Սուրբ Աստվածածին վանք (Ցղնա)

Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայկական առաքելական ավերված վանական համալիր ներկայիս Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանի Չանանաբ գյուղի տարածքում[1]։

Ցղնայի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Ցղնայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսքը մինչ նրա ոչնչացումը
Հիմնական տվյալներ
ՏեսակՔառամույթ գմբեթակիր բազիլիկա
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունՈրդուարի շրջան
ՏարածաշրջանՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՀասցեՑղնա գյուղի հյուսիս-արևելյան թաղամասի հարթ վայրում
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Հոգևոր կարգավիճակՉգործող
Հիմնական ամսաթվերը12-րդ դար
Ներկա վիճակԱվերված
Ժառանգության կարգավիճակՈչ
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ12-13-րդ դարեր
Կառուցման ավարտ13-րդ դար
Հիմնադրված12-րդ դար
Առաջին հիշատակում1349 թվական
Փակված է2000
Նավի լայնություն3․77 մ և 6․9 մ
Գմբեթ1
ՇինանյութՍրբատաշ բազալտ և կարմիր քարեր
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Գտնվում էր պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթն գավառի Ցղնա գյուղի հյուսիս-արևելյան թաղամասի հարթ վայրում։ Ներկայումս Սուրբ Աստվածածին վանքը ավերված է[2]։

1349 թվականի գրչագրված ձեռագրի գրչի որակավորմամբ գեղեցիկ և մեծ եկեղեցի էր հանդիսանում սուրբ Աստվածածին եկեղեցին։ Բացի սուրբ Աստվածածնից ձեռագրում հիշատակվում է, որ Ցղնայում եղել էր նաև երկու այլ եկեղեցիներ՝ սուրբ Գրիգոր և սուրբ Նշան անուններով։

Կառուցվել էր 12-13-րդ դարերում։ Մի քանի անգամ վերանորոգվել էր։ 17-րդ դարի կեսերին Մովսես և Փիլիպոս կողմից կազմակերպվել էր Գողթն և Երնջակ գավառների հուշարձանների վերանորգում, որի ընթացքում վերանորոգվել էր նաև սուրբ Աստվածածին եկեղեցին։ Վիմագիր արձանագրություններից մեկում նշված էր, որը եկեղեցին վերանորոգվել էր նաև 1683 թվականին։

Հիշատակություններ խմբագրել

Ցղնայում Մարութա քահանայի և Մարտիրոս երիցու գրչագրած երկու ձեռագրերը պահպանվում են Երևանի Մատենադարանում։

«Մաշտոց» անունը կրող ձեռագիրը Մարութա գրիչը գրել է 1634 թվականին[3].

  «... ի գեւղս Ցղբայ», որը «վերստին նորոգել եղև ի ձեռ կազմարար Դաւիթ դպրի, և ընչիւք Ցղնցի ուստայ Սուքիազին և կենակզոյն իւրոյ. Զանազանին ի թիվ ՌՃԽ և Ե-ին»  

«Մեկնութիւնք Սաղմոսաց» ձեռագիրը Մարութա գրիչը գծել և գրչագրել էր Մարտիրոս երեցու հետ միասին[4].

  «... ի թվականիս Հայոց մեծաց. ՌՁԳ գրեալ եղև կտակս աստվածային ի յերկրիս Գողթան գաւառի ի գեւղս Ցղնայ... ի դուռ սուրբ յ(Աստվածածն)ի, ձեռամբ մեղապարտ և թարմատար գրչի Մարութայ...»  

Ճարտարապետություն խմբագրել

Ցղնային սուրբ Աստվածածին եկեղեցին աչքի էր ընկնում իր ծավալա-տարածական հորինվածքի մեծ չափերով, որը Նախիջևանի գմբեթավոր բազիլիկաների մեջ առաջին մեծակառույց հուշարձանն էր։ Վանական համալիրը կազմված էր Սուրբ Աստվածածին եկեղեցուց, զանգակատնից, պարսպից, օժանդակ շինություններից և գերեզմանոցից։

Եկեղեցի խմբագրել

Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցված էր ամբողջությամբ սրբատաշ բազալտից և կարմիր քարերից։ Քառամույթ գմբեթավոր բազիլիկա հորինվածքով եկեղեցի էր, որը ձգված էր արևելքից-արևմուտք առանցքով։ Ըստ հատակագծի բաղկացած էր արևելյան մասում գտնվող ավագ և յոթանիստ աբսիդից, զույգ երկհարկանի ավանդատներից և դահլիճից։ Դահլիճի արևելյան և արևմտյան ճակատներում գեղեցիկ քանդակազարդերով երիզված մուտքերն էին։ Դահլիճը ընդարձակ էր (չափերն էին 21.3 x 18.57 մետր), չորս խաչաձև կտրվածքով մույթերի վրա բարձրանում էր ամբողջությամբ քարաշեն ու մեծածավալ գմբեթը, որը ուներ ութ լուսամուտ։

Եկեղեցու ավագ և ընդարձակ աբսիդն ուներ 7 որմնախորշեր։ Հատակից բարձր էր և ուներ չորս աստիճաններ։ Երկկողմանի ուղղանկյուն հատակագժեր ունեցող ավանդատների որմերում թողնված հատուկ մուտքերի միջոցով քարե աստիճաններով բարձրանում էին երկրորդ հարկի ավանդատների, աբսիդի և կառույցի այլ մասերում թողնված հատուկ թունելանման թաքստոցներ, որոնք ծառայել էին նաև դարաններ ու պահեստներ։ Հյուսիսային ավանդատնից մի առանձին մուտք էր բարձրանում դեպի տանիք։ Ավագ աբսիդի լուսավորվածութունն իրակնացված էր նրա արևելյան որմում իրար կողքի թողնված երկու խաչաձև լուսամուտներով, իսկ ավանդատներինը՝ մեկական ուղղանկյունի լուսամուտներով։

Եկեղեցին ներսից լուսավոր էր, առաստաղը բարձր։ Պատերը սվաղված էին և ժամանակին պատված էին որմնանկարներով։ Որմնանկարների մասին տեղեկություններ չեն պահպանվել։ Ղևոնդ Ալիշանի հայտնած տեղեկություններով[5] 1691 թվականի փետրվարի 3-ին, Կարին գնալու ճանապարհին հայր Վիլլոդ Հիսուսյանը.

  «... ագաւ ի Ցղնա, որ գեօղ մեծ կոչէ զայն (Tsegna) և թուրքերէն Ճալանա (Dchalana), 300 տամբք Հայոց, և գեղեցիկ եկեղեցեաւ, յորում է տես զպատկերս ս. Լուսաւորչին և ս. Սեղբեստոսի. իսկ տէր գեղջն էր իշխան ոմն Վրացի Տաւութ Միրզա անուն»  

Եկեղեցու մեջ, արևելյան մույթերի միջև, 17-րդ դարում ամփոփված էր 5 աճյուն, որոնց տապանաքարերի արձանագրությունները հրատարակել էր Երվանդ Լալայանը[6]։

Միջին նավի կողքի երկու նավերի կամարների թռիչքները որմնամույթերից մինչև մույթերը կազմում էր 3.77 մետր։ Մույթիմիջի կամարների թռիչքը ընդերկայնական մասում հավասար էր 8 մետրի, իսկ ընդլայնական մասում՝ 6.9 մետրի։ Ընդերկայնական մասում աբսիդի որնամույթերից մինչև մույթերը ընկած տարածությունը կազմում էր 5.82 մետր, իսկ արևմտյան մույթերից մինչև եկեղեցու արևմտյան որմնամույթերը՝ 6.86 մետր։ Ի սկզբանե սուրբ Աստվածածին եկեղեցին մեծակառույց էր եղել, դա նաև նշվում էր ձեռագիր հիշատակություններում։ 16-րդ դարի կեսերի ձեռագրերից մեկում արձանագրվել էր եկեղեցու չափերը, որը մինչև եկեղեցու ավերվելը նույնն էր մնացել[7].

  «ՌԲ (1553) թվին, մարտի ամսոյ ԻԸ ըն Ցղնու եկեղեցին չափեցայ, դուրս(ի) երկարութիւնն ԼԲ կազ էր, ի լայնութիւնն ԻԲ կազ էր, միջի երկարութիւն ԻԸ կազ, և լայնությիւնն ԺԹ կազ էր։»  

Եկեղեցու միջին նավի և նրան ուղղահայաց կիսաշրջանաձև թաղերով ծածկված երկթեք կտուրներով տրանսպետը եկեղեցու արտաքին ուրվագծում ստեղծել էին խաչաձև ծավալ, որի մեջտեղում բարձրանում էր մեծածավալ գմբեթը։ Մեջտեղով տարված էր օղակաձև քանդակագոտին, որին միացված էին նաև բոլոր պատուհաններն ու մուտքերի շուրջը երիզող քանդակազարդերը։ Հարավային, արևելյան և արևմտյան ճակատներում ագուցված էին վիմական արձանագրություններով խաչքարեր։

