Աշոտ Սուքիասյան

հայ լեզվաբան
(Վերահղված է Սուքիասյան Ա.ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Սուքիասյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սուքիասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Աշոտ Մուրադի Սուքիասյան (օգոստոսի 18, 1922(1922-08-18), Թիֆլիս, ԱԽՖՍՀ - հունվարի 15, 2007(2007-01-15), Երևան, Հայաստան), հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1974), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1980)։

Աշոտ Սուքիասյան
Ծնվել էօգոստոսի 18, 1922(1922-08-18)
Թիֆլիս, ԱԽՖՍՀ
Մահացել էհունվարի 15, 2007(2007-01-15) (84 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունլեզվաբան և ուսուցիչ
Հաստատություն(ներ)Լեզվի ինստիտուտ և Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1948) և Լեզվի ինստիտուտ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1972) և պրոֆեսոր (1974)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Կենսագրություն

խմբագրել

Աշոտ Սուքիասյանը ծնվել է Թիֆլիսում։ 1940 թվականին ավարտել է Թբիլիսիի 86-րդ հայկական միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը։ 1941 թվականին զորակոչվել է բանակ, մասնակցել կովկասյան ռազմաճակատի ահեղ մարտերին, 1942 թվականի փետրվարին ծանր վիրավորվել է և որպես հաշմանդամ՝ զորացրվել է բանակից։ 1945 թվականին, նա ուսումը շարունակում է համալսարանում և 1948 թ.-ին ավարտում է այն։ 1949 թվականի հունիսի 14-ին նրա ընտանիքը աքսորվում է Ալթայի երկրամասի խորքերը։ Նրա դիմում-բողոքների հիման վրա հաջողվում է մի քանի ամիս անց աքսորից ետ վերադարձնել ընտանիքը։

1950 թվականին Աշոտ Սուքիասյանն ընդունվում է ԳԱ լեզվի ինստիտուտի ասպիրանտուրան «Հայ բառարանագիտություն» մասնագիտությամբ՝ աշակերտելով Հրաչյա Աճառյանին։ 1954 թվականին նա պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն՝ «Խորհրդահայ բառարանագրությունը» թեմայով և նույն տարին աշխատանքի է անցնում Լեզվի ինստիտուտում։ 1954-1966 թթ.-ին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ լեզվի ինստիտուտում որպես ավագ գիտաշխատակից։ 1966 թ.-ից՝ ԵՊՀ դասախոս, 1976-1991 թթ.-ին՝ ժամանակակից հայոց լեզվի ամբիոնի վարիչ։

Աշխատություններ

խմբագրել

Աշխատությունները հիմնականում վերաբերում են բառագիտությանը։ Մեծ ներդրում ունի բառարանագրության, տերմինաբանության բնագավառում։ 1967 թվականին տպագրվում է նրա հայոց լեզվի հոմանիշների բառարանը։ Այնն ընդգրկում է հայերենի տարբեր փուլերին ու գործառական տարբերակներին պատկանող շուրջ 83 հազար բառ ու դարձվածքային միավոր, որի երկրորդ՝ լրամշակված հրատարակությունը տարիներ հետո՝ 2003 թվականին, արժանացավ ՀՀ նախագահի մրցանակին։

1960-ական թվականների վերջերին լույս է տեսել «Ժամանակակից հայոց լեզու» վերտառությամբ Ա. Սուքիասյանի «Հնչյունաբանություն, բառագիտություն» աշխատությունը։

Աշոտ Սուքիասյանի աշխատություններից է «Հոմանիշները ժամանակակից հայերենում» ստվարածավալ մենագրությունը, որի հիման վրա 1971 թ. նա պաշտպանում է դոկտորական ատենախոսություն։

Ա. Սուքիասյանը մասնակցություն է ունեցել նաև արտահամալսարանական գիտական կյանքին. Ս. Գալստյանի հետ կազմել է շուրջ 25 հազար միավոր պարունակող «Արդի հայերենի դարձվածաբանական բառարանը», իր մասնակցությունն է բերել հայոց լեզվի ակադեմիական քառահատոր բառարանի կազմման աշխատանքներին։

Աղբյուրներ

խմբագրել
  • Հ. Զ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, «Հայաստան», 1987, էջ 551-552։
  • Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, Երևան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, հատոր 2, 2007, էջ 512։
  • Ռուբեն Սաքապետոյան, «Պրոֆեսոր Աշոտ Սուքիասյանի հիշատակին», պատմաբանասիրական հանդես №1, 2012, էջ 282-283