Մխիթար Տաշրացի, Մխիթար Սկեվռացի (մոտ 1200 - 1271, Սկևռա, Կիլիկիայի Հայկական Թագավորություն), հայ միջնադարյան աստվածաբան, վարդապետ։ Հայ մատենագրությունը նրա կյանքի և եկեղեցական գործունեության մասին շատ քիչ բան է պահպանել։ Պատմիչ Կիրակոս Գանձակեցին տեղեկացնում է, որ Մխիթար Տաշրացին ընդգրկված է եղել Կիլիկիայից Ոսկե հորդայի Բաթու և Մանգու խաների մոտ ուղարկված դեսպանագնացությունների կազմում։ Մխիթար Տաշրացու գրչին են պատկանում սակավաթիվ գործեր, որոնց մեջ առանձնանում է «Յաղագս համապատւութեան երկոտասանից առաքելոց» երկը։ Գրվել է Հայոց թագավոր Հեթում Ա-ի (1226–1270 թթ.) հրամանով ու Կաստաղոնի եպս. Հակոբի հորդորներով և ներկայացնում է հեղինակի հաշվետվությունը 1263 թ.-ին Աքքա կատարած դիվանագիտական այցի մասին։ Որպես Հեթում Ա-ի և կաթողիկոս Կոստանդին Ա Բարձրբերդցու (1221–1267 թթ.) նվիրակ, այցելել է լատինական Արևելքի նշանավոր կենտրոններից մեկը՝ Աքքա, հանդիպելու Հռոմի Ուրբանոս IV պապի լեգատին (դեսպան)` Գուլիելմոս արքեպիսկոպոսին։ Հռոմի եկեղեցին Հռոմկլայի կաթողիկոսարանից պահանջել է անվերապահորեն ենթարկվել պապական աթոռին` պատճառաբանելով, թե Պետրոսը առաքյալներից գլխավորն է և եկեղեցու վեմը, հետևաբար բոլոր պատրիարքներն ու կաթողիկոսները պետք է հնազանդվեն Պետրոսի աթոռին, այն է՝ Հռոմի եկեղեցուն, որպես գլխավորի։ Մխիթար Տաշրացին, իր երկում հետևելով Վարդան Արևելցու մշակած եկեղեցաքաղաքական գծին, ապացուցել է այդ պահանջի անարդարացիությունը և ավետարանական խոսքերի աղավաղման, սեփական իշխանատենչության տեսանկյունից դրանց մեկնաբանման միտումը։ Սեփական մոլորությունը հիմնավորելու համար անթույլատրելի է ախտակից դարձնել սրբին և մարմնական գերագահությունը տարածել նաև հոգևորի և աստվածայինի վրա, եզրակացրել է հեղինակը։ Հայ եկեղեցու անկախ նվիրապետական կառույցը լատին կղերի ոտնձգություններից պաշտպանելու համար հայ աստվածաբանը հիմնվել է միայն Ս. Գրքի վկայությունների վրա։ Հիսուսն առաքյալների մեջ գահերի տարբերություն չի դրել. բոլոր տասներկու առաքյալներին տվել է նույն իշխանությունը և հավասարությունը։ Հետևաբար, Հռոմի եկեղեցին ոչ մի իշխանություն ունենալ չի կարող մնացած աթոռների, այդ թվում՝ Հայ եկեղեցու վրա։ Ցույց է տվել, որ Հայ եկեղեցին նույնպիսի հաջորդ է Տիեզերական եկեղեցու առաքելական ավանդույթի, ինչպիսին ներկայացնում են Երուսաղեմի, Հռոմի, Կոստանդնուպոլսի, Անտիոքի և Ալեքսանդրիայի պատրիարքական աթոռները։ Պաշտպանելով Հայ եկեղեցու շահերը՝ հայ աստվածաբանը, միաժամանակ, իր երկում մեծագույն հարգանքով է խոսել քույր եկեղեցիների և մյուս ազգերի մասին՝ կոչ անելով Հռոմի աթոռին նույնպիսի վերաբերմունք դրսևորել։

Մխիթար Տաշրացի
Ծնվել էմոտ 1200
Մահացել է1271
Մահվան վայրՍկևռա, Կիլիկիայի Հայկական Թագավորություն
Մասնագիտությունգիտնական

Հայտնի է Մխիթար Տաշրացու երկի մոտ 20 ընդօրինակություն, որոնք պահպանվում են Երևանում, Փարիզում և Երուսաղեմում։ Դրանց մեծագույն մասը ներկայացնում է «Յաղագս համապատւութեան երկոտասանից առաքելոց» երկի բնագրի համառոտ խմբագրությունը։ Համառոտ այդ երկը, հավանաբար, ստեղծվել է XIV դ. վերջին։ Դրա ընդարձակ, այս դեպքում՝ իսկագիր ընդօրինակության հնագույն ձեռագիրը պահպանվում է Փարիզի Ազգային գրադարանի հայկական ձեռագրերի պահոցում և կրում հերթական՝ 42 համարը։ Մատյանն ընդօրինակված է 1274 թ.-ին, ստացողն է Կեռան թագուհին։ Առավել ամբողջական և ընդգրկուն են երկի երուսաղեմյան երեք հրատարակությունները (1857 թ., 1860 թ., 1865 թ.)։ Այս ձեռագրերից է երկը ֆրանսերեն թարգմանել և մասնակիորեն հրատարակել հայագետ Էդուարդ Դյուլորիեն (1869 թ.)։

Գրականություն խմբագրել

  • Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, Երևան, 1982 թ.
  • Պողարյան Ն., Հայ գրողներ, Երուսաղեմ, 1971 թ.
  • Բոզոյան Ա., Մխիթար վարդապետՏաշրացին (Սկևռացին)` Հայոց եկեղեցու նուիրապետական կառոյցի պաշտպան, «Գանձասար», 5, 1994 թ.

Աղբյուր խմբագրել

  • Ազատ Բոզոյանի հոդվածը «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանում (Երևան, 2002)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: