Սպիտակ վարդ (դիմադրության խումբ)

«Սպիտակ վարդ» (գերմ.՝ Weiße Rose), դիմադրության ընդհատակյա խումբ, որը գործել է Երրորդ ռայխում։ Ստեղծվել է Մյունխենի համալսարանի ուսանողների կողմից։ Գործել է 1942 թվականի հունիսից մինչև 1943 թվականի փետրվարը։ Անունը վերցվել է հանրահայտ գրող Բ. Թրավենի «Սպիտակ վարդ» վեպից։

Խմբի անդամներ խմբագրել

  • Քրիստոֆ Պրոբստ, (ծնվ. 1918), բժշկական ֆակուլտետի ուսանող
  • Հանս Շոլ, (ծնվ. 1918), մեկը «Սպիտակ վարդի» հիմնադիրներից, բժշկական ֆակուլտետի ուսանող
  • Սոֆի Շոլ, (ծնվ. 1921), փիլիսոփայության ֆակուլտետի ուսանողուհի
    (մահապատժի են ենթարկվել 1943 թվականի փետրվարի 22-ին՝ եռօրյա հարցաքննություններից ու տանջանքներից հետո)
  • Ալեքսանդր Շմորել, (ծնվ. 1917), գաղթական Ռուսաստանից, մեկը «Սպիտակ վարդի» հիմնադիրներից, բժշկական ֆակուլտետի ուսանող։ Պատերազմից հետո Մյունխենի այն փողոցը, որտեղ ապրել էր Շմորելը, ստացավ նրա անունը։
    (մահապատժի է ենթարկվել 1943 թվականի հուլիսի 13-ին, Մյունխենի Շտադելհայմ բանտում)
  • Կուրտ Հուբեր, (ծնվ. 1893), Մյունխենի համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր
    (մահապատժի է ենթարկվել 1943 թվականի հուլիսի 13-ին, Մյունխենի Շտադելհայմ բանտում)
  • Վիլլի Գրաֆ, (ծնվ. 1918), բժշկական ֆակուլտետի ուսանող
    (մահապատժի է ենթարկվել 1943 թվականի հոկտեմբերի 12-ին)
  • Հանս Լեյպելտ, (ծնվ. 1921), քիմիական ֆակուլտետի ուսանող
    (մահապատժի է ենթարկվել 1945 թվականի հունվարի 29-ին)
  • Հանս Հիրցել, 1924—2006, դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման, ազատվել է 1945 թվականին
  • Սուզաննա Հիրցել[1], 1921—2012, Հանս Հիրցելի քույրը, դատապարտվել է վեց ամսվա ազատազրկման՝ ապացույցների թերի լինելու պատճառով

Դրդապատճառներ խմբագրել

Խմբի առանձին անդամների՝ դիմադրության անդամ դառնալու որոշման համար պատճառ են հանդիսացել նրանց քրիստոնեական հավատը, ինչպես նաև իշխանությունների ռասիստական քաղաքականության և ռեժիմի հակառակորդների հետապնդումների հանդեպ վրդովմունքը։ Խմբի շատ անդամներ Լեհաստանում և Խորհրդային միությունում մասսայական սպանությունների ականատեսն էին եղել, ինչն էլ ստիպել էր հայրենիք վերադառնալուց հետո միանալ Դիմադրությանը։

Ակցիաներ խմբագրել

Խմբի անդամները թռուցիկներ էին պատրաստում և կոչ անում միանալ նացիստական ռեժիմի դեմ պայքարին։ Թռուցիկները բազմացնում էին հեկտոգրաֆով և տարածում էին ըստ հասցեների, որոնք գտնում էին հեռախոսային տեղեկատուների մեջ։ Ակցիայի նպատակը պետական պրոպագանդային հակազդելն էր[2]։ Ժամանակի ընթացքում խմբի անդամները որոշեցին, որ թռուցիկները բավարար չեն և պետք է անցնել առավել ակտիվ գործունեության։ 1943 թվականի փետրվարի 3-ին, 8-ին և 15-ին Մյունխենի համալսարանի և այլ շենքերի պատերին հայտնվեցին գրառումներ՝ «Տապալում Հիտլերին» և «Ազատություն»։ Գրառումներն արվում էին «Սպիտակ Վարդի» անդամներ Ալեքսանդր Շմորելի, Հանս Շոլի և Վիլլի Գրաֆի կողմից։

Ձախողում և մահապատիժ խմբագրել

1943 թվականի փետրվարի 18-ին (Ստալինգրադի ճակատամարտից հետո) խմբի անդամները թռուցիկներով ապստամբության կոչ արեցին։ Սոֆի Շոլը բերեց դրանք համալսարան և թողեց նախասրահում, իսկ մնացած որոշ քանակի թռուցիկներ պատշգամբից լցրեց ներքևում գտնվող ուսանողների վրա։ Թիկնապահը տեսավ դա և կանչեց գեստապոյին[2]։ Հանսին և Սոֆիին բանտարկեցին և դատեցին Ազգային դատարանի արտակարգ նիստի ժամանակ:Նրանց, ինչպես նաև Քրիստոֆ Պրոբստին մեղավոր ճանաչեցին և 1943 թվականի փետրվարի 22-ին գիլիոտինով մահապատժի ենթարկեցին։ Հանս Շոլի վերջին խոսքերը եղան՝ «Կեցցե՛ ազատությունը»[2]։

Հիշատակ խմբագրել

 
Հուշարձան Մյունխենի համալսարանի առաջ

Մյունխենի համալսարանի գլխավոր շենքի երկու հրապարակները կոչվեցին խմբի անդամների անուններով. քույր և եղբայր Շոլերի հրապարակ (գերմ.՝ Geschwister-Scholl-Platz) և պրոֆեսոր Հուբերի հրապարակ (գերմ.՝ Professor-Huber-Platz): Մյունխենի ուսանողական թաղամասում բոլոր փողոցները կոչվեցին խմբի անդամների անուններով։

1980 թվականին գերմանական գրավաճառության Բիրժևյան միության բավարական բաժանմունքում, Հանս և Սոֆի Շոլերի պատվին գրականության մրցանակ սահմանվեց՝ «բարոյական, մտավոր և գեղագիտական քաջության» համար։

2014 թվականի հունվարին Բավարիայի ազգային թանգարանում գտնվեց գիլիոտինան, որի միջոցով մահապատժի էին ենթարկվել «Սպիտակ վարդի» անդամները[3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Vor zwei Jahren Starb Susanne Zeller-Hirzel
  2. 2,0 2,1 2,2 Би-Би-Си: «„Белая роза“: немцы, сопротивлявшиеся нацизму»
  3. Наталия Королева (2014 թ․ հունվարի 10). ««Нашлась» гильотина, на которой предположительно казнена Софи Шолль». dw.com. Deutsche Welle. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.
  4. Антон Долгунов (2014 թ․ հունվարի 11). «В ФРГ найдена гильотина, на которой казнили лидеров антифашистского движения «Белая роза»». ТАСС. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել