Սոլֆեջո (իտալ.՝ solfeggio, սոլ և ֆա հնչյունների անվանումից), երաժշտատեսական և գործնական առարկա, որ կոչված է զարգացնելու սովորողների մեղեդիական ներդաշնակային, բազմաձայնային և տեմբրային լսողությունը, ռիթմի զգացումն ու երաժշտական հիշողությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվում ներքին լսողության՝ նոտային տեքստը սոսկ նայելով՝ երաժշտությունը ներքուստ լսելու և ըմբռնելու ունակության զարգացմանը։ Ուսուցումը տարվում է երգեցողության, թելադրության և վերլուծական ունկընդրության միջոցով, նյութ են ծառայում նպատակային վարժությունները և երաժշտական գրականությունից ընտրված հատվածները։ Խորհրդային երաժշտական հաստատություններում ընդունված է սոլֆեջոյի լադային հիմքով ուսուցման մեթոդը (ի տարբերություն ինտերվալային)։

Հայաստանում երգիչների լսողական կարողության դաստիարակումը տեղ է գտել դեռևս միջնադարյան երաժշտակրթական համակարգում (հատկապես Ներսես Շնորհալու ժամանակաշրջանում)։ Այդ նպատակով օգտագործել են «մանրուսման» ժողովածուների որոշ բաժինները, սոլֆեջոյի ուսուցումը համատեղելով մոնոդիկ երաժշտության լադամեղեդիական հատկանիշների յուրացման հետ։ Ներկայում գոյություն ունեն հայկական ժողովրդական և կոմպոզիտորական երաժշտության հիման վրա գիտամեթոդական ժամանակակից սկզբունքներով կազմված՝ Ռ․ Աթայանի և Մ․ Տերյանի, Ց․ Բեքարյանի և Յու․ Գևորգյանի ու այլոց մասնագիտական ձեռնարկները։ Հնում սոլֆեջոն է կոչվել նաև սոլմիզացիան։ Սոլֆեջոյի ասպարեզում մեծ դեր է խաղում ութակորդը, ինտերվալները և գամման։ Դրանք սոլֆեջոյի հիմքն են։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 493