«Վիրավոր հրեշտակը» (ֆիններեն՝ Haavoittunut enkeli), ֆինն նկարիչ, սիմվոլիզմի կարկառուն ներկայացուցիչ Հուգո Սիմբերգի ամենահայտնի կտավներից մեկը։ Այս ստեղծագործությունով նկարիչը ոչ միայն Ֆինլանդիայում, այլև ամբողջ աշխարհում մեծ ճանաչում ու հեղինակություն ձեռք բերեց։ Նկարի չափերն են՝ 127×154 սմ։ Հուգոն կտավը վրձնել է 1903 թվականին։ Ներկա պահին «Վիրավոր հրեշտակը» կտավը պահպանվում և ցուցադրվում է Հելսինկիի Ատենեում պատկերասրահում։

Վիրավոր հրեշտակը
տեսակգեղանկար
նկարիչՀուգո Սիմբերգ
տարի1903
բարձրություն127 սանտիմետր[1]
լայնություն154 սանտիմետր[1]
ուղղությունսիմվոլիզմ
ժանրմարդու ձևի գեղանկարչություն
նյություղաներկ և կտավ
գտնվում էԱտենեում
հավաքածուՖիննական ազգային պատկերասրահ
սեփականատերՖիննական ազգային պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ
 The Wounded Angel by Hugo Simberg Վիքիպահեստում

Ստեղծման պատմություն խմբագրել

1902 թվականի աշնանը նկարչի՝ Հուգո Սիմբերգի մոտ ի հայտ եկավ սուր նյարդային խանգարում։ Նա բուժում ստացավ ընդհուպ մինչև 1903 թվականի գարունը Հելսինկիի Կալլիո հիվանդանոցում։ Հայտնի է նաև այն փաստը, որ «Վիրավոր հրեշտակը» կտավը վրձնելիս Հուգոն հիվանդ էր մենինգիտով։ Կտավի վրա աշխատելը նկարչի համար էներգիայի և ուժի աղբյուր դարձավ և հույժ կարևոր խթան, որպեսզի շուտափույթ ապաքինվի[3]։ Այս նկարը Հուգո Սիմբերգը նկարել է անմիջապես հիվանդանոցից դուրս գրվելուց հետո[4]։ Հընթացս 1905-1906 թվականների, Հուգո Սիմբերգը նկարազարդում էր Տամպերեի մայր տաճարի ներսը։ Այդ ժամանակ որմնանկարներից մեկը վերապատկերեց «Վիրավոր հրեշտակը» նկարի մոտիվներով[3]։

Պատմական ակնարկ խմբագրել

Նկարի սյուժեն ծավալվում է ծանոթ պատմական ֆոնի հիման վրա։ Նկարում երևում են այգին՝ Էլյայնտարխանը (բառացի «կենդանաբանական այգի») և Հելսինկիի Տյոյոլյո ծովախորշը։ 20-րդ դարի սկզբին այս այգին հիմնականում ժողովրդականություն էր վայելում աշխատավոր բնակչության շրջանում և նրանց հանգստի սիրելի վայրն էր։ Այգում կար նաև բարեգործական հիմնարկություն։ Ճանապարհը, որով անցնում են նկարի հերոսները, ցայսօր էլ պահպանվել է. թափորն այդ ճանապարհով շարժվում էր դեպի այդ ժամանակ գոյություն ունեցող մանկատունը, որը նախատեսված էր կույր և հաշմանդամ աղջիկների համար։

Նկարագիր խմբագրել

«Վիրավոր հրեշտակը» ստեղծագործությունում պատկերված են երկու տղա-երեխաներ, որոնք պատգարակ են բռնել և քայլում են։ Պատգարակի վրա նստած է աչքերը կտորով կապած, թևը թեթև արյունոտած վիրավոր հրեշտակը։ Տղաներից մեկը՝ աջ կողմինը, ակնապիշ և խոժոռադեմ հայացքով նայում է ուղիղ դիտողին։ Վերջինիս հայացքը կա՛մ արտահայտում է վիրավոր հրեշտակի նկատմամբ կարեկցանք, կա՛մ էլ արհամարհանք։ Նկարի ֆոնային տեսարանը խիստ է և աղքատիկ, սակայն, միաժամանակ, այն հանգստության տպավորություն է թողնում ակնդիրների համար։ Տղաների կոշտուկոպիտ հանդերձանքն ու կոշիկները, խոժոռադեմ և լրջխոհեմ հայացքները հակադրվում են հրեշտակի փխրունության, լուսավոր հագուստների հետ։ Այս ամենը հանգեցնում է այն մտքին, որ կյանքն ու մահը դիմակայության մեջ են անընդհատ։ Հրեշտակի թևի արյունը, աչքերի կապը խոցելիության և վաղանցիկության խորհրդանիշն են համարվում։ Սակայն հրեշտակի աջ ձեռքին կա պատկերված ձնծաղիկների փոքրիկ ծաղկեփունջ, որը վերածննդի և ապաքինման խորհրդանիշն է համարվում։ «Վիրավոր հրեշտակը» նկարում կյանքն ասես ընդհուպ մոտենում է մահվանը։ Դեպի դիտողը շրջված տղան այնպիսի հայացքով է նայում, որ կարծես հասկացնում է, թե կյանքի և մահվան հարցերը հենց ուղիղ կապված են նրանից[4]։ Անձամբ նկարի հեղինակ Հուգո Սիմբերգը «Վիրավոր հրեշտակը» ստեղծագործության համար ոչ մի մեկնություն չի տալիս, այլ թողնում է, որ դիտողը հանգի զանազան ենթադրությունների։

Կիրառում մշակույթում խմբագրել

«Վիրավոր հրեշտակը» նկարը հսկայական ազդեցություն է թողել ֆինլանդական մշակույթի վրա։ Այս սիմվոլ դարձած նկարը կիրառվում է բարձր և մասսայականություն վայելող մշակութային շատ ասպարեզներում։ Nightwish մետալ խմբի «Amaranth» երգի տեսահոլովակում օգտագործվել է «Վիրավոր հրեշտակի» մոտիվը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www03.edu.fi/oppimateriaalit/kultakausi/hugoenk.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://hugosimbergbycameron.weebly.com/the-wounded-angel.html
  3. 3,0 3,1 The Wounded Angel at the Ateneum website Արխիվացված 2005-12-30 Wayback Machine(ֆին.)
  4. 4,0 4,1 Satu Itkonen. «Simberg, Hugo: Haavoittunut enkeli». Finnish National Gallery (Helsinki). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 27 марта 2009-ին.
  5. YouTube — Nightwish’s «Amaranth» music video

Արտաքին հղումներ խմբագրել