Սուզարկղ, կեսոն (ֆր.՝ caisson՝ արկղ), 1․ Սուզարկղը շինարարության մեջ, պատող կոնստրուկցիա՝ ջրի տակ կամ ջրահագեցած գրունտում ջրից ազատ (դուրս է մղվում սեղմած օդով) աշխատանքային խցիկ ստեղծելու համար։ Գլխավորապես կիրառվում է հիմքերի, կամուրջների, հիդրոտեխնիկական կառույցների կառուցման ժամանակ։ Սուզարկղը սովորաբար պատրաստում են երկրի մակերեսին և գրունտի մեջ են ընկղմում սեփական զանգվածի վերսուզարկղային կառուցվածքի զանգվածի շնորհիվ՝ գրունտի մշակմանը զուգընթաց։ 2․ Սուզարկղը նավանորոգման մեջ, նորոգման կամ զննման նպատակով նավի ջրասույզ մասի մասնակի չորացման սարք։ Իրենից ներկայացնում է փայտե կամ մետաղե արկղ, որի ներսի կողմն ունի կտրվածք՝ նավի իրանի չորացվող տեղամասի շրջագծի ձևով։ 3․ Սուզարկղը ձուլման արտադրության մեջ, աղյուսից կամ երկաթբետոնից պատրաստված սարք, որը հորային կաղապարման դեպքում պատրաստվում է կաղապարի պատերը ամրացնելու և կաղապարի մեշ գրունտային ջրերի ներթափանցումը կանխարգելելու համար։ 4․ Սուզարկղ մետալուրգիայում, պողպատե տուփեր, որոնք հովացվում են նրանցում շրջանառություն կատարող ջրով։ Այս սուզարկղից են պատրաստվում հորանային վառարանների պատերը։ Դրանք կիրառվում են մարտենյան վառարաններում՝ գազի անցուղիները հովացնելու համար։ 5․ Սուզարկղը ավիացիայում, սնամեջ տուփանման լոնժերոն (ողնափայտ), որը կրում է ինքնաթիռի թևի վրա ազդող ծռման և ոլորման ճիգերը։

Procédé Triger

Տես նաև խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուզարկղ» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 183