Սուրբ Կարապետ եկեղեցի (Յակուտսկ)
Սուրբ Կարապետ եկեղեցի, Յակուտսկ քաղաքում գտնվող կրոնական կառույց։ Պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմին, գտնվում է Ռուսաստանի Սախա-Յակուտիայի հանրապետությունում։ Համակարգում է Յակուտսկում բնակվող առաքելական ռուսահայության հոգևոր կյանքը։
Սուրբ Կարապետ եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Սախա-Յակուտիայի հանրապետություն և Յակուտսկ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 2014 |
Ճարտարապետական ոճ | Հայկական եկեղեցական ճարտարապետություն |
Հիմնադրված | 2014 |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Կարապետ եկեղեցի (այլ կիրառումներ)
Պատմություն
խմբագրելՅակուտիայի հետ հայ առևտրականների կապերը սկիզբ են առել 1680-90-ական թվականներին: Այդ կապերն ավելի են ամրապնդվել Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելուց հետո (1828): Յակուտիայում հայերի հաստատմանը հատկապես նպաստել է ոսկու արդյունաբերությունը: 1897 թվականին Ռուսաստանում տեղի ունեցած մարդահամարի տվյալներով՝ այդ երկրում բնակվել է 19 հայ, որոնցից 17-ը՝ տղամարդ, 2-ը՝ կին: Հետագայում հայերն այնտեղ հաստատվել են հարկադրաբար: 1901-16 թվականներին Յակուտիայի աքսորավայրերում կային երկու տասնյակ հայեր, որոնց մի մասը հեղափոխական գործիչներ էին: Ազատվելուց անմիջապես հետո նրանք վերադառնում էին հայրենիք: 1904 թվականին հեղափոխական շարժումների ժամանակ Յակուտիա աքսորված 57 քաղաքական կալանավորների մեջ եղել են երկու հայեր՝ Գևորգ Վարդոյանցը (Թիֆլիսից) և Հովհաննես Պողոսյանը (Դաղստանի Դերբենդ քաղաքից): 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունն արգելել է աքսորի դատապարտելը, կալանավոր հայերը վերադարձել են հայրենիք:
Յակուտիայի հայ գաղութի պատմության երկրորդ շրջանն ընդգրկում է 1920-50-ական թվականներին: Հայերն այստեղ հայտնվում էին կամ որպես մասնագետներ, կամ էլ՝ կալանավորներ: Եթե 1924 թվականին Յակուտիայում կար 4 հայ, ապա 1959-ին՝ 259: Այդ ժամանակվա համար բնորոշ է եղել բարձր որակավորում ունեցող հայ մասնագետների ժամանումը Յակուտիա: Հայտնի դեմք է եղել Հովհաննես Մալոյանցը, որը հյոաիս-յակուտյան գետային նավատորմիղում աշխատել է որպես «Կաչուգ» անունով նավի կապիտան, իսկ Վարսենիկ անունով մի հայ կին դարձել էր դպրոցի ուսմասվար: Այդ տարիներին Յակուտիայի ամենանշանավոր հայերից էր կոմպոզիտոր Հրանտ Գրիգորյանը: Ավարտելով Մոսկվայի Պյոտր Չայկովսկու անվան կոնսերվատորիան՝ Հ. Գրիգորյանը մեկնել է Յակուտսկ: Այստեղ ապրած 9 տարիների ընթացքում նա դարձել է ոչ միայն յակուտական երաժշտության դասականը, այլև՝ յակուտական երաժշտության շատ ժանրերի և յակուտական կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրը:
1960-ական թվականներից Յակուտիայում ապրող հայերի համար սկսվել է նոր ժամանակաշրջան: 1958-ին ԽՍՀՄ Կոմկուսի քաղբյուրոյի հատուկ որոշմամբ՝ Հայաստանի բնակիչներին թույլ է տրվել ժամանակավոր կամ սեզոնային աշխատանքների համար մեկնել Յակուտիա: Դրանից հետո տեղի հայերի թիվը սկսել է ավելանալ: Եթե 1970 թվականին հայերի թիվը 388 էր, ապա 1989 թվականին՝ 1138: Հայերի հոսքը Յակուտիա առավել մեծ չափեր է ընդունել 1990-ական թթ.: 1998-ին Յակուտիա տեղափոխված հայերի թիվը հասել է 1610-ի (ըստ 2001 թվականի տվյալների՝ նրանց թիվը փոքր ինչ նվազել է և հասել 1574 թվականի): Տեղի հայերի գերակշիռ մասը զբաղված է շինարարական աշխատանքներում, սակավաթիվ հայեր աշխատում են պետական ձեռնարկություններում:
Յակուտիայում առաջին հայկական կազմակերպությունը՝ Յակուտիայի հայերի միությունը, ստեղծվել է 1988 թվականի դեկտեմբերի 10-ին: Պետական գրանցում է ստացել 1992 թվականի փետրվարի 20-ին: Միության նպատակն է համախմբել հայերին, պաշտպանել նրանց իրավունքները, ծավալել բարեգործական աշխատանքներ: Միության ղեկավար մարմինը՝ վարչությունը, բաղկացած է 7-10 մարդուց: Յակուտիայի հայերի միության հիմնադիր նախագահը Յակուտսկի համալսարանի ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկաոր, պրոֆեսոր Պավել Ղուկասյանն է (վերընտրվել է 1992, 1995 և 1998 թվականներին):
Ռուսաստանի հայերի միության հիմնադրումից հետո (2000) Յակուտիայի հայերի միությունն ընդգրկվել է նրա մեջ՝ շրջանային կազմակերպության կարգավիճակով:
Եկեղեցի
խմբագրել2014 թվականի սեպտեմբերի 7-ին Յակուտսկում բացվել է Հայ Առաքելական Եկեղեցու տաճարը, որն աշխարհում ամենահյուսիսայինն է և կառուցվել է հավերժական սառածության տարածքում։
Տաճարի առաջին հիմնաքարը դրվել է 2011 թվականի հունիսին։ Տաճարի շինարարական նյութերը (քարերը, ապակին, փայտը, ինչպես նաև խաչը) բերվել են Հայաստանից։ Տաճարի բարձրությունը 27 մետր է։ Եկեղեցին տուֆապատ է[1]։
Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը պատարագ մատուցեց նորաբաց եկեղեցում, ու պաշտոնապես այն իր դռները բացեց հավատացյալների առաջ։ Տաճարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Յակուտիայի հանրապետության կառավարության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Սոլովյովը, Յակուտիայում հայկական սփյուռքի ղեկավար Խորեն Սահակյանը, հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը և այլ հոգևոր և աշխարհիկ հյուրեր։
Եկեղեցու տարածքում տեղադրվել են Արկտիկայի և Անտարկտիկայի հայտնի հետազոտող Արթուր Չիլինգարովի և Ռուսաստանի ու Յակուտիայի արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Հրանտ Գրիգորյանի կիսանդրիները[2]։