Երուսաղեմի համախտանիշ, համեմատաբար քիչ հանդիպող հոգեկան հիվանդություն, որի ժամանակ զբոսաշրջիկը կամ ուխտագնացը, լինելով Երուսաղեմում, պատկերացնում է, որ տիրապետում է աստվածային, մարգարեական ուժերի և կամ աստվածաշնչյան որոշակի հերոսի մարմնավորումն է, որի ուսերին աշխարհը փրկելու առաքելություն է դրված։ Այս երևույթը փսիխոզ է, որ հանգեցնում է հիվանդին հոգեբուժական հիվանդանոց հոսպիտալացնելուն։

Երուսաղեմի համախտանիշի դրսևորում

Համախտանիշի առանձնահատկություններից է այն, որ դրանով տառապող զբոսաշրջիկները կամ ուխտագնացները երկար ճանապարհ են հաղթահարում ամբողջ աշխարհով մինչև Երուսաղեմ հասնելը և երբ հասնում են այնտեղ, քաղաքային փողոցներում իրենց պահում են այնպես, ասես օժտված են գերբնական, աստվածային ուժով։ Նրանց պահվածքին բնորոշ թատերականացումը գրավում է շրջապատի մարդկանց ուշադրությունը։ Երբեմն նրանց պահվածքը հասնում է ծայրահեղության՝ մարդկանց համար վտանգ ներկայացնելով, ինչով պայմանավորված՝ նրանց բռնի հոսպիտալացնելու անհրաժեշտություն է առաջանում մինչև նրանց պահվածքի վտանգավորության անցումը։ Այս համախտանիշով տառապողների շրջանակում եղել են ինչպես հուդայականներ, այնպես էլ քրիստոնյաներ, որոնց վիճակը նկատելիորեն վատանում է դեպի սրբավայրեր (օրինակ՝ Հիսուս Քրիստոսի եղած վայրերը, Լացի պատ, Սուրբ Հարության տաճար) երկար սպասված այցելություններն իրականացնելուց հետո։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Երուսաղեմի համախտանիշով տառապել են հուդայականներ, քրիստոնյաներ և մուսուլմաններ՝ անկախ իրենց հավատադավանանքից։ Հոգեբանների տեսանկյունից համախտանիշը նման է Ֆլորենցիայում և Հռոմում հանդիպող Ստենդալի համախտանիշին կամ փարիզյան համախտանիշին, որով առավելապես տառապում են Ճապոնիայից եկեծ զբոսաշրջիկները։ Համանման հոգեկան խանգարումներ են ունենում Մեքքայում հայտնված ուխտագնացները։

Հիվանդությունն առաջին անգամ նկարագրվել է 1930-ական թվականներին հոգեբույժ Հայնց Հերմանի կողմից։ Համախտանիշի առաջին դրսևորումները նկատվել են դեռևս միջնադարում Ֆելիքս Ֆաբերի ուղեգրության և անգլիացի հոգևոր գրող Մարջերի Քեմփեի կենսագրության մեջ։ Համախտանիշի բազում դրսևորումներ են գրանցվել 19-րդ դարում[1]։

Հիվանդության դրսևորման առավել ծանր դեպքերից է Ավստրալիայից ժամանած քրիստոնյա ուխտագնաց Դենիս Մայքլ Ռոհանի դեպքը (անգլ.՝ Denis Michael Rohan): 1969 թվականի օգոստոսի 21-ին նա փորձել է այրել ալ-Աքսա մզկիթը Տաճարի լեռան վրա, ինչը քաղաքում զանգվածային անկարգությունների տեղիք է տվել Bar-el Y, Durst R, Katz G, Zislin J, Strauss Z, Knobler HY. (2000) Jerusalem syndrome. British Journal of Psychiatry, 176, 86-90. Full text: Ուխտագնացն իրեն հռչակել էր «Աստծո պատվիրակ», որ մզկիթը վերացնելու աստվածային ցուցում է ստացել, որպեսզի ըստ Զաքարիայի մարգարեության՝ օգնի հրեաներին Երրորդ տաճարը կառուցելու և դրանով Քրիստոսի երկրորդ գալուստն արագացնելու։

Ռոհանը այդ քայլին է դիմել հեռուստաքարոզիչ Հերբերտ Ու. Արմսթրոնգի ազդեցությամբ (անգլ.՝ Herbert W. Armstrong): Պատահարից անմիջապես հետո Արմսթրոնգն աշխատել է հեռու մնալ Ռոհանի գործողություններից։ Իսրայելի գլխավոր ռաբբիությունը դատապարտել է Ռոհանի գործողությունները։

1990-ական թվականների վերջերին բրիտանական հոգեբանական մի ամսագիր ենթադրել է, որ հազարամյակի ավարտը Երուսաղեմում զանգվածային հիստերիայի առիթ կհանդիսանա[2]։ 2000 թվականին, իրոք, նկատվել է Երուսաղեմի համախտանիշի դեպքերի աճ, սակայն համաճարակի կանխատեսումները ուռճացված էին[3]։

Կֆար Շաուլ հոգեբուժարան խմբագրել

 
Կֆար Շաուլ հոգեբուժարան

Համախտանիշի ուսումնասիրությամբ զբաղվող առավել հայտնի կենտրոններից է Կֆար Շաուլ հիվանդանոցը Երուսաղեմում։ Դիտարկումների 13 տարիների ընթացքում (1980-1993) 1200 ուխտագնացի մոտ գրանցվել են հոգեկան լուրջ խախտումներ, որ պայմանավորված են եղել Երուսաղեմ այցելությամբ։ Նրանցից 470-ը դիմել է հիվանդանոց։ Կֆար Շաուլի հիվանդների զգալի մասը եղել են հիսունականներ ԱՄՆ-ի գյուղական հեռավոր բնակավայրերից և Սկանդինավիայից։

Ներկայումս հիվանդության միջին ցուցանիշը կազմում է տարեկան 100 մարդ, որից հոսպիտալացվում են մոտ 40-ը։ Այս ցուցանիշն այնքան էլ մեծ չէ Երուսաղեմ այցելած զբոսաշրջիկների թվի համեմատությամբ (տարեկան միջին ցուցանիշ՝ մոտ 2 միլիոն մարդ)։ Հոգեբաններ Կալիանի և Վիցումի կարծիքով այդ համամասնությունը ավելին չէ, քան աշխարհի ցանկացած այլ քաղաքում[4]։

Տեսակներ խմբագրել

I տեսակ խմբագրել

I տեսակի ախտանիշերը կապված են այցելուի՝ վաղ շրջանում ունեցած հոգեկան շեղումների հետ։ Հիվանդը կարող է իրեն կրոնական կարևոր պատմական անձ երևակայել կամ լինել կրոնական կարևոր գաղափարների ազդեցության տակ, ինչպիսին է, օրինակ, Հիսուսի երկրորդ գալուստը։

II տեսակ խմբագրել

Այս տեսակը աչքի է ընկնում հիվանդագին դրսևորումնեով։ Դա վերածվում է հոգեկան հիվանդության և կարող է դրսևորվել ինչպես առանձին անհատի, այնպես էլ կրոնական խմբի մոտ։

III տեսակ խմբագրել

Առավել հայտնի է III տեսակը, երբ հոգեկան անհավասարակշռություններով անձը, հայտնվելով Երուսաղեմում, փսիխոզի ակնհայտ նշաններ է դրսևորում։ Փսիխոզը սովորաբար անցնում է մի քանի շաբաթից կամ այցելուի՝ Երուսաղեմը լքելուց հետո[5]։ Այս համախտինիշին բնորոշ են հետևյալ առանձնահատկությունները.

  • Խմբից կամ ընտանիքից առանձնանալու և քաղաքում միայնակ ճանապարհորդելու ձգտում
  • Անհանգստություն
  • Բծախնդիր մաքրության ձգտում, անբնական հաճախականությամբ լոգանք ընդունելու և եղունգները կտրելու ցանկություն
  • Սպիտակ գույնի կտորից (հաճախ հյուրանոցային սպիտակեղենից) տոգայի նմանվող հագուստի կրում
  • Աստվածաշնչից, սաղմոսներից բարձրաձայն մեջբերումներ անելու ցանկություն։ Նման վարքի դրսևորման դեպքում հյուրանոցային անձնակազմը կամ զբոսաշրջավարները աշխատում են այցելուին տանել մասնագետ բժշկի մոտ, հակառակ դեպքում զարգանում են համախտանիշի հետևյալ երկու փուլերը.
  • Հանդիսավոր երթ Երուսաղեմի սրբավայրեր
  • Քարոզի արտաբերում սրբավայրերից մեկում։ Դիտարկման 13 տարիների ընթացքում գրանցվել է համանման քարոզների 42 դեպք։

Պոպուլյար մշակույթում խմբագրել

«Սիմփսոններ» մուլտսերիալում «The Greatest Story Ever D’ohed» դրվագը նվիրված է Երուսաղեմի համախտանիշին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Elon, Amos.Jerusalem, City of Mirrors. Little, Brown, 1989, p. 147.
  2. Kalian M, Witztum E. (1999) "The Jerusalem syndrome—fantasy and reality a survey of accounts from the 19th and 20th centuries." Isr. J. Psychiatry Relat Sci., 36(4):260-71. Abstract
  3. Kalian M, Witztum E. (2000) "Comments on Jerusalem syndrome". British Journal of Psychiatry, 176, 492. Full text
  4. Tannock C, Turner T. (1995) Psychiatric tourism is overloading London beds. BMJ 1995;311:806 Full Text
  5. Fastovsky N, Teitelbaum A, Zislin J, Katz G, Durst R. (2000) Jerusalem syndrome or paranoid schizophrenia? Psychiatric Services, 51 (11), 1454. Full text

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երուսաղեմի համախտանիշ» հոդվածին։