Վճարահաշվարկային համակարգ

(Վերահղված է Վճարային համակարգից)

Վճարահաշվարկային համակարգ կամ վճարային համակարգ (անգլ.՝ Payment system), վճարային գործիքների, քլիրինգի իրականացման, միջոցների փոխանցման և վերջնահաշվարկի կատարման ընդհանուր կանոնների, ընթացակարգերի և վերջիններս ապահովող տեխնիկածրագրային միջոցների ամբողջություն (ընդհանրություն), որի միջոցով ապահովվում է վճարման կատարումը շահառուին[1][2]։

Միջազգային հաշվարկների բանկի (BIS) գլխադասային գրասենյակը Բազելում(Բազել, Շվեյցարիա):

Վճարահաշվարկային համակարգերը հանդիսանում են տնտեսության և ֆինանսական համակարգի կարևորագույն բաղադրյալներից մեկը։ Դրանք օգտագործվում են կառավարության կողմից հարկային վճարումներ ստանալու, նպաստներ, թոշակներ, սոցիալական այլ վճարումներ կատարելու, ֆինանսական շուկայի վերջնահաշվարկներն ապահովելու, կենտրոնական բանկի դրամավարկային քաղականությունն իրականացնելու, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների կողմից միմյանց նկատմամբ դրամական պարտավորությունները մարելու համար[3]։

ՀՀ վճարահաշվարկային համակարգերի տեսակներ խմբագրել

ՀՀ առևտրային բանկերի միջև իրականացվում են ինչպես միջբանկային, այնպես էլ ներբանկային վճարումներ։ Հայաստանի Հանրապետության տարածքում միջբանկային վճարումների գերակշռող մասն իրականացվում է ՀՀ Կենտրոնական բանկում վարվող առևտրային բանկերի թղթակցային հաշիվներով օգտագործելով ՀՀ կենտրոնական բանկի վճարահաշվարկային համակարգերը։ Առևտրային բանկերի միջև միջբանկային հաշվարկներն իրականացվում են նաև միմյանց մոտ վարվող Լորո/Նոստրո հաշիվների միջոցով։

ՀՀ կենտրոնական բանկի վճարահաշվարկային համակարգերն են`

  1. համախառն թղթային վճարումների համակարգ
  2. համախառն էլեկտրոնային վճարումների համակարգ («Էլեկտրոնային վճարումների համակարգ»)
  3. պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների իրականացման համակարգ։

Կենտրոնական բանկից դուրս՝ Լորո/Նոստրո հաշիվներով միջբանկային հաշվարկներն իրականացվում են ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային եղանակով՝ օգտագործելով հեռահաղորդակցման տարբեր համակարգեր (ՍՎԻՖԹ, Սի-ԲԻ-Էյ-Նեթ միջբանկային համակարգչային ցանց և այլն)[4]։

ՀՀ տարածքում գործում է նաև «ԱրՔա» քարտերով վճարումների միասնական համակարգը, որը մանրածախ վճարումների համակարգ է և ապահովում է «ԱրՔա» վճարային քարտերով, ինչպես նաև VISA և MASTERCARD միջազգային քարտերով գործառնությունների կատարում։ «ԱրՔա» համակարգում կատարված գործառնությունների պրոցեսինգը ու քլիրինգը իրականացվում են «ԱրՔա» պրոցեսինգային կենտրոնի կողմից, որը 2003 թվականից ապահովում է նաև միջազգային վճարային համակարգերի VISA և MASTERCARD վճարային քարտերով գործառնությունների պրոցեսինգ և քլիրինգ։

ՀՀ-ում միջազգային դրամական փոխանցումների համակարգեր խմբագրել

Միջազգային փոխանցումները Հայաստանի Հանրապետության բանկերի կողմից իրականացվում են արտասահմանյան բանկերում ունեցած թղթակցային հաշիվների միջոցով` հիմնականում SWIFT (ՍՎԻՖԹ) հեռահաղորդակցման համակարգով։ Հայաստանի Հանրապետության այն բանկերը, որոնք չունեն թղթակցային հարաբերություններ արտասահմանյան բանկերի հետ, իրենց արտասահմանյան վճարումներն իրականացնում են վերոհիշյալ բանկերի միջոցով` օգտագործելով վերջիններիս արտարժութային հաշիվները արտասահմանյան բանկերում։

