая иногда не очень себя контролирует, рискованно: МИД Бельгии // Regnum, 20 августа 2008
- ↑ Бахтуридзе З. З. Внешняя политика Грузии в контексте развития международных отношений на постсоветском пространстве. Диссертация на соискание учёной степени доктора политических наук. — СПб., 2016. — С. 312. Режим доступа: https://disser.spbu.ru/disser/dissertatsii-dopushchennye-k-zashchite-i-svedeniya-o-zashchite/details/12/791.html Արխիվացված 2016-04-16 Wayback Machine