Սև ագռավ
Սև ագռավ
Սև ագռավ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Ճնճղուկազգիներ (Passeriformes)
Ինֆրակարգ Corvida
Վերնաընտանիք Corvoidea
Ընտանիք Ագռավներ (Corvidae)
Ցեղ Ագռավ (Corvus)
Տեսակ Սև ագռավ (C. corone)
Միջազգային անվանում
Corvus corone
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Սև ագռավ, գայլագռավ (լատին․՝ Corvus corone), ագռավների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, տարածված։

Ընդհանուր նկարագրություն խմբագրել

Մարմնի երկարությունը՝ 45-47 սմ է, թևերի բացվածքը՝ 93-104 սմ, կենդանի զանգվածը՝ 400-600 գ։ Հասունի մարմինը մոխրագույն է՝ թույլ վարդագույն երանգով։ Գլուխը, կոկորդը, այտերը և պոչը սև են, կտուցը՝ հզոր։ Երիտասարդը նման է հասունին, սակայն մոխրագույն հատվածները դարչնագույն երանգով են, մարմինը վերևից՝ խայտավոր։

Բնադրում խմբագրել

Բնադրում է մեկուսացած։ Լայնորեն տարածված է. հետբնադրման շրջանում հաճախ մեծ խմբերով գիշերում է քաղաքներում և գյուղերում, խուսափում է լեռնածերպերից ու խիտ անտառներից։ Ընդունակ է տրամաբանական, որոշ գործողություններ կատարելու (օրինակ՝ ընկույզը կոտրելու համար այն բարձրությունից նետում է քարի վրա), վերարտադրելու մարդու խոսքը։ Երիտասարդ ձագերը, էլեկտրալարից բռնած, ճոճվում են, ապա ընդունում ելման դիրք։

Հարսանեկան զույգերը մշտական են։ Բնի կառուցումը էգն ու արուն ավարտում են մարտի 1-ին կեսին։ Կրկնակի բնադրման դեպքում նոր բների կառուցումը կարող է շարունակվել մինչև մայիսի 1-ին կեսը։ Բույնը գավաթաձև է, ծավալուն՝ մանր ու խոշոր ճյուղերից, նուրբ բույսերից։ Բնադրում է ծառերի բարձր ճյուղավորումներին, շինություններում կամ էլեկտրասյուների հենակներին։ Ձվերը բներում հայտնվում են մինչև մարտի վերջը։ Դնում է 43 մմ տրամագծով, բաց կապույտ՝ մուգ կանաչ գծերով ու գծերով 3-6 ձու։ Թխսակալում է հիմնականում էգը՝ 17 օր։ Ձագերը բնից դուրս են գալիս մոտ 5 շաբաթականում՝ ապրիլի վերջից հունիսի վերջը։ Հուլիսի 1-ին տասնօրյակին թռիչքին լավ տիրապետող ձագերը ինքնուրույն կեր են որոնում ամենուր[1]։

Սննդառություն խմբագրել

Սնվում է անողնաշարավորներով, սերմերով, մանր ողնաշարավորներով, լեշերով։

Բնակություն խմբագրել

Օգոստոս - սեպտեմբերին սև ագռավները կազմում են մեծ ու փոքր խմբեր կամ խառը երամներ՝ կաչաղակների, սերմնաքաղների, սովորական ճայերի հետ։ Որպես ամենակեր (հատկապես մեծ քաղաքներում ու քաղաքամերձ աղբանոցներում կենցաղային թափոններով սնվող թռչուն է)՝ շրջակա միջավայրի աղտոտվածության ցուցիչ է։ Աշնան վերջից հաջորդ գարուն սև ագռավները հսկայական երամներով գիշերում են ծառաշատ զբոսայգիներում, պուրակներում, շենքերի տանիքներում։ Մեծ վնաս կարող են պատճառել մանր (հատկապես ջրլող) թռչունների ձագերին ու ձվերին։ Աղմկարար վարքով (հատկապես ձագերը՝ բնից դուրս գալու օրերին), տհաճ կռռոցներով անհանգիստ մթնոլորտ են ստեղծում փողոցներում ու բակերում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մոխրագույն ագռավի ձայն, տեսահոլովակ, նկար». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29-ին.