Տնտեսավարող սուբյեկտների միջազգային փոխանցումները հիմնականում կատարվում են ավանդական բանկային փոխանցումների միջոցով, մինչդեռ ֆիզիկական անձանց փոխանցումները արտասահման և արտասահմանից ստացումները հիմնականում կատարվում են Հայաստանի Հանրապետությունում ներկայումս լայն տարածում գտած առանց հաշվի բացման՝ դրամական (փողային) փոխանցումների իրականացման մի շարք համակարգերի միջոցով։

ՀՀ քարտային վճարային համակարգ խմբագրել

«ԱրՔա» քարտերով վճարումների միասնական համակարգ

 
Արմենիան քարտ

«ԱրՔա» քարտերով վճարումների միասնական համակարգը ներդրվել է 2001 թվականին ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերի և ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ Համակարգի սեփականատեր և օպերատոր է հանդիսանում «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն։ Համակարգում հաշվարկներն իրականացվում են բազմակողմանի զուտացման սկզբունքով, իսկ վերջնահաշվարկը կատարվում է մասնակից բանկերի՝ ՀՀ կենտրոնական բանկում վարվող թղթակցային հաշիվներով։ Համակարգի անդամ կարող են հանդիսանալ Հայաստանի Հանրապետությունում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող ֆինանսական, բանկային կամ վճարային քարտերի բնագավառում մասնագիտացած կազմակերպությունները:

 
VISA International և MasterCard Europe միջազգային վճարային համակարգերի քարտերի մեկական օրինակ

«Արքա» համակարգի շրջանակներում գործում է պրոցեսինգային կենտրոն, որն ապահովում է համակարգի անդամ բանկերի կողմից թողարկված քարտերով կատարված գործարքների մշակումը և համակարգի ընդհանուր ղեկավարումը, համագործակցում է միջազգային կազմակերպությունների և այլ պրոցեսինգային ընկերությունների հետ՝ համակարգի առջև դրված խնդիրների իրականացման ուղղությամբ։ Ներկայումս «Արմենիան Քարդ» ընկերությունը հանդիսանում է.

  1. MasterCard Europe միջազգային վճարային համակարգի լիիրավ անդամ և պրոցեսինգային ծառայություններ մատուցող կենտրոն (անգլ.՝ Member Service Provider)
  2. VISA համակարգի համար պրոցեսինգային ծառայություններ մատուցող կենտրոն (անգլ.՝ Third Party Processor )
  3. American Express համակարգի համար պրոցեսինգային ծառայություններ մատուցող կենտրոն (անգլ.՝ Third Party Processor)
  4. Diners Club International համակարգի համար պրոցեսինգային ծառայություններ մատուցող կենտրոն (անգլ.՝ Third Party Processor)

Ներկայումս ՀՀ-ում բանկերի կողմից թողարկվում և սպասարկվում են ոչ միայն Arca քարտեր, այլև միջազգային վճարային համակարգերի քարտեր (Visa, MasterCard, AMEX, Diners Club և այլն)։ 2017 թվականից սկսած, «ԱրՔա» և ռուսական «Միր» վճարային համակարգերի համագործակցության արդյունքում, «ԱրՔա» քարտերը կարող են սպասարկվել Ռուսաստանի Դաշնությունում, իսկ ռուսական «Միր» քարտերը՝ «ԱրՔա» համակարգի ենթակառուցվածքում։

ՀՀ վճարահաշվարկային համակարգի մասնակիցներ խմբագրել

Վճարահաշվարկային համակարգի մասնակիցներ են ՀՀ տարածքում գործող բանկերը և ոչ բանկ ֆինանսական կազմակերպությունները։

ՀՀ տարածքում գործող բանկերը կարող են մատուցել վճարահաշվարկային ծառայություններ բանկային լիցենզիայի հիման վրա և իրենց հայեցողությամբ անդամակցել ՀՀ տարածքում գործող վճարահաշվարկային համակարգերին, ինչպես նաև միջազգային դրամական փոխանցումներ իրականացնող համակարգերին։

Ոչ բանկ ֆինանսական կազմակերպությունների թվին են պատկանում վճարահաշվարկային կազմակերպությունները, որոնց գործունեությունը կարգավորվում է «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով[5]։ Ըստ այս օրենքի` վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզիաների տեսակներն են.

