Սուրբ Հակոբեանց տպարանը հիմնադրվել է 1833 թվականին Երուսաղեմում, Գաբրիել Նիկոմիդացիի պատրիարքության օրոք[1]։

Սուրբ Հակոբեանց տպարան

Պատմություն խմբագրել

Զաքարիա պատրիարք Տեր-Պետրոսյանը դեռ իր վարդապետության տարիներից մտադրվել է Երուսաղեմում ստեղծել դպրոց ու տպարան։ Եգիպտոսում նա հայթայթել է տպարանին անհրաժեշտ նյութեր և մի քանի տառերի մայրեր։ Նրա խնդրանքով Պետրոս աղա Հուսուֆյանը գնել էր մի փայտյա մամուլ, կապարե տառեր և նախապես հայթաթված մայրերի ու նյութերի հետ ուղարկել Երուսաղեմ։ 1832 թվականին Զաքարիան Եգիպտոսում ակնցի մահտեսի Ալիքսան Եղիազարյանի օգնությամբ գնել է մի վիմագրական մամուլ և դրանով առաջին անգամ Եգիպտոսում հրատարակել վիմատիպ մի հայտարարարություն։ Այս նախնական պատրաստություններից հետո 1833 թվականին Երուսաղեմի Սուրբ Աթոռի տպարանը լույս է ընծայել 16 էջից բաղկացած առաջին գրքույկը` «Տետրակ աղոթամատոյց», որով սկիզբ է դրվել Երուսաղեմի հայկական տպագրական գործունեությանը։ Սակայն նյութական միջոցների, կարևոր պիտույքների բացակայության պատճառով տպարանի զարգացումը դանդաղ է ընթացել։ Զարգացման ու դրան զուգահեռ վանական վարժարան հիմնելու համար Զաքարիան 1835 թվականին Ադրիանուպոլսեցի Պողոս պատրիարքի նախագահությամբ խորհրդաժողով է գումարել, որտեղ որոշվել է դրամագլուխ հատկացնել նպատակի իրականացման համար (նվիրատվություններ անել)։

Գործունեություն խմբագրել

Զաքարիայի մահից հետո 1847 թվականին, նրան հաջորդել է Կիրակոս Երուսաղեմացին, ով շարունակել է գործը։ Նա Զմյուռնայից Երուսաղեմ է հրավիրել Տիգրան Հ. Թ. Սավալանյանին` իբրև ուսուցիչ, տպարանի վերակացու և սրբագրիչ։ Նա իր հետ տպարանի կապարե տառերի փոխարեն նորաձույլ ու վայելչատիպ տառեր է բերել Պոլսից։ Նպատակ է ունեցել վերակառուցել տպարանի ու վարժարանի շենքերը։ Սակայն 1850 թվականին Պատրիարքի անակնկալ մահը կիսատ է թողել նրա ազգօգուտ ծրագրերը։ 1871 թվականից սկսած ընդլայնվել է տպարանի գործունեությունը, կառուցվել է ձուլարան, որը գործել է մինչև 1908 թվականը։ Տպագրվել են մի շարք գրքեր հատկապես Եսայի պատրիարքի պաշտոնավարման առաջին տասը տարիներին (1865-1875)։ Տպագրական գրքերի շարքում է նաև «Սիոն» ամսագրի հավաքածուն` 12 հատորով։ Պատերազմի տարիներին Օրմանյան սրբազանի օրոք տպարանը անգործության է մատնվել։ Միայն տասը տարի անց՝ 1925 թվականին, հնարավոր է եղել վերաբացել տպարանը և լույս ընծայել Տ. Եղիշե Դուրյան սրբազանի «Դրվագներ Մանուկ Յիսուսի Կեանքեն» պատկերազարդ հատորը։ 1933 թվականին տպարանն իր հարյուրամյակի շեմին ունեցել է ութսուն տառասեսակ՝ մեծ մասը հայերեն, եղել են նաև արաբական, հունական և եբրայական տառատեսակներ։ «Սուրբ Հակոբեանց» տպարանը միշտ ունեցել է իր մեկենասները, ովքեր իրենց նվերներով, կտակով կամ գրքերի տպագրության ծախսերը հոգալով՝ սատարել են տպարանի գործունեությանը։

Գրական աշխատություններ խմբագրել

  • «Մաշտոց կանոնեալ Մկրտութեան» (1843)
  • «Պատմություն Յովհաննու Կաթողիկոսին» Ա., (1843)
  • Ներսես Լամբրոնացիի «Խորհրդածություն Սուրբ Պատարագին» (1842) և այլն։

Աղբյուրներ խմբագրել

  1. http://greenstone.flib.sci.am/gsdl/collect/publishe/index/assoc/HASH57e4.dir/S._HAKOBYANC.pdf

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ռաֆայել Իշխանյան (1981). Հայ գիրքը։ 1512-1920. Երևան։ ՀՍՍՀ ԳԱ. էջեր 154.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 643