Սոֆի Գրեգուար (ֆր.՝ Sophie Grégoire, ապրիլի 24, 1975(1975-04-24), Մոնրեալ), կանադացի լրագրող, հաղորդավարուհի և մոդել, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կինը։

Սոֆի Գրեգուար
ֆր.՝ Sophie Grégoire
Դիմանկար
Ծնվել էապրիլի 24, 1975(1975-04-24) (48 տարեկան)
ԾննդավայրՄոնրեալ
Քաղաքացիություն Կանադա
Մայրենի լեզուֆրանսերեն
Կրոնկաթոլիկություն
ԿրթությունՄոնրեալի համալսարան
Մասնագիտությունլրագրող և մոդել
ԱմուսինՋասթին Տրյուդո
Զբաղեցրած պաշտոններSpouse of the Prime Minister of Canada?
ԿուսակցությունԿանադայի լիբերալ կուսակցություն
 Sophie Grégoire Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սոֆի Գրեգուարը ծնվել է 1975 թվականի ապրիլի 24-ին Կանադայի Քվեբեկ նահանգի Մոնրեալ քաղաքում։ Հայրը բրոքեր է, մայրը՝ բուժքույր[1]։ Սովորել է Մոնրեալի Ուտրեմոն թաղամասի «Սեն Նոմ դը Մարի» մասնավոր գիշերօթիկ դպրոցում։ Մտադրվելով գնալ հոր հետքերով՝ ուսումը շարունակել է ՄաքԳիլի համալսարանի առևտրի ֆակուլտետում, այնուհետև տեղափոխվել է Մոնրեալի համալսարան և ավարտել այն՝ ստանալով բակալավրի աստիճան միջազգային հարաբերությունների բնագավառում[2]։

Գրեգուարը կարծում է, որ «ունեցել է երջանիկ մանկություն», եղել է լավ ուսանողուհի, հեշտությամբ է շփվել մարդկանց հետ և սիրել է սպորտը։ 17 տարեկանից նա պայքարում էր նյարդային բուլիմիայի դեմ և բուժվել է, մասնավորապես, յոգայի օգնությամբ[3]։

Գործունեություն խմբագրել

Գրեգուարն իր կարիերան սկսել է՝ որպես գովազդային ընկերության ընդունարանի օգնական և ղեկավարի քարտուղար։ Եղել է ֆոտոմոդել։ 3 տարի անց, երբ արդեն մենեջեր էր, գնացել է սովորելու ռադիոյի և հեռուստատեսության դպրոցում, որից հետո աշխատանքի է անցել խմբագրությունում։ Այստեղ նա գրում էր նորություններ (վազող տողում)։ Ավելի ուշ որպես լրագրող աշխատել է Քվեբեկի «LCN» հեռուստաընկերությունում (մի շարք այլ հեռուստաընկերություններին զուգահեռ)։ 2005-2010 թվականներին աշխատել է «CTV Television Network»-ում՝ որպես Քվեբեկի լրագրող։ Այստեղ աշխատելիս լուսաբանում էր մշակույթի, արվեստի, կինոյի և շոու-բիզնեսի խնդիրները։ Վարում է «Radio-Canada»-յի ամենօրյա հաղորդումը[4]։

Գրեգուարն ազատ տիրապետում է ֆրանսերենին (մայրենի լեզու), անգլերենին և իսպաներենին, իսկ 2012 թվականին ստացել է յոգայի ուսուցչի վկայագիր[5]։ Սիրում է էքստրեմալ սպորտաձևեր, նվագում է ֆլեյտա և կիթառ։ Զբաղվում է բարեգործությամբ, աշխատում է «The Shield of Athena» շահույթ չհետապնդող կազմակերպությունում, որը զբաղվում է կանանց հիմնախնդիրներով, մասնավորապես, ընտանեկան բռնության զոհերի խնդիրներով[2]։ Նա նաև ակտիվորեն աշխատում է բուլիմիայի դեմ պայքարող կազմակերպություններում, բարեգործական նպատակներով պարբերաբար մեկնում է Աֆրիկա[1]։ Լավ հռետոր է։

Անձնական կյանք խմբագրել

 
Սոֆին և Ջասթին Թրյուդոն 2017 թվականին

2005 թվականի մայիսի 28-ից ամուսնացած է Կանադայի երկարամյա վարչապետ Պիեր Թրյուդոյի որդու՝ հայտնի քաղաքական գործիչ, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ (ծնվել է 1971 թվականին)։ Գրեգուարը նախկինում եղել է Ջասթինի կրտսեր եղբոր՝ Միշել Թրյուդոյի մանկության ընկերուհին և դասընկերուհին[6]։

Գրեգուարն ու Ջասթինն ունեն երեք երեխա՝

  • ավագ որդին՝ Քսավյեր Ջեյմսը (ծնվել է 18.10.2007),
  • դուստրը՝ Էլլա-Գրեյս Մարգարետը (ծնվել է 05.02.2009),
  • կրտսեր որդին՝ Ադրիանը (ծնվել է 28.02.2014):

2020 թվականի մարտի 12-ին Թրյուդո ամուսիններն իրենց մեկուսացրել են այն բանից հետո, երբ Սոֆիի մոտ գրիպի ախտանիշներ են ի հայտ եկել Մեծ Բրիտանիայում ելույթից վերադառնալուց հետո[7]։ Վարչապետի գրասենյակը նույն օրը հայտարարել է, որ Սոֆիի մոտ ախտորոշվել է COVID-19 կորոնավիրուսային վարակ[8]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Sophie Gregoire: the woman behind Justin Trudeau
  2. 2,0 2,1 Sophie Grégoire, Justin Trudeau's Wife, Full Of Surprises
  3. «Sophie Gregoire-Trudeau says she's 'a healthy woman'». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
  4. Sophie Grégoire Biography
  5. «A talk with Sophie Grégoire-Trudeau». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
  6. «Surprising Justin Trudeau Facts». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
  7. Bogart, Nicole (2020 թ․ մարտի 12). «Trudeau self-isolating as wife Sophie awaits result of COVID-19 test». CTV News. Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
  8. «Sophie Grégoire Trudeau diagnosed with COVID-19; PM to remain in isolation». globalnews.com. 2020 թ․ մարտի 12. Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆի Գրեգուար» հոդվածին։