Վարդակակաչ անտառային

բույսերի տեսակ
Վարդակակաչ անտառային
Վարդակակաչ անտառային
Վարդակակաչ անտառային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Շուշանածաղկավորներ (Liliales)
Ընտանիք Շուշանազգիներ (Liliaceae)
Ենթաընտանիք Շուշանայիններ (Lilioideae)
Ցեղ Վարդակակաչ (Tulipa)
Տեսակ Վարդակակաչ անտառային (T. sylvestris)
Միջազգային անվանում
Tulipa sylvestris

Վարդակակաչ անտառային (լատին․՝ Tulipa sylvestris), շուշանազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

20-50 սմ բարձրությամբ բազմամյա սոխուկավոր բույս է։ Սոխուկը ծածկված է բաց գույնի, թեթևակի կաշենման, միայն վզիկի և հիմքի մասում կոշտամազ թեփուկներով։ Տերևները գծային նշտարաձև են, սովորաբար ուղիղ կանգնած, հաճախ կարմրավուն եզրերով։ 2-4 սմ երկարությամբ ծաղիկը մեծ է, ներսից վառ դեղին, արտաքինից՝ ծիրանի կանաչավուն։ Առէջաթելերը ամբողջ երկարությամբ լայնացած են։ Սերմնարանը իլիկաձև է։ Տուփիկը երկարավուն եռանիստ է և հանկարծակի սրածայր[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Այգեպատ, Մոսես, Նեքին Կարմիր)։ Ընդհանուր արեալն ընդգրկում է Հարավային Անդրկովկասը, Իտալիան, Հյուսիսային Իրանը, Սիցիլիա և Սարդինիա կղզիները[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 700-1000 մ բարձրությունների վրա, ինչպես նաև խոտածածկ լանջերին, ցանքերում և անտառների եզրերին։ Ծաղկում է ապրիլին, պտղաբերում՝ մայիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.