  1. Դրամական (փողային) փոխանցումների իրականացման լիցենզիա, որի հիման վրա կազմակերպություններն իրականացնում են վճարումնների ընդունում և կատարում առանց բանկային հաշիվների բացման, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի թույլատրած այլ վճարային ծառայությունների մատուցում, որոնք կապված են տվյալ տեսակի վճարահաշվարկային ծառայությունների մատուցման հետ։ Այս վճարահաշվարկային կազմակերպություններն իրավասու են անդամակցել միջազգային դրամական փոխանցումներ իրականացնող համակարգերին և իրականացնել դրամական փոխանցումներ` ֆիզիկական անձանց համար, առանց բանկային հաշիվների բացման։  
  2. Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացման լիցենզիա, որի հիման վրա կազմակերպություններն իրականացնում են պրոցեսինգ և (կամ) քլիրինգ երրորդ անձանց համար, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի թույլատրած այլ վճարահաշվարկային ծառայություններ, որոնք կապված են տվյալ տեսակի վճարահաշվարկային ծառայությունների մատուցման հետ։    

Դրամական (փողային) փոխանցումների իրականացման լիցենզիա ունեցող կազմակերպությունները կարող են ստանալ էլեկտրոնային փողերի թողարկման թույլտվություն և իրականացնել էլեկտրոնային փողերի թողարկում։

ՀՀ վճարահաշվարկային ծառայություններ խմբագրել

Հայաստանի Հանրապետությունում վճարահաշվարկային ծառայություններ են համարվում[6]՝

  1. բանկային հաշիվների բացումը և վարումը
  2. իրավաբանական կամ ֆիզիկական անձանց բանկային հաշիվներով հաշվարկների իրականացումը
  3. հայկական դրամով կամ արտարժույթով վճարողներից որպես ձեռնարկատիրական գործունեություն վճարումների ընդունումը շահառուին ցանկացած եղանակով անմիջականորեն կամ վճարահաշվարկային ծառայություններ մատուցող այլ անձի միջոցով վճարելու նպատակով կամ հայկական դրամով կամ արտարժույթով շահառուներին որպես ձեռնարկատիրական գործունեություն վճարումների կատարումն այդ անձանց օգտին ցանկացած եղանակով ստացված միջոցների հաշվին
  4. վճարային քարտերի, չեկերի, էլեկտրոնային փողերի և կենտրոնական բանկի խորհրդի սահմանած այլ վճարային գործիքների թողարկումը
  5. վճարային քարտերի, չեկերի, էլեկտրոնային փողերի և կենտրոնական բանկի խորհրդի սահմանած այլ վճարային գործիքների սպասարկումը և իրացումը (տարածումը)
  6. պրոցեսինգի իրականացումը
  7. քլիրինգի իրականացումը
  8. երրորդ անձանց համար դրամարկղային գործառնությունների իրականացումը
  9. կենտրոնական բանկի համաձայնությամբ վճարահաշվարկային ծառայություն մատուցող անձանց բնորոշ` միջազգային պրակտիկայում ընդունված այլ գործառնություններ

ՀՀ-ում կիրառվող անկանխիկ վճարային գործիքներ խմբագրել

Հայաստանի Հանրապետությունում անկանխիկ վճարումների գերակշռող մասը կատարվում է վճարման հանձնարարականներով, իսկ մնացած մասը` այլ գործիքներով, ինչպիսիք են պահանջագրերը, չեկերը, քարտերը։

