Օտմար Սանկտ Գալենացի (գերմ.՝ Otmar von St. Gallen, 689, Սանկտ Գալլեն, Շվեյցարիա - նոյեմբերի 16, 759, Werd), քրիստոնյա ճգնավոր, Սանկտ Գալլեն վանքի առաջին վանահայրը (719-759)։ Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից հարգված սուրբ (հիշատակի օր՝ նոյեմբերի 16) և Բեռլինի և Գերմանիայի թեմի (Ռուս ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարանի) ուղղափառ տեղական հարգված սուրբ (հիշատակի օր՝ նոյեմբերի 29, 2006 թվականից)։

Սուրբ Օտմար
Ծնունդ689
ԾննդավայրՍանկտ Գալլեն, Շվեյցարիա
Վախճաննոյեմբերի 16, 759
Վախճան վայրWerd
ԵկեղեցիՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Կռոնական կազմակերպությունԲենեդիկտյան միաբանություն
Սրբացված կարգպատվելի և կաթոլիկ սուրբ
Հիշատակության օրՆոյեմբերի 16
Աշխատանքվանական և քահանա
Պաշտոնabbot of St. Gallen Abbey?

Կենսագրություն խմբագրել

 
Էդուարդ ֆոն Գրունցեր, «Սուրբ Օտմար Սանկտ Գալլենացի», 1920

Սուրբ Օտմարի ծննդյան վայրի և ստույգ տարեթվի մասին հավաստի տեղեկություններ չեն պահպանվել։ Ենթադրվում է, որ նա ծնվել է մոտ 690 թվականին։ Նրա ծնողները սերել են անվանի ալեմանական ընտանիքից։

Վաղաժամ որբացած տղային ընդունել են Քուրի մայր տաճարում սովորելու, որն ավարտելուց հետո ձեռնադրվել է քահանա և նշանակվել Սուրբ Ֆլորինի եկեղեցու վանահայր։ Նա իրեն դրսևորել է որպես եռանդուն սպասավոր, և նրա բարեպաշտ կյանքի մասին խոսակցությունները լայնորեն տարածվել են ողջ տարածաշրջանում։

Հողերի խոշոր սեփականատեր Վալտրամի խնդրանքով սուրբ Օտմարին ուղարկել են վերականգնելու մենաստանը, որը ժամանակին հիմնադրել է Սուրբ Գալլը։ Կիսավեր ու խարխուլ խցերի փոխարեն որոշ ժամանակ անց Օտմարի քրտնաջան աշխատանքի շնորհիվ վերականգնվել է Սուրբ Գալլին նվիրված վանքը (Սուրբ Գալլենի վանք)։ 719 թվականին Սուրբ Օտմարը դարձել է նոր վանքի առաջին վանահայրը։ Սուրբ Գալլեն վանքը վերագտել է իր փառքը որպես հնագույն հոգևոր քրիստոնեական կենտրոն, և ալեմանական ազնվականությունը առատաձեռն նվիրատվություններ է արել վանքի գույքին, ներառյալ նոր հողատարածքներ։ Այսպիսով, վերանորոգված վանքը դարձել է հողերի խոշոր սեփականատեր։ Բայց գլխավորը դեռևս հոգևոր վանական կյանքն է եղել։ Անձամբ Օտմարը, որպես վանահայր, 53 վանական ձեռնադրություն է արել։ Չնայած թե՛ հասարակ մարդկանց, թե՛ ազնվականների կողմից սրբին ցուցաբերած պատվին ու հարգանքին, նա ինքը վարել է բացառիկ համեստ կենսակերպ, առատաձեռնորեն ողորմություն է արել, կառուցել անկելանոց և հատուկ առանձին շինություն, որտեղ ապրել են բորոտները, իսկ ինքը՝ գիշերը խնամել է նրանց։

Ֆրանկների կողմից ալեմանների նվաճումից հետո վանքը համաձայնել է ընդունել Պիպին Կարճահասակի հովանավորությունը և այդպիսով փրկվել է կործանումից[1]։ Սակայն վանքի հարստությունը շփոթության մեջ է գցել շրջակա հողատերերին, որոնք ցանկացել են իրենց ձեռքը վերցնել վանականների ունեցվածքը։ Իմանալով այդ մասին՝ 759 թվականին սուրբ Օտմարը գնացել է պաշտպանություն փնտրելու ֆրանկների թագավորից, բայց ճանապարհին նրան բռնել և զրպարտել են կանանց նկատմամբ անբարոյական վերաբերմունքի համար։ Նրան դատապարտել են սովամահության, սակայն Գոցբերտ Էշենցի միջնորդության շնորհիվ մահապատիժը փոխարինվել է ցմահ բանտարկությամբ Հռենոսյան Վերդ կղզում։ Այդտեղ նա մահացել է նույն թվականի նոյեմբերի 16-ին։

Տասը տարի անց նրա անմեղությունը բացահայտվել է։ Դա խոստովանել է մի զրպարտիչ՝ կաթվածահար ոմն վանական Լամբերտը։ Դրանից հետո որոշվել է նրա սուրբ մասունքները պատվով վերադարձնել վանք։

Պաշտամունք խմբագրել

Սրբի պաշտամունքը տարածվել է նրա մասունքները Սուրբ Գալլեն տեղափոխելուց հետո։ Արդեն 830 թվականին Գոտցբերտ սարկավագը կազմել է սրբի առաջին վարքագրությունը, իսկ 867 թվականի սեպտեմբերի 9-ին[2] Կոնստանցի եպիսկոպոս Սողոմոն Ա-ն կատարել է արդարացված Օտմարի պաշտոնական սրբացումը։ Սրբի մասունքներն այդ ժամանակից հանգրվանել են նրա անունով հատուկ կառուցված ուխտագնացության եկեղեցում։ Իսկ Վերդ կղզում առաջին թաղման վայրում մատուռ է կառուցվել։ Մինչ այժմ ուխտագնացությունը դեպի Սուրբ Օտմար բավականին տարածված է հարավային Գերմանիայում և Շվեյցարիայում։

Պատկերագրություն խմբագրել

Սուրբ Օտմարը սովորաբար պատկերվում է քահանայական զգեստներով՝ ձեռքին եպիսկոպոսական գավազան։ Բացի այդ, նրա ձեռքում պատկերվում է Ավետարանը և որպես հատուկ առարկա մի կանթաշիշ կամ գինու տակառիկ։ Վերջին առարկան կապված է մի լեգենդի հետ, ըստ որի՝ Վերդ կղզուց Սուրբ Օտմարի մասունքները Սուրբ Գալլենի վանք տեղափոխելու գնացած վանականները ճանապարհին իրենց հետ գինով կանթաշիշ են տարել։ Եվ ամբողջ ճանապարհին այն լիքն է մնացել, որքան էլ որ նրանից խմել են։

Հովանավորություն խմբագրել

Սուրբ Օտմարը Գերմանիայի, Ավստրիայի և Շվեյցարիայի սահմանամերձ շրջանների հովանավորն է։ Բայց ամենից շատ՝ Շվեյցարիայի, քանի որ անկախ պետության ձևավորումը կապված է սրբի անվան հետ։ Նախ, իբրև թե Հաբսբուրգների արքունիքի աստղագուշակը կանխատեսել է, որ Սուրբ Օտմարի տոնակատարության նախօրեին տեղի ունեցած ճակատամարտը հաղթանակ կբերի ավստրիական բանակին և (երկրորդ) ոմն ասպետ Հենրիխ Հյունենբերգը նետ է ուղարկել շվեյցարացիներին, որին կապվել է գրություն դուքս Լեոպոլդի ռազմական պլանի նշումով և ավելացվել են հետևյալ խոսքերը․ «Թող սուրբ Օտմարը ձեզ պաշտպանի Մորգարտենում»։ Իսկապես, 1315 թվականին Մորգարտեն լեռան ճակատամարտում հաղթանակել է շվեյցարական բանակը։

Հատուկ ավանդույթ կա, ըստ որի սուրբ Օտմարը հովանավորում է հիվանդ երեխաներին, այդ պատճառով էլ հնամենի սովորության համաձայն սրբի մասունքների վրա օրհնում են մանկական հագուստները, իսկ հետո հիվանդը դրանք կրում է ինը օր։

Առաջնային աղբյուրներ խմբագրել

  • Gozbert: Vita S Otmari; um 830
  • Walahfrid Strabo: Vita S Otmari; 834/838
  • Ratpert: Casus monasterii S Galli

Գրականություն խմբագրել

  • Peter Ochsenbein: Das Kloster St. Gallen im Mittelalter; Darmstadt 1999. ISBN 3-8062-1378-X.
  • Johannes Duft: Sankt Otmar (Bibliotheca Sangallensis 4), Zürich, 1959.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ott, Michael. "St. Othmar." The Catholic Encyclopedia Vol. 11. New York: Robert Appleton Company, 1911.
  2. Այլ տվյալների համաձայն՝ 864 թվականին

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Օտմար» հոդվածին։