Սոճի հիմալայան
Սոճի հիմալայան | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Pinus excelsa Wall. | ||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||
Սոճի հիմալայան (լատ.՝ Pinus excelsa Wall.), սոճազգիների ընտանիքի, սոճի ցեղի բույս։
ՆկարագրությունԽմբագրել
Մշտադալար, հզոր, չափազանց գեղեցիկ ծառեր են՝ 30-50 մ բարձրությամբ, լայն բրգաձև սաղարթով։ Ազատության մեջ աճող տեսակների սաղարթը սկսվում է անմիջապես գետնի մակերեսից։ Փշատերևները փնջերի մեջ հավաքված են 5-ական, սովորաբար գեղեցիկ ձևով կախված են դեպի ցած, որից բույսի դեկորատիվ արժանիքները շատ են մեծանում։ Ծառի վրա մնում են 3-4 տարի, մոխրականաչավուն են, 10-18 սմ երկարությամբ և մոտ 0,75 մմ լայնությամբ, կապտավուն հերձանցքային շերտիկներով։ Կոները համարյա բրգաձև են, երկար կոթունների վրա, մեկական հատ կամ խմբերով, ուղիղ կամ թեթևակի կորացած, սկզբում կանաչ, հասունանալիս՝ կապտավուն երանգով։ Ունենում են 15-25 սմ երկարություն և 5-7 սմ լայնություն։
ՏարածվածությունԽմբագրել
Տարածված է Հինդուկուշի լեռներում, մինչև Հնդկաստան և Բութան, որտեղ 1500-4000 մ բարձրության վրա ընդարձակ անտառներ է կազմում, հիմնականում հիմալայան մայրիի, երկարատերև սոճու և այլ փշատերև ծառատեսակների հետ միասին։ Ցամաքային շրջաններում (օրինակ՝ Ղրիմի հարավային ափերին) վատ է աճում, խիստ տուժում է երաշտից։ Համեմատաբար լավ է աճում այնպիսի վայրերում, որտեղ խոնավությունը առատ է։
Հայաստանում հանդիպում է Ախթալայի պարկում, որտեղ 55-60 տարեկան հասակում հասնում է 14-18 մ բարձրության և 18-24 սմ բնի տրամագիծ է ունենում։ Սաղարթի լայնությունը կազմում է 6-8 մ։ Ըստ բարձրության՝ միջին աճը կազմում է 25-33 սմ։ Լավագույն պայմաններում հանդիպում են այնպիսի ծառեր, որոնց բարձրությունը կազմում է 18,5 մ, իսկ բնի տրամագիծը՝ 42 սմ։ Պտղաբերում է նորմալ, սերմերը ծլունակ են, ինքնացան չի տալիս։ Ցրտադիմացկուն է, սակայն փշատերևները հաճախ այրվածքներ են ստանում։ Վատ ոռոգման հետևանքով վերջին տարիներին աճը խիստ դանդաղել է, կազմելով 15-20 սմ։ Սաղարթը նոսր է և խիստ ցանցառ[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 64։