Հոլմ Հանսեն Մյունթե (նորվ.՝ Holm Hansen Munthe, հունվարի 1, 1848(1848-01-01)[1][2][3][…], Սթանգե, Հեդմարկ, Նորվեգիա[1][2] - մայիսի 23, 1898(1898-05-23)[1][2][3][…], Քրիստիանիա, Նորվեգիա[1][2]), նորվեգացի ճարտարապետ։ Աշխատել է նորվեգական ավանդական ոճով։

Հոլմ Մյունթե
Ծնվել էհունվարի 1, 1848(1848-01-01)[1][2][3][…]
ԾննդավայրՍթանգե, Հեդմարկ, Նորվեգիա[1][2]
Մահացել էմայիսի 23, 1898(1898-05-23)[1][2][3][…] (50 տարեկան)
Վախճանի վայրՔրիստիանիա, Նորվեգիա[1][2]
ԿրթությունՀանովերի համալսարան
Պարգևներ
 Holm Hansen Munthe Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հոլմ Մյունթեն ծնվել է քաղաքական գործչի ընտանիքում. հայրը` Ադոլֆ Ֆրեդերիկ Մյունթեն, երեք անգամ եղել է Նորվեգիայի պաշտպանության նախարար (1877-1879, 1880-1881, 1881-1884)։ Նա նորվեգացի նկարիչ Գերհարդ Մյունթեի ազգականն է եղել։

Հոլմ Մյունթեի ճարտարապետ դառնալը տիպական էր այդ ժամանակների Նորվեգիայի համար։ 1870-ական թվականների սկզբին Մյունթեն աշխատել է ճարտարապետական վարպետանոցում` միաժամանակ նկարչության Արքայական դպրոցում (Tegneskolen) սովորելով ճարտարապետ Վիլհելմ ֆոն Հաննոյի մոտ։ 1872-1877 թվականներին նա սովորել է Գերմանիայում`Հաննովերի համալսարանում (Polytechnische Institut): Մինչև 1878 թվականը եղել է ճարտարապետ Կոնրադ Վիլհելմ Հասեի օգնականը։

Վերադառնալով Նորվեգիա` Մյունթեն 1878-1885 թվականներին աշխատում է ճարտարապետ Հենրիկ Նիսենի հետ։ Նրանք հիմնականում վերականգնում էին եկեղեցիներ, երբ նրանց պատվերով է դիմում բժիշկ, բալնեոթերապիայի ջատագով, ձեռնարկատեր Ինգեբրիհտ Հոլմը։ 1881-1883 թվականներին նրա պատվերով ճարտարապետները կառուցում են երկու օբյեկտ. Օսլոյի մերձակայքում գտնվող Վիկ բնակավայրում կառուցում են լողի համալիր` «Քրիստիանիա Բադ» (քանդվել է 1930-ական թվականներին), իսկ Լարվիկում կառուցում են առողջարան` «Լարվիկ Բադ», որն ուներ լողավազան, սպա-սալոն, երաժշտության սրահ, ճաշասենյակ, գրադարան, բիլիարդի սենյակ։ «Լարվիկ Բադը» կառուցվել էր ազգային ավանդույթներով` (անգլ.՝ Dragestil, Dragon Style, բառացի` վիշապի ոճ) հիմք հանդիսանալով դրա զարգացմանը։ Այդ շենքը ևս չի պահպանվել։

 
Օսկար II-ի դարպասները, 2011 թվականի լուսանկար

1883 թվականին Մյունթեն ևս մեկ նախագիծ է ստեղծում նորվեգական ավանդական ոճով։ «Saugbrugsforeningen» ընկերության պատվերով, որը զբաղվում էր անտառանյութի մշակմամբ, կառուցվում են դարպասներ, որոնք հանդիսանում են Օսլոյի Արքայական պալատի տարածքում բացված արվեստի և արդյունաբերության ցուցահանդեսի մուտք[4]։ Դարպասները ստանում են «Օսկար II արքայի դարպասներ» անվանումը` հետագայում ընդգրկվելով փայտագործական արվեստի արքայական հավաքածուի մեջ։ Այդ հավաքածուն Նորվեգական ազգային թանգարանի հիմնադրման հիմք է հանդիսացել։

