Վահան Կարապետյան
Վահան (Վանիկ) Կարապետի Կարապետյան (1910, Թուրքիա - 1942, Կերչ, Ղրիմի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, գրաֆիկ։ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ: Հայրենական մեծ պատերազմի մասնակից:
Վահան Կարապետյան | |
---|---|
Ծնվել է | 1910 |
Ծննդավայր | Թուրքիա |
Վախճանվել է | 1942 |
Մահվան վայր | Կերչ, Ղրիմի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
ԿենսագրությունԽմբագրել
Վանիկ Կարապետյանը ծնվել է 1910 թվականին Տաճկահայաստանում՝ Մոկսի նահանգի Հաղին գյուղում, գյուղացու ընտանիքում: 1915 թվականին փախուստի ժամանակ սպանվել է հայրը, 1916 թվականին Էջմիածնում մահանում են մայրը, երկու եղբայրները և երկու քույրերը, իսկ իրեն որպես անապաստանի վերցրել են մանկատուն: Եղել է Էջմիածնի, Երևանի, Ղարաքիլիսայի (Կիրովական), Թիֆլիսի, Ղարսի և ավելի երկարատև՝ Լենինականի մանկատներում[1]:
1927 թվականին մանկատանը ավարտել է մանկավարժական տեխնիկումը, նույն թվականին դուրս է եկել մանկատնից և ընդունվել է Երևանի գեղարդ տեխնիկումը, որն ավարտել է 1929 թվականին: 1929-1931 թվականներին աշխատել է Լենինականի երկաթգծի մանկօջախում, որպես նկարի և ծեփի անկյան ղեկավար և վարիչի օգնական: 1931 թվականին Լուսժողկոմատի կողմից գործուղվել է Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայում սովորելու, որն ավարտել է 1937 թվականին և համամիութենական ժողկոմխորին կից Արվեստի կոմիտեի կողմից գործուղվել է Երևան, կերպարվեստի հանրապետական ուսումնարան, որպես գեղանկարչության և նկարչության դասատու: 1926 թվականին ընդունվել է կոմերիտմիության շարքերը, 1928 թվականից եղել է պրոֆմիության անդամ: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Զոհվել է Կերչում, 1942 թվականին[1]։
ՍտեղծագործություններԽմբագրել
Գործերից են՝ «Նորքի էտյուդ», «Ցամաքաբերդ», «Պիոներներ», «Ածխահատ», Ստ. Ալթունյանի դիմանկարը[2]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Մուսաները չլռեցին: Սասուն Գրիգորյան, Երևան, Խորհրդային գրող: Գիրք 1-ին, 1989:
- ↑ «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1977