Թուրաջ
Թուրաջ
Թուրաջ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Վերնադաս Չորքոտանիներ (Tetrapoda)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Հավազգիներ (Galliformes)
Ընտանիք Փասիաններ (Phasianidae)
Ենթաընտանիք Perdicinae
Ցեղ Francolinus
Տեսակ Թուրաջ (F. francolinus)
Միջազգային անվանում
Francolinus francolinus
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Թուրաջ (լատին․՝ Francolinus francolinus), փասիանների ընտանիքին պատկանող թռչուն։ Նստակյաց է, հազվագյուտ։  

Մարմնի երկարությունը 33-36 սմ է, թևերի բացվածքը՝ 50-55 սմ է, իսկ կենդանի զանգվածը՝ 400-550 գ։ Փետրածածկը մուգ է և թեփուկանման, իսկ պոչի եզրային փետուրները՝ սևավուն։ Հասուն արուի դիմային մասը սև է, այտին կա սպիտակ բիծ, գագաթը և ծոծրակը մուգ դարչնագույն են՝ բաց կարմրավուն-դարչնագույն խայտերով։

Մարմինը ներքևից սև է, կողքերը՝ ակնառու սպիտակ պտերով, կարմիր-դարչնագույն օձիքով։ Էգի ընդհանուր գունավորումը դարչնագույն է, գլուխը՝ մի քիչ ավելի բաց գույնի, աչքի հետնամասի շերտը՝ մուգ, ծոծրակի մասում՝ դարչնագույն։ Երիտասարդը նման է հասուն էգին, սակայն ավելի փոքր է, խամրած, դիմային մասը՝ ավելի բաց գույնի։ Խիստ զգուշավոր է, թռիչքի է դիմում դժվարությամբ։ Ձայնը բաղկացած է մի շարք բարձր կանչերից։ Երբեմն հանդիպում է ճամփեզրերին։ Բնակվում է եղեգի, ուռենու, մոշենու խիտ մացառներում։ 10 դիտարկումների տվյալներով պարզվել է, որ թուրաջը տարածված է Արաքս գետի ափամերձ եղեգնուտներում, Հայաստանի հանրապետական սահմանի տարածքում։

Սնվում է բազմատեսակ բույսերով, սերմերով և միջատներով։

Բնադրազույգերը ձևավորվում են ապրիլ-մայիսին։ Բներում ձվերն ու ձագերը հայտնվում են մայիս-հունվար ամիսների ընթացքում։ Բույնը ոչ խորը փորվածք է՝ գետնին, առանց ցամքարի, խիտ թաքստոցում։ Դնում է 42 մմ տրամագծով, բաց դարչնագույն՝ սպիտակ պտերով 8-12 ձու։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Կիպրոս կղզում և Փոքր Ասիայում մինչև Հյուսիսային Իրաք, Հյուսիսարևմտյան Իրանում և Կասպից ծովի հարավային ափում։ Հայաստանում հանդիպում է միայն Մեղրու շրջանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Բնակվում են գետերի հովիտներում և խիտ թփուտներում կամ բարձր խոտերով ծածկված բացատների հետ հերթափոխվող եղեգնուտներում։ Մեղրու շրջանում բնակեցվում է Արաքս գետի մերձհունային հատվածում։

Նստակյավ տեսակ է, որը բնադրում է թփուտներում, սնվում՝ կանաչ ծիլերով, պտուղներով, սերմերով և միջատներով։ Կերը հավաքում է ինչպես գետնից, այնպես էլ ճյուղերից։ Տարեկան ձվադրում է մեկ անգամ՝ դնելով սովորաբար 8-12 ձու[1]։

Պահպանություն խմբագրել

Փոքր թվաքանակով, խոցելի տեսակ է, որը ԲՊՄՄ Կարմիր ցուցակում ընդգրկված է տվյալների անբավարարություն կատեգորիայով։

Ներկայիս թվաքանակի գնահատման համար տվյալների բավարար չեն։ 2008 թվականի տվյալներով թուրաջներ պահվում են Երևանի կենդանաբանական այգում։

Քանի որ թուրաջի տարածման շրջանը գտնվում է մերձսահմանային գոտում, սահմանային ռեժիմի շնորհիվ ապօրինի որսը անհնար է։ Սահմանափակ է նաև մարդու և անասունների կողմից բազմացման շրջանում անհանգստացնելը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուրաջ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուրաջ» հոդվածին։