Սուրեն Մելիք-Իսրայելյան

բժիշկ, վիրաբույժ

Սուրեն Սամսոնի Մելիք-Իսրայելյան (սեպտեմբերի 29, 1908(1908-09-29)[1], Վերին Արտաշատ, Հայաստան[1] - մարտի 12, 1975(1975-03-12)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայազգի խորհրդային բժիշկ, վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1967 թվական), պրոֆեսոր (1970 թվական)։

Սուրեն Մելիք-Իսրայելյան
Ծնվել էսեպտեմբերի 29, 1908(1908-09-29)[1]
ԾննդավայրՎերին Արտաշատ, Հայաստան[1]
Մահացել էմարտի 12, 1975(1975-03-12)[1] (66 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1933)[1]
Մասնագիտությունվիրաբույժ և դասախոս
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[1] (1967)
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[1]

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1908 թ. Հայաստանի Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում։ Սովորել է Երևանի գիմնազիայում, ապա Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում։ 1927 թ. ընդունվել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը և այն ավարտել հաջողությամբ 1933 թ.։

Մելիք-Իսրայելյանն իր աշխատանքային գործունեությունն սկսել է գյուղում։ Սկզբում աշխատել է որպես Վեդիի շրջանի ամբուլատորիայի վարիչ, ապա Վեդիի հիվանդանոցում՝ որպես գլխավոր բժիշկ և վիրաբույժ։ 1936 թ. 2 տարով կատարելագործման է ուղարկվել Երևանի 1-ին կլինիկական հիվանդանոց և աշխատել վիրաբուժական բաժանմունքում։ 1939 թ. Սուրեն Մելիք-Իսրայելյանը վերադարձել է Եղեգնաձոր (նախկինում՝ Միկոյանի շրջան)՝ որպես շրջկենտրոնի նորակառույց հիվանդանոցի գլխավոր բժիշկ և վիրաբույժ[2]։ 1930-1940 թթ. Եղեգնաձորում բուժօգնության խիստ կարիք կար։ Մելիք-Իսրայելյանը կարողացավ վաստակել տեղի, ինչպես նաև հարևան շրջանի բնակչության վստահությունն ու հավատը՝ շուրջօրյա բուժօգնություն տրամադրելով նրանց և հաճախ մեկնելով գյուղից գյուղ։

Հայրենական մեծ պատերազմը սկսվելուն պես 1941 թ. հունիսի 22-ին Մելիք-Իսրայելյանը հայրենիքի առաջին կոչով հրաժեշտ է տվել բարեկամներին ու հարազատներին և մեկնել խորհրդային բանակ՝ տանը թողնելով ծնողներին, կնոջն ու 3 երեխաներին։ Նա մեկնել է մարտադաշտ, մասնակցել հարավային ռազմաճակատի թեժ մարտերին, ինչպես նաև Տագանրոգի, Ռոստովի պաշտպանական մարտերին։ Այդ ժամանակ նա 16-րդ բժշկական գումարտակի վիրաբուժական և ընդունման-տեսակավորման վաշտի պետն էր։ Զորամասը, որտեղ ծառայում էր Մելիք-Իսրայելյանը, ռմբակոծության ենթարկվեց։ Դրա հետևանքով նա մնաց ձյան մեջ, ստացավ կոնտուզիա, թոքերի բորբոքում և ծանր վիճակում տեղափոխվեց Ռոստովի զինվորական հոսպիտալ, որտեղ մեկ ամիս բուժվելուց հետո տեղափոխվեց Երևան։ Այստեղ բուժվել է մինչև 1942 թ.[2]։

1943 թ. Առողջապահության նախարարության հատուկ գործուղմամբ մեկնել է Իրան՝ աշխատելու Թավրիզում որպես խորհրդային հիվանդանոցի տնօրեն և առաջատար վիրաբույժ։ 1945 թ. վերադարձել է հայրենիք և պարգևատրվել «Առողջապահության գերազանցիկ» կրծքանշանով։

1945 թվականին վերադառնալով Երևան՝ Մելիք-Իսրայելյանն աշխատանքի է անցել Երևանի բժշկական ինստիտուտի ընդհանուր վիրաբուժության ամբիոնում՝ որպես ասիստենտ։ 1951 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը։ 1953 թ. դարձել է Երևանի բժշկական ինստիտուտի ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ։ 1967 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը, իսկ 1969 թ. ստացել պրոֆեսորի կոչում։

1973 թ. առողջության վատթարացման պատճառով Մելիք-Իսրայելյանը անցել է թոշակի և մինչև կյանքի վերջը կատարել Երևանի բժշկական ինստիտուտի տրավմատոլոգիայի, օրթոպեդիայի և ռազմադաշտային վիրաբուժության կոնսուլտանտի պարտականությունները։

Մահացել է 1975 թ. Երևանում։ Թաղված է Երևանի Թոխմախի գերեզմանատանը։

Գիտական գործունեություն խմբագրել

Պրակտիկ գործունեությանը զուգընթաց Սուրեն Մելիք-Իսրայելյանը զբաղվել է նաև գիտական բեղմնավոր աշխատանքով։ Շուրջ 50 գիտական աշխատությունների հեղինակ է։ Զեկուցումներով հանդես է եկել համամիութենական և հանրապետական բազմաթիվ գիտաժողովներում, խորհրդաժողովներում և համագումարներում։ Անցկացրել է բազմաթիվ դասախոսություններ ու պրակտիկ պարապմունքներ[2]։

Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են վիրաբուժական ախտաբանության կարևորագույն պրոբլեմների, ջերմային այրվածքների ախտաբանության ու բուժման ուսումնասիրությանը։ Մելիք-Իսրայելյանն առաջարկել է նշված այրվածքների բուժման մեթոդ, որի շնորհիվ զգալիորեն նվազում է մահացությունը[3]։

Որպես բարձր որակավորում ունեցող վիրաբույժ-կլինիցիստ՝ մշտական օգնություն է ցուցաբերել առողջապահական մարմնին՝ կատարելով սան-ավիացիայի գծով և պլանային կարգով կոնսուլտացիաներ, օգնել տարբեր հեռավոր շրջանների հիվանդներին։

Պարգևներ խմբագրել

Սուրեն Մելիք-Իսրայելյանն իր բեղմնավոր աշխատանքային գործունեության ընթացքում պարգևատրվել է մի շարք մեդալներով և շքանշաններով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 387—388.
  2. 2,0 2,1 2,2 Գերասիմ Հայրիկի Սարգսյան, «Վայոց Ձոր», Երևան, 2005 թ.
  3. А. П. Айриян, «Армянские ученые-медики», Национальный институт здравоохранении Армении им. академика Ц. Х. Авдалбекяна, Ереван, Амарас, 1998
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 387  
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրեն Մելիք-Իսրայելյան» հոդվածին։