Սուրեն Սպանդարյանի դիմաքանդակ

Սուրեն Սպանդարյանի դիմաքանդակ, Արա Սարգսյանի հեղինակած բրոնզե դիմաքանդակ, որը ստեղծվել է 1947 թվականին և գտնվում է Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում[1]։

Սուրեն Սպանդարյանի դիմաքանդակ
տեսակքանդակ
քանդակագործԱրա Սարգսյան
տարի1947
բարձրություն47 սանտիմետր
լայնություն32 սանտիմետր
խորություն35 սանտիմետր
ժանրդիմաքանդակ
նյութբրոնզ
գտնվելու վայրԵրևան
հավաքածուԱրա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան

Նկարագրություն խմբագրել

Սպանդարյանի կիսանդրին հանդուգն հատում ունի, որի շնորհիվ քանդակը ստացել է կարծես դեռ չավարտված ու շարունակվող շարժում։ Այդ շարժումը միայն արտաքուստ չէ. թվում է՝ նա սկսել է քանդակվողի ներաշխարհում, շարժման մեջ է դրել Սպանդարյանի ներքին վիճակը արտահայտող, այդ վիճակի թելադրանքին հնազանդ արտաքին մարմնաձևերը և դեռ շարունակվում է ու շարունակվում։ Այս նկարագրությունից չպետք է կազմել այնպիսի պատկերացում, թե Սպանդարյանը տրված է համարձակ շարժման մեջ։

Ո՛չ, այդ շարժումն կարող է անվանվել դանդաղ ու վեհ, սակայն մի այնպիսի շարժում, որ ինքն իր մեջ կրում է քանդակվողի կերպարի որոշ տարրեր։ Իսկ հուշարձանի ընդհանուր դինամիկ տպավորությունը ավելի շատ գալիս է պատվանդանի աստիճանավոր ակյունավորումներից։ Իր ընդհանրացումներով մակերեսների լայն ու հարթ մշակմամբ Սպանդարյանի կիսանդրին եզակի օրինակ է Ա. Սարգսյանի դիմաքանդակների շարքում։ Միևնույն ժամանակ այդ ընդհանրացումներն ու լայն մշակումը հեղինակին գրեթե բոլորովին չեն խանգարել հասնելու պլաստիկական ծավալների հստակ դիրքային դրսևորման։ Մեծ վարպետությամբ է մտածված ու իրագործված լույսի ու ստվերի՝ ճիշտ մարմնաձևեր կառուցող բաշխումը։ Այս վերջինն առանձնապես դժվարին խնդիր է հարուցում քանդակագործի առաջ մանավանդ այն ժամանակ, երբ քանդակը կերտվում է տրվելու համար ոչ թե շենքի ներսում, որտեղ լույսի աղբյուրը մի մշտական ուղղություն ունի , այլ փողոցում, որտեղ արևը պտույտ է կատարում քանդակի շուրջը, այն լուսավորելով մեկ այս, մեկ այն կողմից, մեկ հորիզոնից, մեկ բարձրանալով ու հասնելով մինչև գագաթնակետ։ Սպանդարյանի կիսանդրին, երբ դրված էր Աբովյան ու Սպանդարյան փողոցների անկյունում, դիտվում էր օրվա բոլոր ժամերին, բոլոր կողմերից[2]։

Սակայն գեղարվեստական ձևի ու մշակման վերը բերված բարեմասնություններն ինքնին ոչինչ չէին նշանակի, եթե դրանք տրամադրված չլիներին Սպանդարյանի կերպարի բացահայտմանը։

Պատվանդանի վրա Սպանդարյանը օժտված է կամքով, խելացի դիմագծեր ունի, ազնիվ և իմաստուն դեմք, ըստ որում՝ առաջին իսկ հայացքից մարդ զգում է, որ այդ ազնվությունն ու իմաստությունը ոչ թե քանդակագործի դրած կնիքն է քանդակվողի դեմքի վրա, այլ կերպարվող անձի հարազատ հատկությունը, որ արվեստագետը կարողացել է տեսնել ու մարմնավորել։ Սակայն քանդակագործը Սպանդարյանին ներկայացրել է առանց շեշտելու նրա հարուստ խառնվածքի, հեղափոխական գործունեության որևէ կոնկրետ կողմը կամ ժամանակաշրջանը։ Եթե այստեղ այդպիսի շեշտ էլ կա, ապա շեշտված են մտավորականը, նրա երազուն տրամադրությունը, շեշտված են որոշ անձնական հատկություններ, որոնք Սպանդարյանինը լինելով հանդերձ, չեն կարող համարվել նրա կերպարի համար հիմնական։ Բոլշևիկ ղեկավարի, Կրասնայա-Պրեսնյայի հերոսի ընդվզումը և ընդհանրապես հերոսականը նրա խառնվածքում հեղինակը չի բացահայտել, դրա համար էլ Սպանդարյանի կերպարը ստացվել է ինչ-որ չափով միակողմանի ու պասիվ, սակայն այս ամենին Ս. Սպանդարյանի կիսանդրին այդ տարիների հայկական քանդակագործության համար խոշոր առաջընթաց էր, նրա զարգացման մի ամբողջ փուլի երկը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «suren-spandaryan». Ara Sargsyan & Hakob Kojoyan Foundation.
  2. 2,0 2,1 Հարությունյան, Վահան (1975). Արա Սարգսյան. Երևան: Հայաստան. էջեր 41–43.