Ինգեբրիհտ Հոլմի գործերը այդ ժամանակ ծաղկում են։ 1887 թվականին նա կրկին դիմում է Մյունթեին` ռեկրեացիոն զբոսաշրջության զարգացման իր գաղափարներով։ 1889 թվականին Օսլոյի Հոլմենկոլեն թաղամասում Մյունթեի նախագծով լճակի մոտ կառուցվում են «Պեյսեստուեն» հյուրանոցը` նավակներով զբոսանք իրականացնելու հնարավորությամբ, և մարզական-առողջարանային կենտրոն` «Հոլմենկոլեն տուրիստհոթել», որ հատկապես մեծ պահանջարկ էր վայելում ամռանը և ձմռանը։ 1892 թվականին Հոլմենկոլենում կառուցվում է դահուկային ցատկահարթակ։ 1895 թվականի մարտի 31-ի գիշերը «Հոլմենկոլեն տուրիստհոթելը» այրվում է մոմի հետ անզգույշ վավելու արդյունքում ծագած հրդեհից. պահպանվում է միայն ռեստորանը[5]։ 1894 թվականին Հոլմենկոլենում Բալթազար Լամգեի նախագծով կառուցվում է «Հոլմենկոլեն սանատորիումը», որը փոխարինում է այրված կառույցին։ 1896 թվականին ճարտարապետ Ուլե Սվերեի նախագծով նույն տեղում կառուցվում է «Հոլմենկոլեն տուրիստհոթել II» կառույցը։

1890-1891 թվականների Օսլոյի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Հոլմ Մյունթեի նախագծով ևս երկու շինություն է կառուցվում «վիշապի ոճով»։ Դրանք ռեստորաններ էին այնպիսի տեղում, որտեղ շատ զբոսաշրջիկներ են լինում։ Առաջինը «Սանկտ Հանսհյոուգեն» ռեստորանն էր, որի անունով նաև թաղամաս է կոչվել։ Ռեստորանի շենքը չի պահպանվել. այն այրվել է 1936 թվականին։

«Ֆրոգներսետերեն» ռեստորանը կառուցվել է համանուն թաղամասում։ Այն Հոլմ Մյունթեի առավել հայտնի շինություններից է։ Այն պահպանվել է` հասնելով մեր օրեր։ 1909 թվականին՝ արդեն Հոլմ Մյունթեի մահից հետո, շինությունը մասամբ վերակառուցվել է ընդարձակվելով։

 
Փոստային նամականիշ` կայսր Վիլհելմ II-ի որսորդական առանձնատան պատկերով

1890 թվականին Պրուսիայի կայսր Վիլհելմ II-ը պաշտոնական այցի ժամանակ այցելել է Հոլմենկոլեն։ Նա հիացել է Մյունթեի կառույցով` պատվիրելով համանման շինություն կառուցել նաև Պրուսիայում։

1891-1895 թվականներին Հոլմ Մյունթեի նախագծով Պոտսդամի շրջակայքում` Հաֆել գետի ափին, կառուցվել է «Kongsnæs» կայարանը նավաստիների համար գետային զբոսանքների նպատակով։ Այն բաղկացած է եղել Վիլհելմ II-ի ապարանքից և անձնակազմի սպասարկման համար նախատեսված մի քանի շենքերից։ Շինությունների մեծ մասը վնասվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

Երկրորդ շինությունը կառուցվել է ներկայիս Կալինինգրադի մարզում։ Այդ տեղում նախկինում եղել են կառավարողների` որսորդության համար նախատեսված շինություններ։ Ճարտարապետներն են եղել Հոլմ Մյունթեն և Ուլե Սվերեն[6]։ Կառույցները հավաքվել են Նորվեգիայում, այնուհետև նավերով Բալթիկ ծովով փոխադրվել Քյոնիգսբերգ։ Հետագա տեղափոխումն իրականացվել է երկաթուղով[7]։ Շինարարական աշխատանքներն ավարտվել են 1893 թվականին։ Կառույցը, սակայն, խիստ տուժել է պատերազմի տարիներին։

1885 թվականից Մյունթեն դասավանդել է նկարչության Արքայական դպրոցում (Tegneskolen), որտեղ սովորել էր ժամանակին։ Նա եղել է Նորվեգիայի ճարտարապետների և ինժեներների միության քարտուղարը, ինչպես նաև Ճարտարապետության նորվեգական թանգարանի ղեկավար անդամ։ 1898 թվականին Հոլմ Մյունթեն նշանակվել է Օսլոյի գլխավոր ճարտարապետ, սակայն շուտով մահացել է 50 տարեկան հասակում` չհասցնելով զբաղեցնել պաշտոնը։ Այդ նույն թվականին նա ավարտին է հասցրել կարմիր աղյուսից երկու դպրոցների շինարարությունը Օսլոյում։ Գլխավոր ճարտարապետի պաշտոնում նրան փոխարինել է նրա համախոհ Բալթազար Լանգեն։ Վերջինս Ուլե Սվերեի հետ համարվում է Մյունթեի հետևորդը «վիշապի ոճում», սակայն նանք հաջող նախագծեր են ստեղծել այլ ոճերով ևս։ «Վիշապի ոճում» Մյունթեի ևս մեկ հետևորդ է եղել Կարլ Մարտին Նորումը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Norsk kunstnerleksikon (норв.)(untranslated).
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 KulturNav — 2015.
  4. Oscar IIs portal, Norsk folkemuseum
  5. Holmenkollen turisthotell I
  6. Կայսրի որսորդական տունը
  7. Որսորդական փայտե դղյակ

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոլմ Մյունթե» հոդվածին։