Վաչե Արծրունի (5-րդ դար)

հայ նախարար

Վաչե Արծրունի (375, Ադամակերտ, Մեծ Աղբակ, Վասպուրական, Մեծ Հայք - ոչ վաղ քան 432), հայ նախարար Մեծ Հայքում և Մարզպանական Հայաստանում, Վասպուրական աշխարհի Մեծ Աղբակ գավառի տանուտերը (մոտ 381-440), Մերուժան Արծրունու որդին, Մերշապուհ Արծրունու եղբայրը, Գոտարձի, Տաճատի և Շավասպի հայրը, Արծրունիների նախարարական տոհմից[1]։

Վաչե Արծրունի
գրաբ.՝ Վաչէ Արծրունի
Արծրունիների զինանշանը
Մեծ Աղբակի տեր
մոտ 381 - 440
Նախորդող Մերուժան Արծրունի
Հաջորդող Վասակ Արծրունի
 
Ծննդյան օր 375
Ծննդավայր Ադամակերտ, Մեծ Աղբակ, Վասպուրական, Մեծ Հայք
Վախճանի օր ոչ վաղ քան 432
Դինաստիա Արծրունիներ
Քաղաքացիություն  Մեծ Հայք
Հայր Մերուժան Արծրունի
Զավակներ Վասակ Արծրունի, Գոտարձ Արծրունի, Տաճատ Արծրունի և Շավասպ Արծրունի

Կենսագրություն խմբագրել

Վաչե Արծրունին Մեծ Հայքի վերջին արքա՝ Արտաշես Դ-ի (422-428) ժամանակակիցն է։ Հայ նախարարները դժգոհ լինելով Արտաշես Դ արքայի վարքից, բողոքում են պարսից Վռամ Ե (420-438) արքային։ Վերջինս 428 թվականին գահընկեց է անում Արտաշեսին և Մեծ Հայքը վերածում մարզպանության։ Այս որոշմանը հակառակվում է Ամենայն Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևը (387-428), որի համար Պարսից արքան զրկում է նրան կաթողիկոսական աթոռից և հարքունիս գրավում նրա տիրույթները, ապա Արտաշես Դ-ի հետ միասին ձերբակալվում է և ուղարկում Պարսկաստան։ Պարսից արքան նոր կաթողիկոս է նշանակում ասորի Սուրմակին։ Սուրմակին և նրան հաջորդած՝ ասորի Բրքիշոյին հայ նախարարները զրկում են կաթողիկոսական աթոռից և Սահակ Պարթևի ձերբակալությունից հետո 4 տարի անց՝ 432 թվականին դիմելով պարսից արքային, խնդրում են կաթողիկոս նշանակել մեկ այլ մարդու, որը կշարժվեր իրենց կրոնի օրենքներով, կամ էլ վերադարձնել Սահակ Պարթևին։ Սահակ Պարթևի օգտին հանդես են գալիս Վաչե Արծրունին, Մանեճ Ապահունին և Սպանդարատ Արշարունին՝ իրենց կողմնակիցներով։ Վռամ Ե Գուրը մասամբ է կատարում հայ նախարարների խնդրանքը։ Այսպիսով, կաթողիկոս է նշանակվում Շամվել ասորին, որը որպես Սահակի ընդդիմադիր և հակաթոռ՝ գրեթե ամբողջությամբ իր ձեռքն է վերցնում կաթողիկոսական աթոռը։ Իսկ Սահակ Պարթևին թողնում է նրա կաթողիկոսական աթոռից ընդամենը մի քանի գյուղ[1][1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 40․
  2. «Ս․ Սահակ Ա Պարթև». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.