Վոլտեր Աթանեսյան

հայ բռնցքամարտիկ, մարզիչ

Վոլտեր Մկրտչի Աթանեսյան (հունիսի 6, 1938, գյուղ Մանես, Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 22 հունիսի, 1998, Երևան, Հայաստան), հայ բռնցքամարտիկ, սպորտի վարպետ, մարզիչ, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ (1969 թ), ՀՀ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1989)։

Վոլտեր Աթանեսյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝մարզիչ և բռնցքամարտիկ
Երկիր՝ ԽՍՀՄ,  Հայաստան և  Հայկական ԽՍՀ
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 6, 1938(1938-06-06)
Ծննդավայր՝Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ՝հունիսի 22, 1998(1998-06-22) (60 տարեկան)
Մահվան վայր՝Երևան, Հայաստան

Ստեղծել է մարտարվեստի իր ուրույն ոճը, որը շարունակում են իր սաները։ Մարզիչի գործունեւությունը սկսել է Ենգիբարյանի հիմնադրած Երևանի պատանի բռնցքամարտիկների հանրապետական դպրոցում։

1990 - 1998 տնօրինել է «Աշխատանքային ռեզերվներ» մարզադպրոցի բռնցքամարտի բաժինը։ Նրա սաներից են Հայաստանի, ԽՍՀՄ, Եվրոպայի, աշխարհի չեմպիոններ, օլիմպիական խաղերի մասնակիցներ, Հայաստանի հավաքականի մարզիչներ։

Կենսագրություն

խմբագրել

Արմատները և ընտանիքը

խմբագրել

Վոլտեր Աթանեսյանի նախնիները Պարսկաստանից վերաբնակիչներ են, ովքեր տեղափոխվել են Ռուսական կայսրություն 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքում՝ համաձայն Թուրքմենչայի պայմանագրի դրույթների։ Աթանեսյանների մազմանդամ ընտանիքը հաստատվում է Սյունիքում՝ Մեղրու շրջանում։ Աթանեսյաննիր մի ճյուղը հետագայում հաստատվել է Արցախում։

 
Աթանեսյանների ընտանիքը 1910-1912 թթ

1921 թվականին Աթանեսյանների մի մասը մասնակցեց Սյունիքում Գարեգին Նժդեհի գլխավորած ազատագրական պայքարին։ 1933-1935 թվականներին կոլեկտիվացման և «կուլակաթափության» տարիներին Աթանեսյանների ընտանիքի զգալի մասն աքսորվեց Միջին Ասիա։ Ընտանիքի որոշ անդամներ հաստատվել են Ալմաթիում, որտեղ այժմ ապրում են նրանց ժառանգները։

Հայրը՝ Մկրտիչ Օհանեսի Աթանեսյանը (1908-1983) գյուղատնտես էր, զբաղվում էր խաղողագործությամբ։ Նրան հաջողվել է խուսափել աքսորից՝ սովորելով Սուխումի գյուղատնտեսական ինստիտուտում, որն ավարտել է 1936 թվականին։ 1937 թվականին Արշալույս (Ասյա) Մարկոսյանի հետ ամուսնանալուց հետո վերադարձել է Հայաստան և 1938 թվականին բնակություն հաստատել Երևանում։ Այս տարիներին Մկրտիչ Աթանեսյանն անդամագրվել է Հայաստանի Կոմունիստական ​​կուսակցությանը, որի շնորհիվ աքսորից իր ընտանիքի մեծ մասին վերադարձրել է հայրենիք և խուսափել 1937 թվականի Ստալինյան բռնաճնշումներից։

Մկրտիչ Աթանեսյանը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, մասնավորապես՝ Լեհաստանի ազատագրմանը, վիրավորվել, պարգևատրվել։ Հետպատերազմյան տարիներին զբաղվել է խաղողագործությամբ, աշխատել Հայկական ԽՍՀ Էջմիածնի շրջանի Մերձավան գյուղի խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ինստիտուտում՝ որպես վարիչ։

 
Մկրտիչ Աթանեսյան

Մայրը՝ Արշալույս (Ասյա) Մարկոսյանը (1918-1983 թթ.) սերում է համշենցիների ընտանիքից, ովքեր Օսմանյան կայսրությունից Աբխազիա են տեղափոխվել Հայոց ցեղասպանության ժամանակ։ Սովորել է Սուխումիի մանկավարժական ինստիտուտում

Քույրը՝ Զոյա Աթանեսյանը (1937 - 2022 թթ) Աբխազիայի վաստակավոր ուսուցիչ, ռուսաց լեզվի մասնագետ էր։ Երիտասարդ տարիներին նկարահանվել է մի քանի հայկական ֆիլմերում («Մոր սիրտը», «Երբ ընկերները մոտ են»)։

1938-ին երևանցի Աթանեսյանների երիտասարդ ընտանիքը երկու երեխաների հետ տեղակայվեց Մանես գյուղում՝ տեղական գյուղատնտեսությունը զարգացնելու համար։ Այստեղ հունիսի 6-ին ծնվեց նրանց երրորդ երեխան՝ Վոլտեր Աթանեսյանը։ 1940 թվականին Երեւան վերադառնալուց հետո ապագա սպորտսմենն իր մանկությունն անցկացրել է Հայաստանի մայրաքաղաքում։

Մարզական կարիերա

խմբագրել

13 տարեկանում Վոլտեր Աթանեսյանը սկսեց հետաքրքրվել բռնցքամարտով և ծնողներից թաքուն հաճախել բռնցքամարտի դպրոց։ Արդեն 16 տարեկանից մասնակցում էր քաղաքային[1] և հանրապետական[2] մակարդակների մրցումների։

 
Վ․Աթանեսյանը մրցաշարի ժամանակ

1957-1959 թվականներին սովորեց Երեւանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում (այժմ՝ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հայկական պետական ինստիտուտ)։ 2-րդ կուրսից հետո տեղափոխվեց Մոսկվայի Ֆիզիկական կուլտուրայիՀամալսարան։ Մինչև բուհն ավարտելը (1961) նա մարզվեց ավագ ուսուցիչ, 1950 թվականի ԽՍՀՄ բռնցքամարտի առաջնության արծաթե մեդալակիր Վասիլի Ռոմանովի ղեկավարությամբ[3]։

1959-1962 թվականներին Աթանեսյանը դարձավ ՀԽՍՀ չեմպիոն, բռնցքամարտի հանրապետական հավաքականի անդամ, մասնակցեց ԽՍՀՄ առաջնություններին և մրցումներին՝ լրացնելով սպորտի վարպետի չափանիշները[4]։

1961 թվականից Վոլտեր Աթանեսյանը որպես մարզիչ աշխատեց ՀԽՍՀ կրթության նախարարության Պատանի բռնցքամարտիկների մարզադպրոցում (այժմ՝ Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց), ապա՝ որպես ավագ մարզիչ. 1960-ականների կեսերին դարձավ ՀԽՍՀ մեծահասակների հավաքականի մարզիչ։ Աթանեսյանի սաները մասնակցել են ԽՍՀՄ, Եվրոպայի, աշխարհի առաջնություններին, Օլիմպիական խաղերին։

1990 թվականին Աթանեսյանը նշանակվեց «Աշխատանքային ռեզերվների» մարզադպրոցի բռնցամարտի բաժնի տնօրեն։ Ղեկավարեց բաժինը մինչև իր մահը (1998թ)։

1969 թվականին Վոալտեր Աթանեսյանին շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր մարզիչի[5], իսկ 1989 թվականին՝ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչի կոչում։

2008 թվականից Երևանում պարբերաբար անցկացվում է Վոլտեր Աթանեսյանի հիշատակին նվիրված բռնցքամարտի քաղաքային մրցաշար[6]։

Հայտնի սաները

խմբագրել
 
Վոլտեր Աթանեսյանը և իր սան, ՀՀ վաստակավոր մարզիչ Հարություն Նազարյանը

Ընդհանուր առմամբ, Աթանեսյանը պատրաստել է մոտ 500 մարզիկ, որոնց թվում են Հայաստանի, ԽՍՀՄ, Եվրոպայի, աշխարհի չեմպիոններ, օլիմպիական խաղերի մասնակիցներ, Հայաստանի հավաքականի մարզիչներ։ Նրա աշակերտներից ոմանք, ավարտելով իրենց մարզական կարիերան՝ դարձան հայտնի հասարակական-քաղաքական գործիչներ և ականավոր ձեռներեցներ։

Ամենահայտնի ուսանողներն են Հայաստանի 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, Եվրոպայի չեմպիոն և XXVI Օլիմպիական խաղերի մասնակից, Հայաստանի Բռնցքամարտի ֆեդեռացիայի նախկին նախագահ Արթուր Գևորգյանը, ՀՀ ՆԳՆ գեներալ-մայոր Կարա-Պողոսյան Ռոմանը, Հայաստանի վաստակավոր մարզիչ։ Հայաստան, ԽՍՀՄ չեմպիոն (1975) Աշոտ Ավետիսյանը, Եվրոպայի առաջնության մեդալակիր, 1983 թվականի Սպարտակիադայի բրոնզե մեդալակիր Աբգարյան Բաբկենը, ՌԴ վաստակավոր շինարար, գործարար, գրահրատարակիչ Սամվել Ղազարյանը։

Վ․ Աթանեսյանի մարզական ոճը փառքով շարունակում է նրա սան, Հայաստանի վաստակավոր մարզիչ Հարություն Նազարյանը։ Վերջինս իրականացրեց իր մարզիչօ երազանքը՝ Հայաստանում հիմնեց կանանց բռնցքամարտի դպրոցը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Լուսանկարը՝ Ա․ Հեքեքյանի. Երևանի բռնցքամարտի մրցաշար // «Ավանգարդ». թերթ - 7 մայիսի, 1957 թ. - թիվ 55 (5460)
  2. Ս․ Ավետիսյան. Հաղթում են տեխնիկապես ուժեղները // «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթ - 17 մայիսի, 1957 - թիվ 39 (94)
  3. "Институт сильных и ловких" Заметка//Вечерняя Москва : — газета — 1 декабря 1960 года. — № 282(11261)
  4. Ա․Սարգիսյան․ Հայկական բռնցքամարտի պատմություն - Երևան. 2015թ.
  5. Ա․Սարգիսյան․ Հայկական բռնցքամարտի պատմություն - Երևան. 2015թ.
  6. Երևանում մեկնարկել է Վ. Աթանեսյանի անվան առաջին հուշամրցաշարը, ԱՐՄԵՆՊՐԵՍՍ, 26 Հունիս, 2008

Արտաքին հղումներ

խմբագրել