 
Վճարային հանձնարարականի օրինակ

Վճարային հանձնարարականներ խմբագրել

Վճարման հանձնարարականը հաճախորդի հանձնարարությունն է բանկին` իր հաշվից փոխանցել համապատասխան գումար շահառուի օգտին։ Այն ամենատարածված անկանխիկ վճարային գործիքն է Հայաստանի Հանրապետությունում, ինչը պայմանավորված է նրանով, որ վերջինս ավանդաբար կիրառվող վճարային գործիք է և միաժամանակ մյուս վճարային գործիքների համեմատ ունի գրեթե ամբողջությամբ կանոնակարգված իրավական դաշտ։

Վճարման հանձնարարականներով փոխանցումների նախաձեռնումը բանկերի հաճախորդների կողմից մեծ մասամբ իրականացվում է թղթային եղանակով։ Սակայն մի շարք բանկեր իրենց հաճախորդներին առաջարկում են նաև նոր ծառայություններ` բանկ-հաճախորդ հեռահաղորդակցման համակարգերի (home banking) միջոցով հանձնարարականների ներկայացում և այլն։

Միջբանկային հատվածում կրեդիտային փոխանցումները հիմնականում նախաձեռնվում են էլեկտրոնային եղանակով` ՀՀ ԿԲ համակարգերով։

Վճարումներ պահանջագրերով խմբագրել

ՀՀ տարածքում պահանջագրերի կիրառումը տնտեսավարող սուբյեկտների շրջանում լայն տարածում դեռ չի ստացել, քանի որ վճարային պահանջագիրը դեբետային գործիքի տարատեսակ է, որը վճարման է ներկայացվում ստացողի կողմից և որի դիմաց վճարը կատարվում է միայն վճարողի կողմից իր հաշվին համապատասխան միջոցների առկայության և վերջինիս ակցեպտավորման դեպքում։

 
Վճարային քարտով վճարման օրինակ

Վճարումներ քարտերով խմբագրել

ՀՀ տարածքում վճարային քարտերի թողարկումը և սպասարկումը հիմնականում իրականացվում է Արքա քարտերով վճարումների միասնական համակարգի միջոցով, որը ստեղծվել և ներդրվել է ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերի նախաձեռնությամբ։ Համակարգի անդամ բանկերի կողմից թողարկվում և սպասարկվում են Արմենիան Քարդ քարտերով վճարումների միասնական համակարգի ԱրՔա տեղական քարտեր, Վիզա կամ ՄաստերՔարդ միջազգային քարտային համակարգի քարտեր։ ՀՀ տարածքում սպասարկում են նաև DINERS CLUB, AMEX միջազգային քարտային համակարգի, ինչպես նաև HSBC խմբի քարտեր։

ԱրՔա վճարային համակարգի շրջանականերում` ԱԳՄ-ի (ավտոմատ գանձման մեքենա) միջոցով քարտապանները բացի կանխիկ գումարի ստացումից, կարող են նաև կատարել կոմունալ վճարումներ (գազի, ջրի, հեռախոսի, էլեկտրաէներգիայի դիմաց), դիտարկել քարտային հաշվի մնացորդը, իրականացնել բջջային հեռախոսների լիցքավորման քարտերի դիմաց վճարումներ։

 
Վճարային չեկի օրինակ

ԱրՔա քարտերով վճարումների միասնական համակարգի կողմից 2003 թվականից ներդրվել են` Համացանցի միջոցով կոմունալ վճարումների կատարման, հեռախոսային քարտերի դիմաց վճարումների կատարման ծառայությունները, իսկ 2004 թվականից` ստեղծվել է ինտերնետ միջավայրում գրանցված որոշ ինտերնետ-խանութներում վճարումների կատարման հնարավորություն։ 2005 թվականի սեպտեմբերին ներդրվել է Ինտերնետի միջոցով «ԱրՔա» քարտային հաշվից մեկ այլ քարտային հաշվի վրա փոխանցումների կատարման մեխանիզմը։

Զարգացնելով «ԱրՔա» համակարգը, ՀՀ բանկերը ապահովել են VISA և MASTERCARD միջազգային քարտային համակարգերի սմարթ քարտերի սպասարկումը ինչպես ՊՈՍ տերմինալների, այնպես էլ ԱԳՄ-ների ցանցում։

