Վիբորգի հրշեջ դեպո, Վիբորգի հրշեջ մասի շենք, որը կառուցվել է 1906 թվականին ճարտարապետ Բրյունոլֆ Բլումկվիստի նախագծով։ Հյուսիսային մոդեռն ոճով կառուցված շենքն ընդգրկված է ճարտարապետական հուշարձանների ցանկում և մինչ օրս օգտագործվում է նախնական նշանակությամբ։


Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

19-րդ դարի վերջին Վիբորգ քաղաքը մեծապես աճեց, ավելացավ շենքերի հարկայնությունը, որի արդյունքում Հրշեջային և Թատերական հրապարակներում տեղակայված փոքր հրշեջ դեպոները, ինչպես նաև քաղաքի կենտրոնում գտնվող հրդեհադիտանոցը, դադարեցին բավարարել հակահրդեհային անվտանգության պահանջները։ Հետևաբար, 1895 թվականին Վիբորգ քաղաքի ճարտարապետ Բրյունոլֆ Բլումկվիստը, ով նախընտրում էր նոր վերածննդի ոճը, նախագիծ մշակվեց հրշեջ մասի նոր հիմնական շենքի համար։ 1906 թվականին հրշեջ դեպոյի շինարարության ավարտը կարևոր փուլ դարձավ Մելնիչնայա լեռան լանջին Շկոլնայա հրապարակի կառուցապատման և ձևավորման գործում։ Ավելի վաղ, նույն ճարտարապետի նախագծի համաձայն, լեռան գագաթին կառուցվել էր հանրակրթական դպրոց, իսկ ավելի ուշ դրա հարևանությամբ կառուցվում է ոստիկանական բաժանմունքի շենքը։

 
Հրշեջ դեպոյի նախնական տեսքը

Եռահարկ (մասամբ քառահարկ) վարչական շենքի արտաքին տեսքը ձևավորվել էր Հյուսիսային մոդեռնի գաղափարների ազդեցության ներքո։ Կոպտատաշ ցոկոլը շարված էր գրանիտով։ Ասիմետրիկ սվաղված ճակատը, որը հարավ-արևելյան կողմով ուղղված էր դեպի հրապարակ, գտնվում է Կուտուզովի պողոտայի անկյան տակ։ Չնայած հաստատության լրջությանը, ճարտարապետը շենքին հեքիաթային պալատի տեսք էր տվել՝ կառուցելով անսովոր ձևի բազմահարկ տանիք և ճակատը զարդարելու համար օգտագործելով բազմաթիվ տարրեր՝ բազմանկյուն կարկառամասեր, երկու փոքրիկ աշտարակներ գմբեթներով և նեղ պատուհանախորշերով, ինչպես նաև տանիքի վրա բարձրացող կենտրոնական եռանկյունաձև ճակտոնապատ-վերնաճակատ փոքրիկ աշտարակներով և հողմացույցով։

Ճակատի դեկորատիվ ձևավորումը զուգորդվում է հատակագծի ֆունկցիոնալության հետ՝ մասնավորապես, շենքի տարբերակիչ առանձնահատկությունը երկու սանդուղքներով աստիճանային վանդակն է, ինչը հնարավորություն է տալիս հրշեջներին արագ իջնել ու բարձրանալ տագնապի դեպքում։ Բացի պաշտոնյաների աշխատանքային կաբինետներից, նախագով նախատեսված էր հրշեջ մասի պետի բնակարան, ինչպես նաև գրանիտով երեսպատված հրշեջ մեքենաների ավտոտնակներ և հրդեհաշիջման սարքավորումների վերանորոգման և սպասարկման տարածքներ։ Շենքում տեղակայված պրոֆեսիոնալ հրշեջ ջոկատը փոխարինելու էր կամավոր հրշեջ ջոկատներին։ Ռեպոլսկու անվան ժողովրդական դպրոցի հարևանությամբ գտնվող շենքում անցկացվում էին ամբողջ Ֆինլանդիայի հրշեջ ջոկատների ղեկավարների մասնագիտական վերապատրաստման դասընթացներ[1]։

1930-ական թվականներին շենքի արտաքին տեսքը, որը համարվում էր Վիբորգի ամենաօրիգինալներից մեկը, 1930-ական թվականներին փոխվել էր բարձր մոդեռնիստական աշտարակի տիպի կցակառույցի կառուցման միջոցով, որը նախատեսված էր հրդեհաշեջ կաշեփողերի չորացման համար։ Բայց շինությանն ավելի շատ վնաս հասցրեցին Խորհրդա-ֆիննական պատերազմները (1939-1944), որի արդյունքում շենքը կորցրեց բարձր տանիքը և դրա վրա բարձրացող դեկորատիվ տարրերը։ Այնուամենայնիվ, հետպատերազմյան վերանորոգման և վերակառուցման ընթացքում ճակատային դեկորների զգալի մասը պահպանվեց և ճակատի գրավիչ ձևավորման շնորհիվ շենքը մնաց քաղաքի տեսարժան վայրերից մեկը[2]։

2006 թվականին, ի նշանավորում Վիբորգի հրշեջ դեպոյի և պրոֆեսիոնալ հրշեջ խմբի հարյուրամյակի, շենքի ճակատին տեղադրվել է հուշատախտակ։

Գրականություն խմբագրել

  • Гусаров А. Ю. Выборг. Прошлое и настоящее средневекового города. Путеводитель. — СПб.: Паритет, 2017. — 320 с. — ISBN 978-5-93437-434-2.
  • Мысько А.С. Архитектура Выборга разных эпох. Путешествия в прошлое. — СПб.: «Издательский центр «Остров», 2019. — 352 с. — ISBN 978-5-94500-136-7
  • Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել