Մանրուսում, մանրուսմունք, հայ միջնադարյան երգչածիսական մատյան, խազգիրք[1][2]։

Մանրուսման ժողածուները տարածվել են մասնավորապես 12-րդ դարից Կիլիկյան Հայաստանում՝ Ներսես Շնորհալու անմիջական նախաձեռնությամբ։ Որպես առավել բարդ, զարդոլորուն ոճի հոգևոր երգերին վերաբերող ձեռնարկներ՝ սերտորեն առնչվել են եկեղեցական երգեցողության և խազագիտության գործնական ուսուցման հետ։ Կոմիտասը «Մանրուսում» անվանումը բացատրել է որպես «ուսումն եկեղեցական երգերի, եղանակների և խազերի մասին»։ Ներսես Շնորհալին իր «Թուղթ ընդհանրական»-ում քահանաների համար պարտադիր է համարել մանրուսման արվեստի տիրապետումը։ Մ­անրուսման երգերի (մեղեդիներ, ալելուաներ, ժամամուտներ, փառքեր, եղիցիներ, Պատարագի սրբասացություններ և այլն) խազավորումն աչքի է ընկնում խիտ և հարուստ հյուսվածքով, որի համար այդ ժողածուները կոչվել են նաև «խազգրքեր»։

Մ­անրուսման խազերի նկարագրերը տարբերվում են շարականի խազերից։ Ըստ տվյալների՝ Ներսես Շնորհալին է նոր, ածանցյալ բնույթի և բարդ նկարագրով խազերի խումբը ներմուծել այդ ժողածուների մեջ։

Մանրուսումն ամենաքիչ հետազոտված միջնադարյան երաժշտական մատյանն է. հիմնական պատճառը հայ միջնադարյան խազային նոտագրության վերծանման խնդիրն է, թեև ՄՄանրուսման մի քանի մասեր հնարավոր է վերականգնել՝ ըստ Ժամագրքի և Խորհրդատետր­-Պատարագամատույցի հետ ունեցած ընդհանուր բաժինների։ Մանրուսումն ընդհանրություններ ունի բյուզանդական «Փսալտիկոն» և «Պապադիկի» կոչվող երգչական մատյանների հետ։ Մանրուսման երգերի զգալի մի հատված դուրս է եկել գործածությունից ուշ միջնադարում։

Ներկայում Մանրուսումը պահպանում է իր նշանակությունը՝ որպես խազագրության ուսումասիրման կարևորագույն աղբյուրներից մեկը։

Ազգային հավաքածուներում պահվում են բազմաթիվ ընտիր գրչագիր Մանրուսման գրքեր, որտեղ զետեղված են նաև Մ­անրուսման ձայնեղանակների անվանացուցակները, որոնց առաջինն անդրադարձել և հրապարակել է Ղ. Ալիշանը։ Մ­անրուսման խազերի և ձայնեղանակների հետազոտմամբ հատուկ զբաղվել է Կոմիտասը։ Նա դասակարգել է դրանք ըստ ութձայնի և հաշվարկել ձայնեղանակների ընդհանուր քանակը (12-14-դր դարերում՝ 152 չափանմուշ եղանակ)։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Ալիշան Ղ., Շնորհալի և պարագայ իւր, Վնտ., 1873, էջ 448։
  • Ալիշան Ղ., Սիսուան, Վնտ., 1885, էջ 154։
  • Կոմիտաս, Յօդուածներ և ուսումնասիրութիւններ, Ե., 1941, էջ 112–125։
  • Աթայան Ռ., Հայկական խազային նոտագրություն, Ե., 1959, էջ 82–83, 89–92։
  • Թահմիզյան Ն., Ներսես Շնորհալին՝ երգահան և երաժիշտ, Ե., 1973, էջ 12–15։
  • Թահմիզյան Ն., Երաժշտությունը Հայկական Կիլիկիայում, Ե., 1989, էջ 24–25։
  • Մանրուսում։ Հոգևոր երաժշտության պատմության, տեսության և գեղագիտության հարցեր, կազմ.՝ Ա. Արևշատյան, Ե., 2002:
  • Аревшатян А., Сборник «Манрусум» и монастырская певческая традиция XII–XIV вв. Киликийской Армении, сб. “Монастырские певческие традиции в древнерусской музыке” (к 600-летию Кирилло-Белозерского монастыря), СПб, 1997.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։