  «... կտուրի չորս անկիւններից քաշ են արուած մի մի քարէ օղակներից շինուծ շղթաներ, որ օրօրւում են քամու ազդեցութեամբ
- Երվանդ Լալայան, Գողթն, էջ 82»
 

Գլխավոր մուտքը արևմտյան կողմից էր։ Արևմտյան մուտքի պատկերաքանդակից մոտ 60 սմ ներքև երեք երկար տողերով քանդակված էր Ցղնայի իշխանների անթվակիր արձանագրությունը, որոնք իրենց միջոցներով ձգտել էին սուրբ Աստվածածին եկեղեցին ավելի գեղեցկացնեն։

Արևմտյան մուտքի աջ և ջախ կողմերի երկու որմնամույթերի և եկեղեցու որմի միջև գտնվող կոնստրուկտիվ կապը վկայում էր, որ մուտքի առջև ժամանակին եղել էր երկու մույթերի հորինվածքով կառուցված մեկ այլ զանգակատուն, որի կառուցման կամ ավերման մասին ոչ մի հիշատակություն չկար։

Ունեցել էր ևս մեկ մուտք հարավային ճակատից։ Այն բացվում էր դեպի եռահարկ զանգակատան մեջ։

Զանգակատուն խմբագրել

Եկեղեցու հարավային մուտքի առջև գտնվում էր եռհարկ զանգակատունը։ Կառուցված էր կարմրավուն երանգ ունեցող սրբատաշ քարերից։ Գմբեթի բարձրությունը 3-4 մետր չափով բարձր էր եկեղեցու ծածկից։

Եկեղեցու նույն քարից կառուցված լինելով ներդաշնակ էր նրա հետ։ Զանգակատան առաջին հարկը հատակագծում կազմված էր երկու հաստահեղույս մույթերից, որոնց թաղակիր կամարները նստում էին եկեղեցու հարավային որմին կցված որմնամույթերի վրա։ Զանգակատան երկրորդ և երրորդ հարկերը բարձրանալով առաջին հարկի ծածկի վրա՝ եկեղեցու հարավային որմի կոնստրուկտիվ կապից ամբողջությամբ անջատվել էին և իրենց կազմությամբ շրջանաձև էին։ Կառուցված էին ութական վեցանիստ կամարակապ գեղեցիկ մույթերով, որի երկրորդ հարկի վրա բազմել էր քարածեն կաթողիկեն։

Եկեղեցու հարավային զանգակատան կառուցման մասին պատմական աղբյուրներում տեղեկություններ չկան։ Կառուցվածքի և պատկերաքանդակներից ենթադրվում էր, որ այն կառուցվել էր 16-րդ դարի վերջերին։ Առաջին հարկում կար մի քանի 17-րդ դարի տապանաքարեր։

Պատկերաքանդակներ խմբագրել

Վանական համալիրը առանձնանում էր իր ճոխ զարդաքանդակներով և պատկերաքանդակներով։

Եկեղեցի խմբագրել

Սուրբ Աստվածածին եկեղեցու արևմտյան մուտքը երիզված էր եռաշարք քանդակազարդով։ Կամարից ներքև՝ քառանկյուն շրջանակի մեջ ագուցված էր մանուկ Հիսուս Քրիստոսը գրկին նստած Աստվածամոր թագադրման բարձրաքանդակը։ Արտահայտիչ և երանությամբ լցված դեմքով բազմած էր Աստվածամայրը, որի գլխ ուղղությամբ քանդակված էին երկու հրեշտակներ, որոնք թագը դնում էին Աստվածամոր գլխին և հայացքները հառել էին դեպի երկինք։ Հրեշտակներից ներքև՝ Աստվածամոր երկու կողմերում, քանդակված էին բարձրաքանդակի քանդկման տարեթիվը՝ ԹՎ(ի)Ն ՌՃԼԲ (1683)։ Այս պատկերաքանդակը նման էր 17-րդ դարի 70-ական թվականների վերակառուցված Ագուլիսի Սուրբ Քրիստափոր եկեղեցու արևմտյան մուտքի ճակատակալ քարին Զաքարիա Ագուլեցու կողմից պավիրված Աստվածամոր պատկերաքանդակին։ Ենթադրվում էր, որ այդ երկու պատկերաքանդակները քանդակել էր միևնույն քանդակագործը։

Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային մուտքը ևս երիզված էր եռաշարք քանդակազարդով։ Մուտքի կամարի տակ, քառանկյունի շրջանի մեջ, քանդակված էին Պողոս և Պետրոս առաքյալների ծնրադիր պատկերաքանդակները, որոնք իրենց գլուխների հավասարությամբ վեր էին բարձրացրել շղթայաձև և կանոնավոր շրջանագծի մեջ քանդակված քառաթև խաչապատկերը։ Պողոս առաքյալն իր ձախ ձեռքում բռնած ուներ նաև կշեռք։

Զանգակատուն խմբագրել

Զանգակատան առաջին հարկի երկու մույթերի հարավային ճակատներում, կամարների ուղղությամբ, ուղղանկյունի և դեպի ներս գլանաձև որմնախորշերի մեջ բավականին մեծությամբ քանդակված էին մեկական բարձրաքանդակներ։

  1. Զանգակատանը արևմտյան մույթի որմնախորշում քանդակված էր «Քրիստոսի խաչելությունը», որի մարմնի վրա ցայտուն կերպով ընդգծվում էին նույնիսկ գամերի և գեղարդի խոցվածքի հետքերը։ Այս քանդակի որմնախորշից վերև, երկրորդ շարքի շարվածքի արևելյան կողմում քանդակված էր շրջանագծի մեջ առնված ճաճանչավոր արեգակի պատկերը։ Որմնախորշից ներքև, մույթի անկյունային մասում, քանդակված էր աղավնու պատկեր։
  2. Զանգակատան արևելյան մույթի որմնախորշում քանդակված էր թագակիր «Աստվածամոր» կանգուն պատկերաքանդակը։ Աստվածամոր դեմքը և հագուստը պատկերավոր և արտահայտիչ էին և կանգնած էր ձեռքերը կրծքին խաչած։ Աստվածամոր աջ կողմում, գլխի ուղղությամբ, քանդակված էր հրեշտակի փոքրիկ և կանգուն պատկերը, որն իր ձախ ձեռքը դրել էր Աստվածամոր թագի վրա։ Ինչպես արևմտյան այնպես էլ արևելյան որմնախորշի շրջակայքում կային ճաճանչավոր արեգակի և աղավնու համանման քանդակներ։

Մ․ Փափազյանը զանգակատան վերաբերյալ հիշատակում էր[8]

  «Սոյն զանգակատան արևմտեան երկու սիւների միոյն վրայ նոյնպես քանդակուած են Ադամ և Եւայի մերկ և փոքրադիր պատկերները․ միւս սեան վրայ մի հրեշտակ ձեռին կշիռ բռնած»  

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Այվազյան Արգամ, Նախիջևանի հայկական ճարտարապետության հուշարձաններ (խմբ. Շահբազյան), ««Հայաստան»», 1986, էջ 224։
  2. «Նախիջեւանում հայկական հուշարձանները վանդալիզմի են ենթարկվում» (արխիվացված
  3. Մատենադարան, ձեռագիր թիվ 4175, էջ 376ա, 375բ
  4. Մատենադարան, ձեռագիր թիվ 1184, էջ 198բ, 199ա
  5. Ղևոնդ Ալիշան, Սիսական, էջ 342
  6. Երվանդ Լալայան, Գողթն, արտատպված «Ազգագրական հանդեսից», Թիֆլիս, 1904 թվական, էջ 82-83
  7. «Մայր ցուցակ ձեռագրաց սրբոց Յակոբեանց», հատոր 8-րդ, կազմեց՝ Նորայր եպս. Պողարեան, Երուսաղեմ, 1977 թվական, էջ 122
  8. Մ․ Փափազյան, Գողթան գավառ, լուսանկարչական ալբոմ, Վաղարշապատ, 1890 թվական, թիվ 304

Գրականություն խմբագրել

  • Այվազյան Արգամ, «Նախիջևանի հայկական ճարտարապետության հուշարձաններ», Երևան, 1981 թվական
  • Երվանդ Լալայան, «Գողթն։ Օրդուբադի կամ Վերին Ագուլիսի ոստիկանական շրջան» Թիֆլիս, 1904 թվական