Իսկ 2007 թվականի երկրորդ եռամսյակից Արքա քարտերով վճարումների միասնական համակարգին մասնակից բանկերը թողարկում են ոչ միայն մագնիսական կրիչով (շերտով) քարտեր, այլ նաև չիպային (սմարթ) քարտեր։

ՀՀ տարածքում ճանապարհային չեկերն առևտրի և սպասարկման կետերում որպես վճարամիջոց չեն ընդունվում, և որպես կանոն դրանք կարող են կանխիկացվել միայն բանկերում։ Որոշ բանկեր իրականացնում են Վիզա, Ամերիկնէքսպրես, ՏոմասԿուկ, Սիտիկոռպ ճանապարհային չեկերի ընդունումը և վերջիններիս դիմաց` չեկատերի ցանկությամբ, կանխիկ դրամի կամ արտարժույթի տրամադրումը։

 
Էլեկտրոնային փողի օրինակ

Էլեկտրոնային փողեր խմբագրել

Էլեկտրոնային փողը վճարային գործիք է, որը էլեկտրոնային եղանակով գրառված դրամական արժեք է։ Էլեկտրոնային փողը դրամական արժեք է կամ թողարկողի նկատմամբ պահանջ, որը՝

  1. գրառված է էլեկտրոնային սարքի վրա
  2. համարժեք է դրա թողարկման համար անհրաժեշտ իրական միջոցների ծավալին (1 միավոր էլեկտրոնային փողը համարժեք է 1 միավոր իրական փողին)
  3. ընդունվում է որպես վճարամիջոց ոչ միայն թողարկողի, այլև ուրիշ սուբյեկտների կողմից

ՀՀ Վճարային համակարգի հսկողություն խմբագրել

ՀՀ կենտրոնական բանկի կարևորագույն խնդիրներից և գործառույթներից է նաև վճարահաշվարկային համակարգի հսկողությունը։

Վճարային և արժեթղթերի համակարգերը ֆինանսական համակարգի կայունության ապահովման համար կարևոր ենթակառացվածք են. վերջիններիս միջոցով են իրականացվում ինչպես միջբանկային վճարումները (ֆիզիկական և իրավաբանական անձանց, բանկերի սեփական վճարումներն ու փոխանցումները) և կառավարության կողմից կատարվող վճարումներն ու բյուջե ուղղված վճարումների հավաքագրումը, այնպես նաև այլ կարևոր նշանակություն ունեցող համակարգերի (քարտային և այլ հանրային համակարգերի, ֆինանսական շուկայի գործարքների) վերջնահաշվարկները, կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունը։ Վճարային և արժեթղթերի համակարգերի կայուն և արդյունավետ գործունեությունն ապահովում է ամբողջ տնտեսության բնականոն աշխատանքը։ Այնուամենայնիվ, վերջիններս կարող են զգալի ռիսկեր պարունակել մասնակիցների համար և խափանումների փոխանցման և տարածման միջավայր հանդիսանալ տնտեսության կամ ֆինանսական համակարգի մի հատվածից մյուսին։ Նման ռիսկերի առկայության պատճառով վերոնշյալ համակարգերը կենտրոնական բանկերի ուշադրության առարկա են, իսկ վճարային համակարգերի հսկողությունը դիտարկվում է կենտրոնական բանկերի կարևոր խնդիրներից մեկը[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «What is a Payment System?» (PDF). Federal Reserve Bank of New York. 2000 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին.
  2. Biago Bossone and Massimo Cirasino, "The Oversight of the Payment Systems: A Framework for the Development and Governance of Payment Systems in Emerging Economies"The World Bank, July 2001, p.7
  3. «Վճարահաշվարկային համակարգեր». ՀՀ կենտրոնական բանկ.
  4. «Վճարահաշվարկային համակարգերի տեսակներ». ՀՀ Կենտրոնական բանկ.
  5. «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին ՀՀ օրենք». Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ.
  6. «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին ՀՀ օրենք». Arlis.
  7. «Վճարային համակարգերի հսկողություն». ՀՀ Կենտրոնական բանկ.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վճարահաշվարկային համակարգ» հոդվածին։