Վիկտորյա Չապլին (անգլ.՝ Victoria Chaplin, մայիսի 19, 1951(1951-05-19)[1][2], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), կրկեսի բրիտանա-ամերիկացի արտիստ։ Կինոդերասան և կատակերգակ Չարլի Չապլինի և նրա չորրորդ կնոջ՝ Ունա Օ'Նիլի դուստրը, դրամատուրգ, Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Յուջին Օ'Նիլի թոռը։

Վիկտորյա Չապլին
Դիմանկար
Ծնվել էմայիսի 19, 1951(1951-05-19)[1][2] (72 տարեկան)
ԾննդավայրՍանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն ԱՄՆ և  Միացյալ Թագավորություն
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունդերասանուհի, կրկեսի դերասան և հագուստ ձևագծող
Ծնողներհայր՝ Չարլի Չապլին, մայր՝ Ունա Օ'Նեյլ
ԵրեխաներՋեյմս Թիերե
 Victoria Thierrée-Chaplin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վիկտորյա Չապլինը ծնվել է 1951 թվականի մայիսի 19-ին Կալիֆոռնիայի Սանտա Մոնիկա քաղաքում։ Պատանեկան տարիներին նկարահանվել է հոր վերջին՝ «Կոմսուհին Հոնկոնգից» (անգլ.՝ «A Countess from Hong Kong», 1966) ֆիլմում։ Հայրը նաև ցանկանում էր, որ նա կատարի Ամազոնի անտառներում գտնված թևավոր աղջկա գլխավոր դերն իր հաջորդ՝ «Այլանդակություն» (անգլ.՝ «The Freak») ֆիլմում, որ պետք է նկարահանվեր 1969 թվականին[4]։ Սակայն այդ նախագիծը իրականություն չի դարձել Չարլի Չապլինի առողջական վիճակի վատթարացման, ինչպես նաև այն պատճառով, որ Վիկտորյան փախել է ֆրանսիացի դերասան Ժան Բատիստ Թիերեի հետ[5][6]։

Վիկտորյա Չապլինն ու Թիերեն առաջին անգամ հանդիպել են այն բանից հետո, երբ Թիերեն աղջկա հոր ամսագրային հոդվածում կարդացել է, որ Վիկտորյան ցանկանում է դառնալ կրկեսի ծաղրածու, ինչից հետո նրան առաջարկել է միասին ստեղծել նոր տիպի կրկես[5]։ Միասին փախչելուց կարճ ժամանակ անց նրանք հայտնվել են Ֆեդերիկո Ֆելինիի «Ծաղրածուները» (անգլ.՝ The Clowns, 1970) ֆիլմում՝ կատարելով ծաղրածուների դեր։ Հաջորդ տարի նրանք Ավինյոնի փառատոնում առաջին անգամ ներկայացրել են Le Cirque Bonjour ժամանակավոր կրկեսը, որը նրանք ստեղծել էին միասին[7]։ 1974 թվականին նրանք ստեղծել են նոր՝ ավելի փոքր Le Cirque Imaginaire կրկեսը, որը կենտրոնացած էր նրանց և երբեմն նրանց երեխաների խաղի վրա։ 1990 թվականից հետո նրանք ներկայացումներն են տալիս Le Cirque Invisible անունով[7]։

Վիկտորյա Չապլինն ու Ժան Բատիստ Թիերեն ունեն երկու երեխա՝ Աուրելիա Թիերեն (ծնվել է 1971 թվականի սեպտեմբերի 24-ին)[8] և Ջեյմս Թիերեն (ծնվել է 1974 թվականի մայիսի 2-ին), որոնք նույնպես արտիստներ են։ Le Cirque Invisible-ում ելույթներից բացի Վիկտորյա Չապլինն օգնում է իր զավակների շոուների ստեղծմանը։ 2006 թվականին նա արժանացել է Ֆրանսիայի ազգային թատերական մրցանակի՝ Մոլիերի մրցանակի իր որդու «Մայիսյան բզեզի սիմֆոնիա» (ֆր.՝ La Symphonie du Hanneton) շոուի հագուստների ձևավորման համար[9]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Epstein, Jerry (1988). Remembering Charlie. London: Bloomsbury. ISBN 0-7475-0266-8.
  • Robinson, David (1986). Chaplin: His Life and Art. London: Paladin. ISBN 0-586-08544-0.
  • Smolik, Pierre (2016). The Freak: Chaplin's Last Film. Vevey: Call Me Edouard Publishers. ISBN 978-2-940519-06-4.

Արտաքին հղումներ խմբագրել