Սևանի ավազանի ֆիզիկաաշխարհագրական շրջան

Սևանի ավազանի ֆիզիկաաշխարհագրական շրջան, ընդգրկում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի հիմնական մասը, Սևանա լիճն իր ավազանով։ Տարածքը մոտ 5348 կմ² է։ Միջլեռնային եռանկյունաձև տեկտոնոնական իջվածք է՝ 1900-3000 մ բարձրությունների վրա, առավելագույնը՝ 3597 մ (Աժդահակ), որի հատակը զբաղեցնում է Սևանա լիճը։ Եզրավորված է Արեգունու, Սևանի, Արևելյան Սևանի, Վարդենիսի, Փամբակի լեռնաշղթաներով, Գեղամա լեռնավահանով։

Արեգունի լեռնաշղթա Սևանա լճի կողմոց

Ռելիեֆ

խմբագրել

Տիրապետում են ռելիեֆի տիպիկ հրաբխային ձևերը՝ լավային սարավանդներ, հրաբխային կոներ (Արմաղան, Եռաթմբեր, Վարդենիս և այլն), բրգաձև ժայռեր և այլն։ Արեգունու և Սևանի լեռնաշղթաների լճահայաց լանջերը զառիթափ են՝ կտրտված կարճ, ոչ խորը հովիտներով։ Գոգավորության արևմտյան և հարավային նախալեռները փոքրաթեք կուտակումային հարթավայրեր են (Մասրիկի, Գավառագետի, Նորատուսի, Մարտունու, Արգիճիի և այլն)՝ կազմված լճային, լճագետային և հեղեղաբերուկային նստվածքներից։ Մասրիկի դաշտում տեղ-տեղ պահպանվել են Սևանա լճի դարավանդները։ Շրջանին բնորոշ են քարակարկառները։ Դաշտի արևմտյան լճափնյա շրջանում էր Գիլի լիճը։ Հովիտները կարճ են, ոչ խորը, ունեն ձագարաձև ջրհավաք ավազաններ։ Շրջանը Սևանի լեռնանցքով (2114 մ) կապվում է Աղստևի հովտին, Սուլեմայի լեռնանցքով (2410 մ)՝ Վայքին, Սոթքի լեռնանցքով (2366 մ)՝ Թարթառի հովտին։

Պաշարներ

խմբագրել

Կան ոսկու (Սոթք), քրոմի (Շորժա), սնդիկի, պեռլիտի, վանակատի, բազալտի, անդեզիտի, հրաբխային խարամի, հրակայուն ապարների, տորֆի (Մասրիկի դաշտ), հանքային (Սևան, Լիճք, Գավառ) և արտեզյան (Մասրիկի արտեզյան ավազան) ջրերի պաշարներ։

Կլիման բարեխառն լեռնային է, չափավոր ցուրտ, արևոտ։ Արևափայլքի տարեկան միջին տևողությունը մինչև 2878 ժ է (Մարտունի), ամպամած օրերի թիվը՝ 19 (Արեգունու ափամերձ լանջ)։ Հունվարի միջին ջերմաստիճանը -4, 6-ից (Շորժա) -10 °C է (Սևան քաղաք), նվազագույնը՝ -32 °C, հուլիսինը համապատասխանաբար՝ 16 °C և 8 °C, առավելագույնը՝ 35 °C։ Տարեկան տեղումները լճափին 450 մմ են, բարձրադիր գոտում՝ մինչև 970 մմ։ Ձմռանը գոյանում է կայուն ձնածածկույթ։ Անսառնամանիք օրերի թիվը լճափին 150 է, բարձրադիր գոտում՝ 80-90։ Ձմռանը տիրապետում են արևմտյան և հարավարևմտյան ցուրտ հոսանքները։ Լճափնյա գոտուն բնորոշ են բրիզ քամիները (հատկապես ամռանը)։

Ջրագրություն

խմբագրել

Ջրագրական ցանցը պատկանում է Սևանա լճի ավազանին։ Շրջանում կան 29 գետ ու գետակ, առավել խոշոր են Գավառագետը, Արգիճին, Վարդենիսը, Մասրիկը, Ձկնագետը, որոնք թափվում են Սևանա լիճ։ Լճից սկիզբ է առնում միայն Հրազդան գետը։ Տարածքում են Որոտան-Արփա-Սևան ջրատեխնիկական համալիրի հյուսիսային մասը, Գեղարքունիքի, Լանջաղբյուրի ջրամբարները, Սարուխանի, Նորատուսի ջրանցքները։ Հողաբուսական ծածկույթն ու կենդանական աշխարհը բազմազան են և ենթակա վերընթաց լանդշաֆտային գոտիականության։ Գերիշխողը լեռնային տափաստանն է։

Բուսականություն

խմբագրել

Լեռների բարձրադիր գոտում տիրապետում են մարգագետինները, 2800 մ-ից բարձր՝ ալպյան գորգերը։ Ձկնագետի հովտում պահպանվել են անտառների մնացուկներ, Սևանի լեռնաշղթայի արևմտյան լանջերին՝ կաղնուտներ։ Լճի ջրից ազատված տարածքը (մոտ 166 կմ²) անտառապատված է փշարմավի, բարդու, ուռենու, սոճու տնկարկներով։ Սևանա լճում կան իշխան, բախտակ, կոդակ, սիգ (կլիմայավարժեցված), գետերում՝ կարմրախայտ։ Շրջանի կենտրոնական հատվածը ներառված է Սևան ազգային պարկի մեջ։ Լճափերին ստեղծվել է հանգստյան գոտի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։